Անխնա որսի հետևանքները. Սևանա լճում արդեն խեցգետին չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճում, ջրային ավազաններում կտրուկ նվազել են խեցգետնի պաշարները. այս մասին ահազանգում են մասնագետները: Պատճառն, ըստ մասնագետների, խեցգետնի որսը սխալ կանոնակարգելն է: Որսի թույլտվություն տրվում է, բայց չի վերահսկվում, եւ որսի ծավալները գնալով ավելի ու ավելի են շատանում:

Սա մի քանի անկուշտների պատճառով, որոնք որսած խեցգետինն արտահանում են: Ու հիմա Հայաստանի խանութներում, սուպերմարկետներում խեցգետին չկա: Իսկ ներկրված խեցգետինը ուղղակի չի բավարարում պահանջարկը: Բայց բնապահպաններն այս խնդրի շուրջ իրենց բացատրությունն ունեն: Նրանց խոսքերով` խեցգետնի պաշարների նվազման միակ պատճառը սխալ արդյունահանումն է: Արդյունքում Սեւանա լճում խեցգետնի պաշարները վերջին տարիներին նվազել են կրկնակի: Որոշ մասնագետներ պնդում են, որ «չինական ծալովի, մանր անցքերով ցանցերի» կիրառման հետեւանքով է, որ Սեւանա լճում խեցգետինը կտրուկ պակասել է: Բանն այն է, որ խեցգետնի որսի համար կիրառվող այդ էժանագին, չհամապատասխանող ցանցով հանվում է նաեւ մանր խեցգետինը: Բայց մյուս կողմից, հարակից գյուղերի բնակիչներն էլ իրենց հերթին պնդում են, որ լճում` ջրի տակ մնացած, բայց չմաքրված ծառերը, խոտերը, որոնք ժամանակի ընթացքում թունավոր նյութեր են արտադրել, պատճառ են դարձել խեցգետնի չբազմանալու:

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը անմիջապես հերքեց այդ տարբերակը` նշելով. «Միայն գերորսի արդյունքում է խեցգետնի պաշարները կտրուկ պակասել:Ոչ թե պակասել են, այլ կրիտիկական սահմանին է, ոչնչացման եզրին են: Եւ սրա միակ պատճառը գերորսն է»: Նրա խոսքերով` տարիներ շարունակ տրվել է խեցգետնի մինչեւ 3300 տոննայի չափով որս: Հայտնի փաստ է, որ այդ ամբողջ քանակությունը որսվել է Սեւանա լճից, եւ դրա մեծ մասը արտահանվել ՌԴ:«Պատկերացնում եք` 3 մլն կգ: Ստացվում է, որ մենք ժամանակին գերորս ենք թույլ տվել եւ հիմա դժգոհում ենք»:Հիշեցնենք` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հունվարի 19-ին ստորացրած հրամանով սահմանվել է խեցգետնի որս Սեւանա լճում մինչեւ 500 տոննայի չափով: Բայց սա մի պայմանով, որ որսն իրականացվի կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա` հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները: Այս հրամանը նկատի ունենալով` ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանից հետաքրքրվեցինք, թե այս տարում խեցգետնի որսը որքան է կազմել: Հարցին ի պատասխան` նա փոխանցեց հետեւյալը. «Այս տարվա համար Սեւանա լճում կնքվել է խեցգետնի որսի 1 տոննայի պայմանագիր: Չկա խեցգետին, չունենք: Թեեւ թույլտվությունն ընթացիկ տարվա համար եղել է մինչեւ 500 տոննայի, բայց կնքվել է մեկ տոննայի պայմանագիր: Իսկ ահա անցած տարում լճից խեցգետնի որսի 48 տոննայի թույլտվություն է եղել, իսկ Աղբյուրակի ջրամբարից` 60 տոննա»-ի:

Չնայած ազգային պարկի ներկայացուցչի թվերին` «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այլ տվյալներ ներկայացրեց: Այսպես, մինչ ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանը հայտարարում է, թե ընթացիկ տարվա համար կնքվել է խեցգետնի արդյունահանման որսի թույլտվության 1 տոննայի պայմանագիր, ՊԵԿ-ից փոխանցեցին, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանվել է 107 տոննա խեցգետին: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա համար Աղբյուրակի ջրամբարից պաշտոնապես չի թույլատրվել խեցգետնի որս:

Հետեւաբար 107 տոննա խեցգետնի արտահանումն առեղծված է այն դեպքում, երբ արդյունահանվել է 1 տոննա, որն էլ, ըստ Գուլանյանի, իրացվել է ներքին շուկայում: Ըստ ՊԵԿ-ի` նույն ժամանակահատվածում ՀՀ ներկրվել է մոտ 17 տոննա խեցգետին: Այսինքն` բացառում ենք այն տարբերակը, որ այլ երկրից ներկրվել է ՀՀ, ապա արտահանվել մեկ այլ երկիր: Նույն պատկերն է նաեւ անցած տարվա առաջին կիսամյակում. կնքվել է 108 տոննա խեցգետնի արդյունահանման պայմանագիր, բայց առաջին կիսամյակում արտահանվել է 146.1 տոննա խեցգետին: Հարց` որտեղի՞ց է որսացվել մնացած 38.1 տոննան:«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին` եթե 107 տոննա խեցգետին որսալու պայմանագիր որեւէ ընկերություն չի կնքվել, ապա Սեւանա լճում ընթացիկ տարում արդյոք եղե՞լ է այդ քանակությամբ խեցգետին, Գուլանյանն աւձագանքեց. «107 տոննան այդքան էլ մեծ քանակություն չէ, որ ասում ենք քիչ է, չի նշանակում, որ այդքան էլ չկա»: Դե ինչ, հուսանք, որ այս հրապարակումը չի վրիպի իրավապահների աչքից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս