Ինչպես հայտնի է` Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը հայտարարել է, որ Երեւանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը խլել է իր բիզնեսը: Մասնավորապես, նա ներկայացրել է, որ 2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն:
Մարտիրոսյանները Շամոյանին առաջարկել են բիզնեսը խնդիրներից հեռու պահելու համար՝ «կռիշ ունենալ»․ որպես այդպիսին՝ հանդես է եկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որին էլ տարիներ շարունակ, Շամոյանի խոսքով, ընկերության միջոցներից բավականին մեծ գումարներ են տրամադրվել։
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Սերգեյ Մարտիրոսյանի փաստաբան Արման Թամրազյանի հետ, ով նշեց, որ որևէ նման բան չկա: «Քրեական գործի նախաքննության ընթացքում դա ապացույցներով հերքվել է, ինչի հիման վրա էլ՝ քրեական գործի վարույթը կարճվել է։ «2017 թվականի մարտ ամսին նույն Զուրաբ Շամոյանի և Կարեն Մարտիրոսյանի հաղորդումների հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Սերգեյ Մարտիրոսյանի կողմից ինքնաիրավչություն կատարալու հոդվածով։ Այդ գործը 7 ամիս քննվել է և այդ ընթացքում Զուրաբ Շամոյանը և Կարեն Մարտիրոսյանը տարբեր ցուցմունքներ են տվել և նշել, որ Ներսես Նազարյանը հովանավորել է իրենց բիզնեսը և նրան գումարներ է տրվել։ Այս առումով պատշաճ քննություն է կատարվել, հարցաքննություններ են եղել, ստացվել են վերծանումներ։ Նախաքննության ընթացքում Սերգեյ Մարտիրոսյանի կամ Ներսես Նազարյանի կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելու փաստ չի հայտնաբերվել»։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: