«Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի. փոխվարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ.

Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ Հենց այս գնահատականի նպատակով ձևավորվել և արդեն իսկ գործում է աշխատանքային խումբ, որն, անկասկած, հաջողությամբ կիրականացնի այն առաքելությունն, ինչի համար կոչված է, այն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրում ու իրագործում։

Միևնույն ժամանակ չենք կարող անուշադրության մատնել և չարձանագրել խորը մտահոգություն առաջացնող նոր ի հայտ եկած փաստերը, որոնք չպետք է վրիպեն նաև խնդրով զբաղվող մարմինների ուշադրությունից։ «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի։

Մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Ամուլսարի ու ընդհանրապես ողջ Հայաստանի բնության պահպանմամբ մտահոգ և, անկասկած, ազնիվ նպատակներ հետապնդող բնապահպանների ծավալած պայքարից չեն փորձում օգտվել և օպորտունիստական վարքագիծ դրսևորել նեղանձնական շահեր հետապնդող սուբյեկտներ։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորն է։ Այս նպատակով ի հայտ եկած բոլոր փաստերն իրավունքի և օրենքի գերակայության, տնտեսական ազատությունների անվերապահ պահպանման սկզբունքերի հիման վրա պետք է օբյեկտիվ քննության ենթարկվեն։

Հայաստանի տնտեսական շահերը, միջազգային վարկանիշը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական ազնիվ պայքարը չեն կարող ու չպետք է շահագործման առարկա դառնան պատեհապաշտների ձեռքում:




Լրահոս