Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը հանդիսանում է քննարկումների թոփ թեման: Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Թերեւս աներկբա է, որ ՀՀ ցանկացած քաղաքացու, առավել եւս նախկին նախագահի նկատմամբ որեւէ մեղադրանք առաջադրելիս այն պետք է լինի 100 տոկոսով հիմնավորված, այլապես կդիտվի որպես քաղաքական հետապնդում: Սա առաջին հերթին անհրաժեշտ է գործող իշխանությանը, որ իրավական տեսանկյունից իրավիճակը խոցելի չլինի, եւ կասկածներ չառաջանան: Պետք է մեղադրող կողմը շատ լավ հիմնավորի առաջադրված մեղադրանքն ու ներկայացնի անվիճելի ապացույցներ: Սակայն արդեն նշեցինք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու փորձի համար, որն էլ նրա փաստաբանները խոցելի են համարում` բերելով իրենց հակափաստարկները:
Այնինչ մեղադրանքը պետք է այնպես հիմնավորված լինի, որ նույնիսկ հետագայում` այլ իշխանությունների օրոք, եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը փորձի բողոքարկել` հույս ունենալով, արդարանալ, չստացվի, քանի որ իրավական հիմնավորումները կլինեն առանց կասկածի:
Իսկ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը տարակուսանք էր առաջացրել անձամբ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ով իր հարցազրույցում նշել էր. «Ես` իբրեւ գործող նախագահ, սահմանադրական կարգի կրող էի եւ այդ սահմանադրական կարգը երաշխավորում էի, եւ ինքս ինձ տապալել եմ ինչ-որ տարօրինակ ձևով, եւ այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը: Ըստ էության, թե մենք ի՞նչ սահմանադրական կարգ ենք տապալել ու այդ ի՞նչ հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը»:
Բոլորն են հիշում 90-ականներին ՀՅԴ-ի հետ կապված հայտնի Դրոյի եւ 30+1 գործերը, որոնց դատապարտված անդամներից մի քանիսն ազատ էին արձակվել 1998 թվականին հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ: Նրանց թվում է եղել նաեւ Հրանտ Մարգարյանը, ով «Դրո» գործի շրջանակներում դատապարտվել է, սակայն 1998 թվականի հայտնի դեպքերից հետո մի քանի գործիչների հետ միասին ազատ արձակվել։ Իսկ ահա այս գործով անցնող մյուս հիմնական մեղադրյալներ Արսեն Արծրունին եւ Արմենակ Մնջոյանը, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման, շարունակում են իրենց պատիժը կրել մինչ օրս։ Արմեն Ռուստամյանը դատապարտվել էր 31-ի գործի շրջանակներում` իշխանությունը բռնի տապալելու կոչեր հնչեցնելու, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար։
Եվ ահա այդ դեպքերից հետո ՀՅԴ-ն երկար ժամանակ եղել է իշխանության մեջ, սակայն երբեք չի բողոքարկել դատավճիռները, այլ ընդհակառակը, ՀՅԴ-ականներն ասել են, թե չեն փոշմանել իրենց արարքների համար: Չեն բողոքարկել դատավճիռները, չեն փորձել արդարանալ, ինչը ենթադրում է, որ իրավական հիմքը ամուր է եղել: Եվ հիմա էլ շատ կարեւոր է, որ նույնը լինի նաեւ Ռոբերտ Քոչարյանի պարագայում:
Նաիրա Հովհաննիսյան