ՍԵՎ ԱՄՊԵՐ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը նախկինում չբացահայտված կամ, այսպես ասած, փակուղի մտած քրեական գործերին սկսել է նոր ընթացք տալ: Ու քանի որ Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է քննվում, որի կիզակետում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանն է, չի բացառվում` առաջիկայում վերջինիս մասով գործողություններ իրականացվեն:

2015 թվական, Բաղրամյան պողոտա
Այսպիսով, 2015 թվականին` «Էլեկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ, տեղի ունեցած բռնությունների փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Մասնավորապես, մարդիկ մի քանի օր էր, ինչ փակել էին Բաղրամյան պողոտան եւ պայքարում էին, որ էլեկտրաէներգիան չթանկանա: Արդյունքում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց, սակայն, ինչպես ցույց էր տվել փորձը, թիրախում հայտնվեցին մանր ձկները: Իսկ ահա հիմնական հրաման տվողներից որեւէ մեկը դեռես չի կանչվել պատասխանատվության: Իսկ ահա այդ օրը հիմնական հրահանգ տվողը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանն էր:
2016 թվականին մտան Սարի Թաղ
Իրավիճակը նույն էր նաեւ 2016 թվականին հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ Սարի թաղում լրագրողների, ինչպես նաեւ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառվեց: Այս դեպքով եւս ՀՔԾ-ում արդեն 2 տարի է, ինչ քննություն է ընթանում, սակայն վերոնշյալ օրերի հիմնական դերակատարներից եւ պատասխանատուներից ոչ մեկ պատասխանատվության դեռեւս չի կանչվել: Իրավիճակը նույնն էր այս տարի` թավշյա հեղափոխության օրերին: Վերոնշյալ օրը եւս հիմնական հրաման տվողը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալն էր:
Թավշյա հեղափոխությունն ու նռնակը
Իրավիճակը կրկնվեց նաեւ 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, երբ ձայնային նռնակ կիրառվեց, ինչի արդյունքում մի շարք մարդիկ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, բեկորային վնասվածքներ ստացան: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որոնցից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Արդյունքում պարզվեց, որ 2018թ. ապրիլի 16-ին` Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ, ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսեւորել են անփույթ վերաբերմունք, ինչի հետեւանքով պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է` հատուկ միջոցների կիրառման հետեւանքով 54 անձինք ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշված հավաքի ընթացքում հատուկ միջոցների կիրառման հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել «168 ժամ» թերթի լրագրող Անի Քեշիշյանը: Այսպիսով, փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, եւ գործը քննվում է ՀՔԾ-ում:
Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը վերոնշյալ քրեական գործերին նոր ընթացք է տվել: ՀՔԾ-ն սկսեց գործընթացի առաջին քայլերը, մասնավորապես Սարի թաղում տեղի ունեցած բախումների դեպքով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, սակայն թավշյա հեղափոխությունից հետո վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այս գործընթացից հետո իրավապահ համակարգը սկսել է վերոնշյալ գործով անդրադառնալ հիմնական պատասխանատուներին, ու չի բացառվում, որ առաջիկայում Լեւոն Երանոսյանին եւս պատասխանատվության կանչեն: Ավելին` մեզ հասած լուրերի համաձայն` վերոնշյալ գործերով չի բացառվում, որ ՀՔԾ հրավիրվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը իրադարձությունների ժամանակ եղել է Երեւանի ոստիկանապետը եւ ականտես է եղել կատարվող գործողություններին:
ՀՔԾ պետը
պատասխանատվության մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասով զրուցեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, Էլեկտրիկ-Երեւան, Սարի թաղ, ինչպես նաեւ այս տարվա ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման գործին նոր ընթացք եք տվել, եւ չի բացառվում, որ Լեւոն Երանոսյանին պատասխանատվության կանչեք: Իրեն կանչե՞լ եք կրկին հարցաքննության, եւ կոնկրետ նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:
-Եթե նկատել եք, մենք հարցաքննված անձանց մասին տեղեկատվությունը ամբողջ ծավալով չենք տալիս, եւ այս պահին ձեռնպահ կմնամ այդ տեղեկատվությունը տալուց:
-Ինչպես գիտենք, վերոնշյալ դեպքերին ականատես է եղել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը այդ ժամանակահատվածում եղել է Երեւանի ոստիկանապետը: Իր մասով ի՞նչ եք պատրաստվում անել, քանի որ տեղեկություններ կան, որ նրան եւս առաջիկայում կկանչեք հարցաքննության:
-Եթե քրեական գործով նման անհրաժեշտություն լինի, չկա նման պաշտոնատար անձ, որին կանչելու հարցում կաշկանդվածություն լինի:
-Անգամ եթե ներկայիս իշխանությունների կողմից նա նոր պաշտոնի՞ է նշանակվել:
-Իշխանության հետ լինելու կամ չլինելու խնդիր չկա, գոյություն ունի քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահատման խնդիր, այդ հանգամանքների բացահայտման խնդրից ելնելով է, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է այս կամ այն անձին հարցաքննության կանչել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանից հետաքրքրվել, թե իրեն կանչել են հարցաքննության, թե ոչ, մեղադրանք առաջադրվել է, թե ոչ: Սակայն նա խուսափեց մեր հարցերին պատասխանելուց` ասելով. «Վատառողջ եմ, ինձ զանգահարեք երկու օրից, չեմ կարող խոսել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԵՂԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
Իրավապահ համակարգը տարբեր ժամանակահատվածում բացահայտել է, թե ինչպես են պաշտոնատար անձինք տարբեր ճանապարհով վարորդական վկայականներ վաճառել քաղաքացիներին: Ավելին` անգամ հանցավոր խումբ է ստեղծվել, որը զբաղվել է Վրաստանից ժամանած անձանց համար 200 ԱՄՆ դոլարով օրինական վարորդական վկայականներ վաճառելով: Այսպիսով, Արամ Քոչոյանը ունեցել է համակարգչային ծրագրավորման ոլորտում լավ գիտելիքներ, եւ նրա ծանոթ Մարիանա Հարությունյանը 2017թ. ընթացքում նրան առաջարկել է կոնկրետ գումարի դիմաց տարբեր փաստաթղթեր կեղծել եւ իրացնել: Արդյունքում վերջիններս համագործակցել են եւ ստեղծելով հանցավոր խումբ` գործի են անցել: Վերջիններս այն աստիճանի են խորացել, որ գործում ներգրավել են տարբեր այլ քաղաքացիների: Մասնավորապես Շոթա Կարոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով Վրաստանի քաղաքացի եւ Վրաստանի հայաշատ բնակավայրում ունենալով մտերիմ կապեր, ստանձնել է 110-130 հազար դրամի շրջանակներում ձեռք բերել ՀՀ վարորդական վկայականներ:
Զոհրակ Սողոմոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ծանոթ Արշալույս Նանայանին տեղեկացրել է, որ իր մոտ ունի վարորդական «Դ» կարգ ստանալու համար նախնական ուսուցումն ավարտելու փաստը հաստատող չլրացված վկայական: Արդյունքում տղաները գտել են քացաքացու, որը ցանկացել է, որ իր վարորդական վկայականում «Դ» կարգ ներառեն, եւ ահա կլորիկ գումարի դիմաց նրանք գնացել են այդ քայլին: Տեղեկացանք, որ վերոնշյալ անձանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ահա մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«Դիլիջան պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները հայտնվել են դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. հուլիսի 9-ին Գոհար Անտոնյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել, որ ԿԳՆ-ն իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչի, նախկին աշխատանքում վերականգնի եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձի: Այս գործը քննելու է դատավոր Արմենուհի Բադիրյանը:

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր հրամանով ժամանակավորապես կասեցվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու` ոստիկան Սերգեյ Գասպարյանի լիազորությունները Վարդավառի տոնին Կոտայք գյուղում 13-ամյա աղջկա եւ նրա հոր նկատմամբ, հարազատների պնդմամբ, բռնություն գործադրելու գործով ծառայողական քննություն իրականացնելու համար: Օսիպյանը հավելեց, որ քրգործ հարուցված չէ, գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն հետագա ընթացքը որոշելու համար:

 

 

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՒՄԱՐ
Վերջին երկու ամիսների քննչական գործողությունների արդյունքում նոր Կառավարությունը պետությանը հասցված ավելի քան 20 միլիարդ դրամի վնաս է վերականգնել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքը բացառապես հարկային պարտավորություններին է վերաբերում. «Հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ,որը հիմա պետք է վճարվի: Այստեղ 42 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը երկու ամսվա ընթացքում: Սա շատ կարեւոր ցուցանիշ է, եւ կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Երկու ամիս, որից կես ամիսը առնվազն ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա, այսինքն սա իրականում մեկ ու կես ամսվա ցուցանիշ է»: Վարչապետը նաեւ պնդել է, որ այս թիվը պետությանը հասցված վնասի չնչին մասն է՝ վստահեցնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետական բյուջե կվերադարձվի շատ ավելի մեծ գումար:

 

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ «ՄԱՐՏԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ
Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր ծախսերը, կատարվել է ընդհանուր 26 միլիոն 191 հազար 377 ՀՀ դրամի գերածախս»: Այդպիսով խախտվել են «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 5.5 կետի պահանջները, ինչի արդյունքում, ըստ հաղորդագրության, էական վնաս է պատճառվել հիմնադրամին` առաջացնելով ծանր հետեւանքներ: Դեպքի առթիվ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով` «առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: «Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում:




Լրահոս