Եթե Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվի, բացի խոշտանգումից, այլ որակում չի կարելի տալ. փաստաբանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի. պատճառն առողջական վիճակն է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, հիմա Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ինչպե՞ս է:

-Վատ է: Այսօր ավելի վատ էր: Ամեն օր ավելի վատ է, քան նախորդ օրը: Ես օրական 2 ժամ իրեն տեսակցում եմ: Մարդուն ամեն օր որ տեսնում ես, թվում է, թե նույնը պիտի լինի, բայց ես ամեն օր աչքիս առաջ տեսնում եմ, որ վատանում է առողջական վիճակը:

-Իսկ ստուգումներն ու դեղերն ապահովվո՞ւմ են:

-Որքան որ դա հնարավոր է, արվում է: Բայց շաքարի ցուցանիշն օր օրի ավելի է բարձրանում, դա ակնհայտ է: Իր մոտ թոքի քաղցկեղ է: Քիմիաթերապիա պետք է անցկացվի, ու արդեն ուշացվել է: Ֆրանսիայի Լաբրաստ կլինիկայի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ կրծքային վիրաբույժի համատեղ կոնսուլտացիայի արդյունքում նշվել է, որ հաշվի առնելով հիվանդի մոտ քաղցկեղի, ուռուցքի մանր բջջային ագրեսիվությունը` հիվանդի գտնվելը նման վայրում արգելվում է: Հիվանդը կարիք ունի երկարատեւ քայլելու: Բուժումը Փարիզում պլանավորված էր հունիսի 13-ին, բայց դա տեղի չունեցավ հիվանդի կալանավորման պատճառով: Հետազոտություններ հիվանդը պետք է անցնի անհապաղ: Որոշ հետազոտություններ Հայաստանում չեն էլ արվում: Այստեղ ուղղակի կյանքի ու մահվան առջեւ ենք կանգնել:

-Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ առաջիկայում այս հիմքով Մանվել Գրիգորյանն ազատ արձակվի:

-Ես ոչ թե հնարավորություն տեսնում եմ, այլ վստահ եմ, որ եթե Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվի, այս հիվանդությունների առկայության պայմաններում, բացի խոշտանգումից, այլ որակում չի կարելի տալ սրան: Կստացվի, որ մարդուն միտումնավոր խոշտանգում են` իմանալով այն փաստերը, որ ակնհայտ են: Դրանք այն փաստերն են, որ ակնհայտ են կալանավայրի բժշկի, դատախազության, վարույթ իրականացնող մարմնի համար: Եթե մենք օրենքի երկիր ենք, Գրիգորյանն անհապաղ պետք է ազատ արձակվի, իսկ եթե հին երկիրն ենք, այն, որ կար, այդ դեպքում կարող է եւ ազատ չարձակվի: Ես մտածում եմ, որ վարչապետի բռնած ուղին եւ իշխանությունների` կոռուպցիայի դեմ պայքարը, նաեւ դատարանների անկախությունը պետք է տանեն նրան, որ եթե կալանքն անհամատեղելի է իր հիվանդությունների հետ, այո՛, պետք է ազատ արձակեն: Միջնորդությունը Գլխավոր դատախազին ներկայացված է: Եվ ես մտածում եմ` եթե միտում չկա Մանվել Գրիգորյանին դաժանաբար խոշտանգելու, միջնորդությունը կբավարարվի:

-Մ. Գրիգորյանը շարունակո՞ւմ է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ այնուամենայնիվ բան է փոխվել:

-Այդ մեղադրանքը զարհուրելի է: Դա հնարավոր չի ցանկության դեպքում անգամ ընդունել: 179-րդ հոդվածի դիսպոզիցիայում ասվում է, որ յուրացրել է կամ վատնել է հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով: Այսինքն` հոդվածը նախատեսում է, որ պետք է լինի մեկը, որը վստահել է այդ գույքը: Մենք չունենք այդ վստահողը եւ տուժողը: Այնքան անլուրջ, ֆեյսբուքյան մեղադրանք է, որ սրանից պաշտպանվելն իմաստ էլ չունի:

-Իսկ այն, ինչ ցուցադրվեց ԱԱԾ տեսանյութում:

-Ախր այդ տեսանյութը հենց նրա համար էլ մոնտաժվել եւ հանրությանը հասանելի էր դարձել, որպեսզի ուղղակի հանրային կարծիք ձեւավորի որոշակի խմբերի մոտ, որոնք որոշակի անձանց շահեր են պաշտպանում եւ ուրախանում, որ Արցախի հերոսին կարող են այդպիսի բանի մեջ մեղադրել, դա ստացվեց: Իհարկե, վերլուծելու ունակություն ունեցող մարդիկ եզրակացություն արել են, որ սա ֆեյսբուքյան քարոզարշավ էր: Սա զավեշտ է, ոչ թե մեղադրանք: ՀՔԾ-ն ստիպված է եղել հանրային պահանջի, տեսանյութերի, մուլտիկների, սարքած բաների տակ այդ մեղադրանքն առաջադրի: Մեզ մեծ օգուտ է տվել` այդ մեղադրանքն առաջադրելով: Մանվել Գրիգորյանը 2008 թ. բանակի հետ ֆորմալ որեւէ կապ չի ունեցել: ԶԼՄ-ներում տարածում են զինվորի հաց: Ի՞նչ գործ ունի զինվորի հացն այնտեղ, ո՞վ է հանձնել:

-Նախաքննությամբ գուցե պարզվի այդ ամենը` ով է հանձնել եւ այլն:

-Ոչ ոք չի տվել ախր: Այդ ժամանակ Մ. Գրիգորյանը եղել է Ղարաբաղում: Ես եղել եմ Գրիգորյանի հետ միասին: Ինքն ապրիլի 2-ին գնացել եւ վերադարձել է ապրիլյան պատերազմից, երբ այդ սնունդները…նա գաղափար չէր կարող ունենալ այդ մասին: Մարդը դեպքի վայրում չի եղել, երբ այդ սնունդը հայտանբերվել է: Այդ իրերը հայտնաբերվել են մի տարածքում, որտեղ դռան հետեւում գրված է տնօրեն: Բայց վերջին 30 տարում նա այնտեղ չի նստել: Որտեղ էլ նստած լինի, պիտի գրված լինի կա՛մ պատգամավոր, կա՛մ ԵԿՄ նախագահ, կա՛մ գեներալ: ՍՊԸ տնօրենի սենյակում Գրիգորյանին տեսնելը հնարավոր չի: Այդ տարածքը վարձակալությամբ է տրված եղել եւ Գրիգորյանի տիրապետության տակ երբեք չի եղել: Եվ հայտնաբերման ժամանակ էլ նա այնտեղ չի եղել: Իր ներկայությամբ դա չի արվել: Այդ ամենը արվել եւ մատուցվել է հանրությանը, որ ինչ-որ կերպ կապվի հանրության հետ:

-Իսկ արդյոք Դուք տեղեկացրե՞լ եք Մանվել Գրիգորյանին, որ իրեն Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկել են: Եվ ինքն ի՞նչ է մտածում սրա վերաբերյալ:

-Ինքը տեղյակ է, իհարկե: Բայց, ճիշտն ասած, Մանվել Գրիգորյանի մտածածը չեմ ասի: Այսօր ինչ իմաստ ունի պատվավոր քաղաքացի լինել մի քաղաքի, որտեղ քաղաքի ավագանին եւ քաղաքապետի ժ/պ-ն ուրիշ, ավելի լուրջ զբաղմունքները թողած` զբաղվում են պատվավոր քաղաքացիներին այդ կոչումից զրկելով: Դա անլուրջ է: Մանվել Գրիգորյանն, իհարկե, իր հերթին, իր ժամանակին, եթե առողջությունը ների, կանդրադառնա այդ հարցին, բայց դրա համար պետք կլինի, որ այդ քաղաքը կրկին դառնա պատվավոր, որովհետեւ այդ քաղաքը տվել էր Արցախի հերոս: Իսկ նոր քաղաքապետի, նոր ավագանու ժամանակ դեռ չգիտենք` ինչ է տալու: Եղածը թող կարողանան պահպանել: Քաղաքն իրականում ունի հանապազօրյա խնդիրներ, ինչպիսին են շոգը, մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների վիճակը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս