ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացի առնչությամբ հանրային քննարկումները և պարզաբանումները Երևանում ոչ արդյունավետ են համարում: Այս մասին գրում է interfax.ru-ն՝ հղում անելով Երևանում բարձրաստիճան աղբյուրի:
«Անարդյունավետ ենք համարում ՀԱՊԿ կանոնադրության, ընթացակարգի կանոնների և այլ փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումները և պարզաբանումները, որոնք մեզ քաջ հայտնի են, և որոնց խիստ համապատասխանությամբ էլ Հայաստանը կառուցում է կազմակերպության շրջանակներում համագործակցությունը»,-այսպես է եղել պատասխանը:
«Մեր ռուս գործընկերների հետ մենք կառուցողական և բովանդակալից երկխոսություն ունենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որն իրականացվում է ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների ոգով և կայացած հուսալի կապի միջոցներով»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել է, որ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, եթե Երևանում դրա վերաբերյալ արդեն պաշտոնական որոշումը կայացվել է: ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ տվյալ հարցի շուրջ հայկական կողմին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու նրա հայազգի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում:
Աղբյուրը մանրամասնել է, որ «Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Խաչատուրովին վերոհիշյալ պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը»: