«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ կառավարությունը որոշել է հրաժարվել թերթերի բաժանորդագրումից աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Ընդ որում` այդ որոշումը կայացրել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ վերջինս այդ քայլից տեղյակ չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ասուլիսից հետո Փաշինյանն ի՞նչ ընթացք է տվել հարցին: Մեզ հետ զրույցում աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ վարչապետի հետ այդ թեմայով զրույց ունեցել են, եւ նա վերջինիս բացատրել է իր որոշման պատճառները: Ավելին` Աղաջանյանը նշեց, որ շրջաբերական է պատրաստվում եւ ուղարկվելու է աշխատակիցներին, որպեսզի պարզ դառնա` աշխատակիցներն ունեն թերթերի կարիքը, թե ոչ: «Վերջին մի քանի տարվա ունեցած մեր տեղեկատվությամբ` վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանրապես ոչ ոք թերթերից չի օգտվել, եւ սպառում չի եղել: Ես` որպես աշխատակազամի ղեկավար, պատրաստ եմ օպտիմալացնել ծախսերը եւ հաշվի առնելով, որ որեւէ սպառում չի եղել` որոշումը կայացվել է, քանի որ թերթերը եկել են եւ այդպես թարմ գնացել պահեստ: Շրջաբերականի արդյունքներից պարզ կլինի. միգուցե որոշ թերթերի բաժանորդագրությունը պահպանվի, միգուցե բոլորից էլ հրաժարվենք», – նշեց նա:
Նկատենք, սակայն, որ ոչ բոլոր թերթերն են անուշադրության մատնվում: Համենայն դեպս, առաջատար թերթերը, իսկ դրանք ընդամենը մի քանիսն են, այնուամենայնիվ, ընթերցվում են: ՈՒ բացի այդ, կառավարությունում չէր խանգարի սերմանել թերթ ընթերցելու մշակույթը, այլ ոչ թե օրեցօր ավելի ընկղմվել ֆեյսբուքի կամ ընդամենը սկանդալային հորինված բամբասանքներ տարածելու համար ստեղծված կայքերի մեջ` լուրջ ընդունելով այնտեղից թելադրված կեղծ օրակարգը: Ինչ-ինչ, բայց առաջատար տպագիր թերթերում կարելի է գտնել այն սթափ միտքը, որ ուրիշ տեղ հաստատ չկա: ԵՒ վստահ ենք, այս հարցում համակարծիք է նաեւ պարոն Փաշինյանը: