ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 30-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ նշված է. «Ծառայության պետը շնորհավորեց Է. Գրիգորյանին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առիթով: Քրեակատարողական ծառայության պետը նշեց, որ ցանկացած ոք, ստանձնելով պետությանը ծառայելու պատասխանատվությունը, պետք է անի առավելագույնը՝ ժողովրդի սպասումները արդարացնելու համար: «Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ղեկավարության կողմից առաջ քաշված պահանջները լոկ խոսքեր չեն, և բոլորս միասին պետք է լծվենք դրանց իրականացման գործին… Հույս ունեմ, որ հիմնարկի անձնակազմը, նոր ղեկավարի շուրջ համախմբված, կարճ ժամանակահատվածում կբարեփոխի, կբարելավի հիմնարկի աշխատանքների որակը, արդյունավետությունը»,- ասաց Ա. Մխոյանը:
Այնուհետև ծառայության պետը, հետամուտ լինելով անցյալ աշխատանքային այցին տրված հանձնարարականների կատարման արդյունավետությանը, շրջայց կատարեց հիմնարկի տարածքում: Փաստելով կատարված աշխատանքները՝ հայտնեց իր վստահությունը հիմնարկի վարչակազմի նկատմամբ:
Այցի ընթացքում անհատական հանդիպումներ ունեցավ մի քանի դատապարտյալների հետ՝ նրանց կողմից բարձրացված հարցերին տալով սպառիչ պատասխաններ: Ա. Մխոյանը հանդիպեց նաև կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության եկած հարազատներին՝ վերջիններիս հորդորելով ոչ մի դեպքում չգնալ կոռուպցիոն գործարքի թե՛ իրենց ազատազրկված հարազատների, թե՛ ծառայողների հետ: Ա. Մխոյանը հավաստիացրեց նաև, որ հիմնարկում անվտանգությունը լիարժեք ապահովված է:
Հանդիպման ավարտին արդարադատության գնդապետ Է. Գրիգորյանն իր և անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց և հավաստիացրեց, որ ի պաշտոնե իրենց վերապահված գործառութային պարտականությունները կկատարեն պատշաճ և ժամանակին»: