Անցած տարի միլիոններն ավելացել են. ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանի կադրը համարվող և Մարտի 1-ի գործով հարցաքննված Արմեն Գևորգյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն, ով վերջերս Մարտի 1-ի գործով հրավիրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, այդքան էլ վատ չի ապրում: Ըստ նրա 2017 թվականի պաշտոնական հայտարարագրի`դրամական միջոցը ավելի քան 2.8 մլն դրամով ավելացել է`կազմելով 13 մլն 846 հազար դրամ: Իսկ փոխառությունը տարվերջին կազմել է 200 հազար դոլար եւ 85 մլն դրամ: Որպես եկամուտ նա հայտարարգրել է իր աշխատավարձը, ամսական`890 հազար դրամ եւ տրված փոխառություններից ստացած մոտ 14.5 մլն դրամը: Իսկ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի մեկ բնակարան եւ 2 հատ հողամաս: Սեփական ավտոմեքենա չունի: Համենայնդեպս այդպես նշված է պաշտոնական հայտարարագրում: Նրա կնոջ`Թամարա Գեւորգյանի փոխառությունը անցած տարվերջին կազմել է 97 մլն դրամ, իսկ 200 հազար դոլարը նա վերադարձրել է: Թամարա Գեւորգյանի դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 5 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարգրել է աշխատավարձը, որն ամսական կազմում է 105 հազար դրամ եւ տրված փոխառությունների դիմաց ստացած 8.8 մլն դրամը:

Նշենք, որ Գեւորգյանի կարիերան կապվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. քանի որ Գեւորգյանը Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մշտապես տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Արմեն Գեւորգյանը եղել է նրա առաջին օգնականը, ապա աշխատակազմի ղեկավարը: Իսկ ահա 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց նախագահի աթոռը, Արմեն Գեւորգյանը նշանակվեց փոխվարչապետ: 2007 թվականի հունիսից մինչեւ 2008 թ.-ի ապրիլը զբաղեցրել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Ապա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել էր ՀՀ փոխվարչապետ։ Այժմ՝ նոր Հայաստանում Գեւորգյանը գործազուրկ է:

Բայց մյուս կողմից՝ այս օրերին Արմեն Գեւորգյանին ՀՔԾ հարցաքննության են հրավիրել որպես վկա։ Բանն այն է, որ 2007 թվականի հունիսից մինչեւ 2008-ի ապրիլը Արմեն Գևորգյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Չէ՞ որ Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի մոտ շրջապատից է: Ավելին, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նա Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է հայտնի շտաբի անդամ, որն էլ այդ օրերին կայացնում էր որոշումներ։

Ըստ Հետք լրատվական կայքէջի՝ Արմեն Գեւորգյանի կինը՝ Թամարա Գեւորգյանը մասնագիտությամբ ակնաբույժ է: 2008 թ. հոկտեմբերի 21-ին Արմեն Գեւորգյանի կինը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում գրանցել է «OFTOMA» ՍՊԸ-ն: Ընկերության գործունեության տեսակներն են՝ բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությունը, մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, առեւտրի եւ ծառայությունների մատուցման բնագավառում միջնորդ գործունեությունը, անշարժ գույքի հետ կապված գործողությունները, լիազորված անձի հայեցողությամբ այլ գործունեություն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս