Երբ և ինչպես ԱԺ-ն համաձայնություն հայտնեց «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրին և ինչպես արձագանքեցին պատգամավորները. մաս 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` 2008 թվականի մարտի 2-ին, գումարվել էր ԱԺ հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվել էր «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Հրամանագիրը: ArmLur.am-ը ներկայացնում է այդ օրվա ելույթները եւ հարց ու պատասխանը:

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՀՀ Նախագահը` խորհրդակցելով ԱԺ-ի նախագահի եւ վարչապետի հետ, ստորագրել է հրամանագիր «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Հրամանագրի տեքստը ձեզ բաժանված է եւ, ինչպես գիտեք, մեր Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ: Բոլոր պատգամավորները տեղեկացված են արտակարգ դրություն հայտարարելու մասին, եւ մենք, քանի որ արդեն ունենք քվորում, սկսում ենք այդ նիստը:

Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեզ մի քանի տեղեկություններ տալ այս նիստի վերաբերյալ, որպեսզի հետագայում թյուրիմացություն չլինի: Նախ ես ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մեր Կանոնակարգ օրենքի 42-րդ հոդվածը: Այդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, հատուկ նիստի օրակարգում, առանց քվեարկության ընդգրկվում եւ քննարկվում են «Պատերազմ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, «Զինված ուժերի օգտագործման հարցը», «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին» միջոցառումների ծրագիրը: Կոնկրետ այս հատուկ նիստն վերաբերում է հենց վերջին մասը` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» միջոցառումների ծրագիրը:  Այն ձեզ բաժանված հրամանագրում է: Մեր կանոնակարգի հանաձայն, մենք այս հարցի քննարկումը պետք է իրականացնենք մեր կանոնակարգի 55-րդ հոդվածի համաձայն, որի կարգը ձեզ շատ լավ հայտնի է: Դա սովորական կարգն է, այնպես որ եթե որեւէ հարցադրում չկա, մենք կարող ենք սկսել մեր քննարկումը: Ասեմ նաեւ, որ ՀՀ Նախագահի կարգադրությունը կա, որի համաձայն, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելայնաը նշանակվել է ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` «ԱԺ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագիրը քննարկելիս:

Վարման կարգի վերաբերյալ` Հերմինե Նաղդալյան:

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն, պրն նախագահ: Ես առաջարկում եմ, ԱԺ կանոնակարգի    112-րդ հոդվածի 2-րդ մասով ԱԺ-ն որոշում կայացնի, այս նիստը Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով չհեռարձակելու վերաբերյալ: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ: Վարման կարգի վերաբերյալ` Ստյոպա Սաֆարյան:

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Շնորհակալություն: Ես հասկանում եմ տիկին Նաղդալյանի մտահոգությունները, բայց ես այլ մտահոգություն ունեմ: Ես կարծում եմ, որ առավել բաց եւ հրապարակային աշխատելը կմեծացնի հասարակության մոտ վստահությունը այս ամենի նկատմամբ: Ես գտնում եմ, որ դա պետք է հեռարձակվի ռադիոյով:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ: Կա մեկ առաջարկություն` ԱԺ այս նիստը Հանրային ռադիոընկերությամբ չհեռարձակելու վերաբերյալ:

Երկրորդ անգամ` վարման կարգի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դրանից հետո ես այս հարցը պետք է քվեարկության դնեմ: Համեցեք, պրն Սաֆարյան: Ստյոպա Սաֆարյան:

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Դուք նշեցիք, որ կա մեկ առաջարկություն, ես ուզում եմ ավելացնել 2-րդը` հեռարձակել նիստը:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Եթե որոշում չի ընդունվում չհեռարձակելու մասին, մեր կանոնակարգի համաձայն այն հեռարձակվելու է: Այնպես որ, 2-րդ որոշման նախագծի եւ առաջարկության անհրաժեշտություն չկա:

Այսպիսով, հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում մեր գործընկերոջ` Հերմինե Նաղդալյանի առաջարկությունը` ԱԺ-ի այս նիստը Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով չհեռարձակելու վերաբերյալ: Քվեարկություն:

Կողմ` 63
Դեմ` 14
Ձեռնպահ` 6

Որոշումն ընդունված է:

Այսինքն` նիստը Հանրային ռադիոընկերությամբ չի հեռարձակվելու: Սա է ԱԺ-ի որոշումը: Լրագրողները ներկա են լինելու: Նրանք, ովքեր կգան, ովքեր հավատարմագրված են, այստեղ որեւէ խնդիր չունենք: Նիստը դռնբաց է:

Այսպիսով, հարգելի գործընկերներ, սկսում ենք «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրում ներառված դրույթների քննարկումը:  Մեր կանոնակարգի 55-րդ հոդվածի համաձայն, մենք այժմ պետք է լսենք հիմնական զեկուցողի ելույթը: Ինչպես ասացի, ՀՀ Նախագահը, որպես իր ներկայացուցիչ եւ այս հարցի վերաբերյալ հիմնական զեկուցող, ներկայացրել է պրն Դանիելյանին: Համեցեք, պրն Դանիելյան:

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: ԱԺ հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ինչպես արդեն ձեզ տեղեկացվեց, այսօր ՀՀ Նախագահի կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր եւ ուժի մեջ է մտել այսօր: «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ, սահմանափակումներ` հիմնական իրավունքների եւ ազատությունների, որոնք ես նպատակահարմար եմ համարում այստեղ ձեզ ներկայացնել: Դրանք ամրագրված են հրամանագրի 4-րդ կետում:

1-ինը` սահմանվում է արտակարգ դրություն, հայտարարված տարածքում, հետեւյալ ժամանակավոր սահմանափակումներոը` ժողովների, հանրահավագների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում:

2-րդ` գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում:

3-րդ` իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտության դեպքում անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրականացում:

4-րդ` ԶԼՄ-ների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում:

5-րդ` առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության, թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում:

6-րդ` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում, նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

Ահա սրանք էին այն միջոցառումները, որոնք նախատեսված են հրամանագրով եւ որոնք «ԱԺ կանոնակարգի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ներկայացվում են ձեր քննարկմանը: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Դանիելյան: Հարգելի գործընկերներ, քիչ հետո մենք կանցնենք գրանցումներին` պրն Դանիելյանին հարցեր տալու համար:

Ես վստահ եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուր պատգամավոր հիանալի հասկանում է պահի լրջությունը, եւ համոզված եմ, որ մեր աշխատանքը կլինի շատ կազմակերպված եւ զուսպ:

Միաժամանակ, մինչ հարցերի համար հերթագրումը, ուզում եմ տեղեկացնել, չնայած, հավանաբար մեր գործընկերները գիտեն, որ այդ միջադեպերից մեկի ժամանակ` քաղաքապետարանի առջեւ տեղի ունեցած, մեր գործընկերը` Արմեն Մարտիրոսյանը, իր մարմնով պաշտպանել է  վայր ընկած ոստիկանին եւ ինքը ստացել է վնասվածք, այժմ գտնվում է հիվանդանոցում: Ես ուզում եմ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել` իր այդ կարեւոր քայլի համար, եւ ուզում եմ բոլորիս անունից առողջություն մաղթել եւ վստահություն հայտնել, որ շատ շուտով մենք կրկին այս դահլիճում միասին կաշխատենք: Ասեմ, որ իր կյանքին որեւէ վտանգ չի սպառնում, ես խոսել եմ իր հետ: Սա էր, որ կուզենայի ձեզ ասել:

Հիմա, հարգելի գործընկերներ, հերթագրում` հարցերի համար: Առաջին հարցը` պատգամավոր Արտակ Դավթյան, համեցեք:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

-Պրն Դանիելյան, մեզ բաժանված հրամանագրի 6-րդ կետում նշված է, որ հրամանագիրը ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից: Այն նաեւ հայտարարվեց էլեկտրոնային լրատվամիջոցներով: Սակայն մենք գիտենք, որ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, իրավական ակտը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որքանո՞վ է իրավաչափ հրամանագիրը այս առումով:

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Տվյալ դեպքում, հրամանագրի ուժի մեջ մտնելու հիմքում դրված է «Իրավական ակտերի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի, «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը ուժի մեջ է մտնում հենց այդ հրամանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում` հրապարակման կամ տեղեկացման պահից: Նկատի ունենալով, որ հրամանագիրը սահմանված կարգով տեղեկացվել է հանրությանը, հենց սա էլ հիմք է հանդիսացել հենց այս իրավական ակտը ուժի մեջ մտած համարելու համար:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ հարցը` պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյան:

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Պրն Դանիելյան, դուք համեմատություն անցկացրե՞լ եք արդյոք, Հանրապետության Նախագահի հրամանագիրը համապատասխանում է, լրիվ չափով բխու՞մ է, ի՞նչ փոխհարաբերության մեջ է միջազգային իրավական փաստաթղթերի հետ, բացի մեր Սահմանադրությունից, նաեւ միջազգային իրավական փաստաթղթերի հետ ի՞նչ փոխհարաբերության մեջ է:

Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

-Շնորհակալություն: Բնականաբար, այս իրավական ակտը պատրաստելիս հաշվի է առնվել ոչ միայն Սահմանադրության 44-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս որոշ հիմնական իրավունքներ եւ ազատություններ սահմանափակել, այլեւ միջազգային այն փաստաթղթերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մարդու կարգավիճակին: Տվյալ դեպքում, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 15-րդ հոդվածը այսօր այդպիսի հնարավորություն ընձեռում է, հատկապես պատերազմական վիճակ եւ ռազմական դրություն հայտարարելիս, եւ այդ հոդվածը դարձյալ ընձեռում է պետության իրավասու անձին, տվյալ դեպքում Հանրապետության Նախագահին` սահմանափակումներ նախատեսելու:

Այս նույն հոդվածում` 15-րդ, նախատեսված է կարգ, համաձայն որի, այսպիսի սահմանափակումներ նախատեսող իրավասու պաշտոնատար անձը կամ պետական մարմինը պարտավոր է անհապաղ իրազեկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին, նշելով ժամկետները, հիմքերը եւ այն սահմանափակումները, որոնք նախատեսվում են այս հրամանագրով, եւ ավարտելուց հետո ինքը դարձյալ պետք է տեղյակ պահի հրամանագրի ուժը կոցնելու մասին: Բնականաբար, այս աշխատանքները վաղը եւեթ կարվեն: Որեւէ հակասություն այս առումով չկա:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շատ լավ: Նախորդ հարցադրման հետ կապված, մեր գործընկերոջ` Արտակ Դավթյանի, ես մեկ բան եւս ուզում եմ ավելացնել պրն Դանիելյանի ասածին: Հարգելի գործընկերներ, 55-րդ հոդվածի 14-րդ կետը ասում է հետեւյալը` «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին», այսինքն` այստեղ արձանագրված է հայտարարությունը: Ամենակարեւորը, դրա հաջորդ դրույթը` «Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում, իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ», այսինքն` հայտարարությունից հետո այն մտնում է ուժի մեջ, հակառակ դեպքում ԱԺ նիստ անհապաղ չէր հրավիրվի:

Շարունակելի… 




Լրահոս