Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում կարևոր շեշտադրումներ կան. ինչ է առանձնացրել Մհեր Շահգելդյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ առաջադրելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ ներկայացնելու մասին:

Շահգելդյանը նշեց, որ իրենք բազմիցս բարձրաձայնել են Մարտի 1-ի բացահայտման կարևորության մասին: «Այսօր մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում իրավական գործընթաց, և մենք կսպասենք դրա ավարտին: Միաժամանակ հույս ունենք, որ կողմերն օբյեկտիվ քննության շրջանակներում կկարողանան ներկայացնել իրենց տեսակետները»,- ասաց Շահգելդյանը:

Դիտարկմանը, որ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է որակում, Շահգելդյանը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի քանի այլ շեշտադրումներ առանձնացրեց: Մասնավորապես, ՕԵԿ փոխնախագահը հիշեց Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև պայմանավորվածությունների և հանդիպման մասին Քոչարյանի խոսքը, այդ թվում` 2008 թվականին նախագահական ընտրություններից 1 ամիս անց տեղի ունեցած հանդիպման մասին:

Շահգելդյանի մոտ հարց է ծագել` եղե՞լ են արդյոք պայմանավորվածություններ նաև մինչև  ընտրությունները, և ինչո՞ւ են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը թիրախավորում Արթուր Բաղդասարյանին. «Սրանք հարցեր են, որոնք պետք է բացահայտվեն: Դրանից հետո մենք կտանք մեր մոտեցումները և գնահատականները»,- նկատեց Շահգելդյանը:

ArmLur.am-ի դիտարկմանը, որ հայտնի ցուցակում նշվում է նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անունը, Շահգելդյանը հստակեցրեց, որ Բաղդասարյանն իրեն Մարտի 1-ով մեղավոր չի ճանաչում. «Որևէ հիմք չկա: Արթուր Բաղդասարյանն Անվտանգության քարտուղար է նշանակվել 2 ամիս հետո»,- եզրափակեց Շահգելդյանը:




Լրահոս