Բազմաթիվ հարցականներ. Փաշինյանի մասնակցությամբ միջոցառմանը տանիքներին դիմակներով սնայպերներ են եղել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը՝ Բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների բաշխման բացօթյա միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվել․ շենքերի տանիքներին եղել են սեւ դիմակներով, ավտոմատներով զինված սնայպերներ։ Հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ պատրաստվում են կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, մարդիկ հասկացան, թե ինչու են նման միջոցներ ձեռք առնվում։ «Վախենում են հաշվեհարդարից»,- ասաց իրավաբաններից մեկը։

«Գործը շատ հարցականներ է առաջացրել, որոնց պատասխանները չկան այս պահին․ նախ պետք է Քոչարյանի մեղքը հիմնավորված լիներ ԿԸՀ-ով, ՍԴ-ով, որոնք էլ իրենց հերթին «հիմնավորած» կլինեին, որ ընտրված նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ սահմանադրական կարգը տապալել է Քոչարյանը։

Եվ քանի որ նա այդ պահին գործող նախագահն է, պաշտպանական կողմը կպնդի, որ նա կատարել է «իր պաշտոնից բխող գործողություններ», ինչը Սահմանադրությամբ անձեռնմխելիություն է տալիս։ Հետո՝ անհասկանալի է դատախազության, գլխավոր դատախազի դերակատարությունը․ վերահսկո՞ւմ է գործընթացը, համաձա՞յն է այս ամենի հետ։ Հաջորդը՝ սահմանադրական կարգի տապալումը, որքանո՞վ կապ ունի 10 զոհի հետ։

Եթե կալանավորեն Քոչարյանին, ապա ստացվում է նախադեպ ոչ միայն նախագահի կալանավորման, ինչին ՄԻԵԴ-ը գնահատական կտա, ավելին՝ որ ցանկացած ընդդիմություն ցանկացած ընտրությունից հետո կարող է վեր կենալ ու ասել՝ ես հաղթել եմ, եւ այս նախադեպը կիրառվի։ Ընդ որում՝ նախադեպը կարող են կիրառել նաեւ մյուս նախագահական ընտրությունների, ասենք՝ 1996-ի վրա։ Եվ, վերջապես՝ անհասկանալի են Քոչարյանի փաստաբանների գործողությունները․ նրանք պարտավոր էին գիշերը, երբ ընթանում էր կալանավորման նիստը, ասուլիս հրավիրել, փաստարկներ ներկայացնել, սակայն վակուում էր»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս