«Սասնա ծռերի» գործով աղմկահարույց բացահայտումները կշարունակվեն, քանի որ գործով հիմնական պարագլուխ Պավլիկ Մանուկյանը ներքին կարգով իր թիմակիցների մոտ ասել է, թե «Դեռ սպասեք, կտեսնեք, թե ինչեր եմ ասելու ու հայտարարելու»:
Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո այս գործով կալանավորված մի շարք անձանց նկատմամբ խափանման միջոցը` կալանավորումը, փոխվեց ստորագրությամբ` երկրից չհեռանալու մասին: Սակայն կատարվածը միանշանակ չի ընդունվել գործով դեռեւս կալանքի տակ գտնվող մյուս մեղադրյալների, մասնավորապես, զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանի կողմից:
Արդյունքում, «Սասնա ծռերի» գործով նիստում մեղադրյալ Պավել Մանուկյանը աղմկալի հայտարարություն էր արել` նշելով, որ Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը մեղադրվում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մի կապ չունեն.«Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք, որոնց կալանքը դուք փոխել եք: Պատահական կրակոցից ձեռքից վիրավորված անձը հետագայում մահացավ արյան վարակից (նկատի ունի վիրավորված ոստիկաններից մեկին): Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»:
Օգոստոսի 1-ին «Սասնա Ծռերի» գործով հերթական նիստն է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչ է սպասվում նշված օրը եւ, առհասարակ, տեղյակ է, թե ներքին կարգով ինչ է ասել Պավել Մանուկյանը իր թիմակիցներին: Ի պատասխան` պաշտպանն ասաց. «Մոտավորապես այսպիսի միտք է ասել` բոլոր հարցերի պատասխանը կտամ ես, այսինքն որեւէ մեկդ մի՛ խառնվեք, ես եմ ասել, ես էլ այդ հարցերի պատասխանը կտամ: Հիմա կդժվարանամ ասել, թե ինչ կսպասվի, սխալ է որեւէ ենթադրություն անել, սպասեք այս երկու օրը, եւ նա կտա այդ հարցերի պատասխանը»: