Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությանը, ըստ որի, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն. «Անհրաժեշտ պարզաբանումներ հայկական կողմից տրվել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հուլիսի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ»:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, հայկական կողմին տեղեկացրել են, որ ՀԱՊԿ իրավական ընթացակարգերի համաձայն հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե Երևանում կայացվել է նման որոշում: