Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել, ու հիմա բանը հասել է դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցնի ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը իր թեկնածությունը դիտարկել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում: Ասել է թե` Ավետիսյանը ցանկացել է ընդգրկվել հյուպատոս դառնալու թեկնածուների ցուցակում, սակայն նրան այդ հնարավորությունը չեն տվել: Այս գործը ՀՀ վարաչական դատարանում քննելու է դատավոր Արգիշտի Ղազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն Ավետիսյանի պաշտպան Էդգար Բադեմյանից հետաքրքրվեց, թե ինչն է խնդիրը: Ըստ պաշտպան Բադեմյանի` Գեորգի Ավետիսյանը ՀՀ քաղաքացի է. «Ինքը երկար տարիներ մեքսիկական, չինական մշակույթի հետ կապ ունի եւ բավականին ներդրումներ է արել նրանց մշակույթը մեր երկրում զարգացնելու ուղղությամբ: Արդյունքում, Մեքսիկան էլ առաջարկել է մեր երկրին, որպեսզի դիտարկի նրա թեկնածությունը հյուպատոսի պաշտոնում: Գեորգի Ավետիսյանը բոլոր անհրաժեշտ փաստաթղղթերը ներկայացրել է Արտաքին գործերի նախարարությանը, Արտաքին գործերի նախարարություն էլ իր հերթին այլ հարցումներ է անում եւ Ազգային անվտանգության ծառայությանը եւ այլ տեղեր: Մեր ներքին ուսումնասիրությունների արդյունքում գիտենք, որ բավականին դրական պատասխաններ են ստացել անձի վերաբերյալ, այսինքն` որեւէ խոչընդոտ չի եղել իր թեկնածությունը առաջադրելու համար, բայց Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Մեքսիկայի դեսպանությանը, որ, կոպիտ ասած, մերժում է Գեորգի Ավետիսյանի թեկնածության դիտարկումը եւ առաջարկում է Մեքսիկային այլ անձի դիտարկել որպես թեկնածու հյուպատոսի պաշտոնում: Մենք ներքին տեղեկություններով գիտենք, թե ում են առաջարկել որպես թեկնածու Արտաքին գործերի նախարարությունը, սակայն այդ մասին այս պահին ոչինչ չեմ ասի»:
Պաշտպանի խոսքով` այս պատմությունը քավոր սանիկի պատմությանն է նման. «Գեորգիին մերժել են` անգամ չասելով, թե ինչ հիմքով, բայց, ըստ էության, պատճառ չկա, ախր տվյակ երկիրն է առաջարկում, որ այս անձը լինի ՀՀ-ում Մեքսիկայի հյուպատոս, բայց մեր երկիրը մերժում է: Հիմա մենք դիմել ենք դատարան` ասելով` եթե արտգործնախարարությունը չի հիմնավորում իր մերժումը, որ այս, այս հիմքով է մերժել, ուրեմն պետք է այդ որոշումը վերացվի, եւ պարտավորեցնի ԱԳն-ին` դիտարկի Գեորգիի թեկնածությունը հյուպատոսի թեկնածության հարցում, կամ էլ պետք է հիմնավոր փաստեր ներկայացնի, եւ մեր հայցը մերժեն: Եթե մարդու իրավունքը սահմանափակում է, պետք է լինի հիմնավոր պատճառ, թե չէ ստացվում է հայեցողական մոտեցում կա, այդպես չի կարող լինել, պետական կառավարման մարմինը քմահաճույքով չի կարող նման որոշում կայացնել, այլ պետք է հիմքերը ասեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Եւ հարցին, թե Ավետիսյանի պաշտպան Էդգար Բադեմյանը մեզ հայտնել է, որ որեւէ հիմնավորում ԱԳՆ-ն չի ներկայացրել նրան մերժելու մասով, Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց. «Համաձայն 1963թ․Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հոդված 12-ի` հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ստանձնում է իր պարտականությունները, նստավայր պետության կողմից թույլտվությունը էկզեկվատուրան ստանալու հիման վրա: Նստավայր պետությունը պարտավոր չէ հաղորդել Էկզեկվատուրայի տալը մերժելու դրդապատճառները»:
Քնար Մանուկյան