Ադամանդագործ, օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որը բավականին հետաքրքիր բացահայտումներ է պարունակում, սակայն մեծ ծավալի պատճառով այն ներկայացնում ենք հատվածաբար.
Եւ այսպես. «Տարիներ շարունակ Աշոտ Սուքիասյանը, գտնվելով կալանքի տակ, հնարավորություն չի ունեցել մամուլում եղած բազմաթիվ հրապարակումներին պատասխանելու, պարզաբանումներ եւ մեկնաբանություններ տալու, քանի որ նախաքննական մարմնի կողմից սահմանված արգելքը վերացվել է միայն առաջին ատյանի դատարանում դատաքննության վերջում։
Օրերս մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Սաշիկ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների բարքերի մասին, այդ թվում նաեւ որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից իր ընկերուհուն՝ Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհուն, թանկարժեք «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա նվիրելու մասին։
Մինչ օրս բազմաթիվ հրապարակումներ են եղել Փայլակ Հայրապետյանի կողմից իբրեւ նախկին իշխանությունների կողմից խաբվելու, տարիների ընթացքում կուտակած գույքը խարդախությամբ Աշոտ Սուքիասյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հափշտակելու վերաբերյալ։
Հրապարակումներում բազմիցս ներկայացվել է, որ իբրեւ նախկին վարչապետ` Տիգրան Սարգսյանի եւ նրա ենթակայության տակ աշխատող պետական պաշտոնատար անձանց աջակցությամբ Աշոտ Սուքիասյանը հափշտակել է իր գույքը, իսկ նա չի կարողացել հազարավոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում։
Այնինչ Փայլակ Հայրապետյանին ոչ ոք 2009թ. նոյեմբեր ամսին ՀՀ Կառավարություն չի հրավիրել, որտեղ Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է Աֆրիկայից ադամանդի էժան հումք հանքարդյունաբերողից ձեռք բերելու իր փորձը։ Հետագայում պարզվել է, որ Փայլակ Հայրապետյանը դրանից երկար ժամանակ առաջ մտադրություն է ունեցել մաքրել իր վարկերով եւ պարտքերով ծանրաբեռնված, ոչ մի աշխատատեղ ստեղծելու համար չօգտագործվող անշարժ գույքը, որը բանկերի եւ պարտքատերերի կողմից հայտնվել էր աճուրդներում։ Աշոտ Սուքիասյանը, հավատալով Փայլակին, համատեղ գործը ձեռնարկելու նպատակով հսկայական միջոցներ է ծախսել Փայլակի եւ նրա հարազատների խնդրահարույց, օդի մեջ կախված, հսկայական հողի, ջրի, լույսի, գույքահարկի, գազի պարտքերով ծանրաբեռնված հարցերը կարգավորելու համար, վճարել եմ մոտ 875.000 ԱՄՆ դոլար։ Օրինակ՝ HSBC-Հայաստան բանկում, ՀՀ Զարգացման բանկում, իսկ «ՎՏԲ-բանկում» պարտք էր 1,5 մլն դոլար։
Փայլակ Հայրապետյանը հեղինակազրկված էր որպես վստահելի վարկառու, առավել եւս ձեռներեց, այդ պատճառով էլ երկար ժամանակ Աշոտ Սուքիասյանի մոտ է ուղարկել իր օգնական Սասուն Նազարյանին, որի հետ ժամանակին եղել են հարեւաններ։ Բազմիցս մերժումներ ստանալուց հետո Փայլակը 2009թ. օգոստոս ամսին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ժողովին անձամբ ծանոթանալուց շուրջ 1 տարի բազմաթիվ խնդրանքներով դարձել է նրա գործընկերը, որի իրական նպատակն է եղել Աշոտ Սուքիասյանին եւ բանկերին «գցելը»։
Աշոտ Սուքիասյանի միակ մեղքն այն է, որ չի համաձայնել նրա առաջարկին գրավադրված գույքերը թողնելու բանկին եւ չմարելու տրամադրված վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այնինչ նրա խնդիրն էր բիզնես ծրագրին համապատասխան Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, ինչն էլ մասամբ կատարել է` «Մետաքս գոլդ» ադամանդի եւ ոսկու բորսայում աշխատատեղեր ստեղծելով։
Աշոտ Սուքիասյանը, լինելով ազնիվ ձեռներեց, իր ողջ ունեցվածքը՝ 10.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գույքերը, գրավադրել է այդ բիզնեսի նպատակով, ինչն էլ կորցրել է Փայլակի խարդավանքների պատճառով։
Այդ գործը սկսվել է եւ խափանվել է Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում եւ Աֆրիկայում անհիմն քրեական գործեր է բացել։ Աշոտ Սուքիասյանը ցանկանում է հանրությանը հայտնել, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, եւ Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել են Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները։
Միաժամանակ, այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որ ինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչպես ուզի, այդպես էլ կլինի»։
շարունակելի