Լա՞վ է, թե՞ վատ. Հայաստանը դարձավ հարուստ երկիր և զրկվեց օգնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը ցածր-միջին եկամուտներ ունեցող երկրից բարձր-միջինի, ինչի հետեւանքով Հայաստանը մեխանիկորեն դուրս է մնացել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրից: Այս մասին նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` մանրամասներ ներկայացնելով ԱՄՆ կատարած այցից:
Ինչպես հայտնի է, դեռ 2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնել էր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են: 2006 թվականին կորպորացիայի եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրվեց աջակցության համաձայնագիրը, որի իրագործումը, սակայն, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների պատճառով մնաց անավարտ:

Հայտնի է, որ դեռեւս 2006 թ. սկիզբ առած հնգամյա ծրագրով նախատեսվում էր շուրջ 235 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին 940 կմ գյուղական ճանապարհների վերականգնման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի համար: Սակայն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տասն օր անց կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ էր հղել, որում ընդգծել էր, թե Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են բացասաբար ազդել ծրագրի շրջանակներում երկրի ֆինանսավորման վրա: Այդպես էլ եղավ. հետընթացը նկատվեց, եւ ծրագիրը վաղաժամկետ դադարեցվեց 2011 թ. աշնանը: Արդյունքում 235 միլիոն դոլարից ծախսվեց 177 միլիոնը: Հայաստանը տեւական ժամանակ չէր կարող «Հազարամյակի մարտահրավներ»-ից որեւէ ծրագիր ակնկալել, որովհետեւ այնտեղ կան չափանիշներ, որոնց Հայաստանը չէր բավարարում: Այդ չափանիշերի մեջ կային ժողովրդավարության հետ կապված գնահատականներ, կոռուպցիայի ինդեքսներ, թափանցիկության եւ այլ ցուցանիշներ։ Իսկ մարտի 1-ի արդյունքում իշխանության եկած ուժը չէր կարող համարվել ժողովրդավար:

2008 թվականից հետո առաջին անգամ 2013 թվականին Հայաստանը համապատասխանեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափանիշներին եւ կարող էր դիմել ֆինանսավորում ստանալու համար։ «Հազարամյակի մարտահրավերներից» օգտվելու հնարավորությունը ձախողվեց նաեւ 2013-ին:
Եվ ահա Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն բարձրացրեց Հայաստանի վերաբերյալ որոշումը վերանայելու հարցը, եւ այդ հարցի վերաբերյալ քայլեր փորձեցին ձեռնարկել արդեն Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը: Սակայն հիմա էլ հնարավոր չէ միանգամայն այլ պատճառներով. ՀՀ-ի վիճակը գնահատվում է այնքան լավ, որ այլեւս օգնության կարիք չունի:

Բոլոր երկրների համար առկա է քարտ, որով գնահատվում է երկրի ցուցանիշները: Ընդ որում` այդ ցուցանիշների կազմման համար կորպորացիան օգտվում է տարբեր հեղինակավոր աղբյուրներից (Համաշխարհային բանկ, Freedom House, Արժույթի միջազգային հիմնադրամ եւ այլն): Բանն այն է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ֆինանսավորում է ժողովրդավարական արժեքները հարգող ցածր եկամուտներ ունեցող երկրներին միայն: Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի երկրի եկամուտները գնահատվեն «ցածր միջին»-ից ոչ ավել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն լինի 3896 ԱՄՆ դոլարից պակաս:
Համադրելով տվյալները` տեսնում ենք, որ 2016-2017 ֆիսկալ տարում Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3760 դոլար, իսկ օրինակ 2017-2018 ֆիսկալ տարում այդ ցուցանիշը հասավ 4000 դոլարի: Այդ հիմքով Համաշխարհային բանկը «ցածր միջին» եկամտով երկրների ցանկից Հայաստանը տեղափոխեց «բարձր միջին» երկրների ցանկ: Ըստ այդմ` Հայաստանը կրկին դուրս կմնա «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի դրամաշնորհների համար հայտ ներկայացնելու իրավունք ունեցող երկրների ցանկից:
Եվ այստեղ կարծես թե հակասություն է առաջանում` լա՞վ է, որ Հայաստանը դուրս է մնացել այդ ծրագրից, թե՞ վատ: Թերեւս կարծիքները կարող են կիսվել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս