Երկրապահ կամավորական միության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիմա լուրջ խնդիրներ են սկսվել տարածքային կառույցներում: Բանն այն է, որ երեկ Էջմիածնի Մշակույթի տանն էին հավաքվել մեծ թվով ազատամարտիկներ, այդ թվում չգործող ԵԿՄ-ականներ եւ որոշել էին ընտրել ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի նոր վարչություն եւ վարչության նախագահի պաշտոնակատար: Սակայն դրան զուգահեռ ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի մոտ ազատամարտիկների մեկ այլ թեւ էր գտնվում, ովքեր պնդում էին, թե ԵԿՄ-ի Էջմիածնի տարածքային կառույցի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար արդեն ընտրվել է, եւ որոշումն էլ հաստատվել է ԵԿՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանի կողմից, ընդ որում` ցուցադրելով համապատասխան հրամանը:
Ըստ այդ որոշման` Մանվել Գրիգորյանի որդին` Արման Գրիգորյանը, ազատվել է նախագահի պաշտոնից, եւ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են Մաթեւոս Ներսիսյանի վրա: Իսկ ահա մյուս կողմը, ովքեր հավաքվել էին Մշակույթի տանը, դա անօրինական որոշում էին համարում` ասելով, թե Արա Կետիկյանն իրավասու չէ որոշում կայացնել` պնդելով, որ այսպես Մանվել Գրիգորյանի թիմը կրկին վերարատադրվում է:
Իրականում այս պատմությունը խորը արմատներ ունի եւ կապված է այն հանգամանքի հետ, որ ԵԿՄ-ի անդամ չհանդիսացող ազատամարտիկները, ովքեր նեղացած են եղել Մանվել Գրիգորյանից եւ սառեցրել են անդամակցությունը, այժմ չեն ցանկանում այդ պաշտոնում տեսնել Արամ Սարգսյանին, եւ այդ թեւն արդեն իսկ որոշում է կայացրել առաջադրել Արայիկ Խուդավերդյանի` Կոռնիձորի Արայիկի թեկնածությունը: Ընդ որում` նա երեկ իր թիմով նույնպես ներկա էր Մշակույթի տան ազատամարտիկների հավաքին` ասելով, որ Արամ Սարգսյանը չի կարող դառնալ ԵԿՄ նախագահ եւ 12-ից ավելի հասարակական կազմակերպություններ հենց իրեն են տեսնում այդ պաշտոնում:
Եվ քանի մոտենան ԵԿՄ նախագահի ընտրությունները, այսպիսի դեպքերի կհանդիպենք նաեւ ԵԿՄ մյուս տարածքային կառույցներում, քանի որ Խուդավերդյանի թիմն այսպես որոշել է լինել ամենուր` անօրինական համարելով գործող ԵԿՄ-ականների որոշումները:
Նաիրա Հովհաննիսյան