«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասան, ռեժիսոր, հաղորդավար Նարբե Պողոսյանը: Նա անդրադարձել է իր վաղեմի երազանքին, որին ձգտել է դեռեւս ինը տարեկանից, եւ տարիներ հետո, Թեհրանից գալով Երեւան, իրականացրել է այն: Նարբեն խոսել է այն մասին, թե ինչին երբեք չէր տրամադրի ժամանակ եւ գումար: Նա նշել է, որ չի հավատում «հորինովի աստվածներին», փոխարենը լսում է իր խղճի ձայնին:
–Նարբե, մանուկ ժամանակ Ձեզ ի՞նչ մականուն են տվել:
-Չեմ ունեցել:
-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ նվեր ստանալ:
-Նվիրել. տվող տեսակ եմ:
-Երբ դպրոցական էիք, երազում էիք…
-Համարյա այն մասին, ինչ ունեմ հիմա՝ սիրելի աշխատանք եւ ընտանիք:
-Մի բան, որի համար երբեք գումար չեք ծախսի:
-Թմրանյութի եւ խաղատուն այցելելու: Իսկ, առհասարակ, շռայլող չեմ: Բարեբախտաբար, թրեյնինգների եւ հատուկ վարժությունների միջոցով հաղթահարել եմ շռայլելու հիվանդությունը:
-Շարունակեք միտքը. «Լավ ղեկավարը նա է, ով…»
-Ով կարողանում է շատ հանգիստ բոլոր խնդիրները լուծել եւ դժվարությունները հաղթահարել, ոչ թե անիմաստ ցայտնոտի մեջ ընկնել:
-Ֆիլմ, որ դիտել եք տասնյակ անգամներ:
-«Հարսնացուն հյուսիսից»: Այդ ֆիլմում առկա է անկեղծություն, կան մարդկային ջերմ հարաբերություններ, աֆորիզմ դարձած արտահայտություններ:
-Ձեր ետեւից խոսացողներին միայն կասեք…
-«Ապրեք»: Իսկ, առհասարակ, ես այդ մարդկանց չեմ կարեւորում: Բայց ավելի լավ է՝ մարդ ունենա խելացի թշնամի, քան անխելք ընկեր: Շատ դեպքերում առաջինն օգնում է կյանքի ուղի հարթելու համար:
-Եթե որպես բիզնեսմեն որեւէ ոլորտ մուտք գործեիք, ո՞րը կլիներ այն:
-Ես ունեմ ֆիրմային խանութ, այս անգամ արդեն ուժերս կփորձեի ռեստորանային ոլորտում: Շատ եմ սիրում այն, ինձ բիզնեսի այդ տեսակը հաճույք է պատճառում:
-Ի՞նչ կանեիք, եթե լինեիք մեր քաղաքապետը:
-Քաղաքացիների շրջանում կկազմակերպեի հանրային լսումներ:
-Երբեք չեք հավատացել այն մարդկանց, ովքեր…
-Կուրորեն հավատում են աստծուն, անընդհատ խոսում են այդ մասին, բայց իրենց արարքներից հասկանում ես, որ մարդկանց չեն սիրում:
-Մեկ բառով կասե՞ք՝ ինչպիսին եք սիրո հարցում:
-Չափված-ձեւված:
-Ձեր կողքի կինը գիտի, որ…
-Ես ամեն ինչ անում եմ, որ ինքը երջանիկ լինի:
-Աստվածաշնչյան պատվիրան, որը հաճախ եք խախտում:
-Անկեղծ ասած՝ ես հորինովի աստվածներին չեմ հավատում, ես ունեմ խիղճ, դրան եմ հավատում, ես իմ աստծուն եմ հավատում: Այն, ինչ ինձ կամենում եմ, կարող է Ձեզ չկամենամ, որովհետեւ կա նախանձի գործոնը, եւ թող ոչ ոք չժխտի դա, բայց այն, ինչ ինձ երբեք չեմ կամենա, հաստատ Ձեզ էլ չեմ կամենա:
-Կանանց հիմնական սխալն այն է, որ…
-Իրենք առաջնորդվում են էմոցիաներով, ոչ թե բանականությամբ:
-Երբեմն հասկանում եք, որ անզոր եք…
-Աշխատում եմ չթողնել, որ խնդիրներն ինձ այդ աստիճան ճնշեն, ես էլ ինձ անզոր զգամ: Ես համակերպվել եմ, որ դրանք միշտ ուղեկցելու են ինձ, ես էլ հաղթահարելու եմ: Դրանք ինձ չեն խանգարում, հակառակը, ուժ են տալիս:
-Կվարանեք ժամանակ տրամադրել…
-Սպորտին, բայց ամբողջ օրը պայքարում եմ, որ գոնե մի քիչ ժամանակ գտնեմ սպորտով զբաղվելու համար: Հատկապես այն բանից հետո, երբ տեսա, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այդչափ զբաղվածության հետ հասցնում նաեւ մարզվել, ինձ շատ վատ զգացի:
-Կյանքի լավագույն պարգեւը Ձեզ:
-Իմ ընտանիքը: 17 տարեկան էի, երբ միայնակ Թեհրանից եկա Երեւան, 9 տարեկանից երազել եմ այն ամենի մասին, ինչ ստեղծել եմ՝ իմ ընտանիքը, տունը, օջախը: Ինձ համար «չի ստացվի» արտահայտությունը գոյություն չունի. դա հաջողակ մարդու կարգախոս չէ: Պետք է դնել նպատակ եւ մշակել ճիշտ պլաններ դրան հասնելու համար:
Աննա Բաբաջանյան