«Թոշակի գնալու ժամանակը». Վազգեն Մանուկյանը պետք է արժանապատիվ հեռանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն տարածեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առթիվ: Իրավիճակը քննարկելով «քաղաքական հաշվեհարդարի» տրամաբանության շրջանակներում` Մանուկյանը իր պնդումների հիմքում դնում է Արցախի հաղթանակների հարցը: Բավականին վտանգավոր այդ ձեւակերպմամբ Մանուկյանը միաժամանակ հիշում է 1996 թվականը` այսօրվա իրավիճակը փորձելով ներկայացնել Տեր-Պետրոսյան-Քոչարյանի հարթության մեջ, բայց միեւնույն ժամանակ ակնարկելով ինչ-որ երրորդ կողմի:

Վ. Մանուկյանի հայտարարության թերեւս ամենակարեւոր ենթատեքստը վերաբերում է Ղարաբաղյան պատերազմին ու Արցախի հակամարտությանը։ Մանուկյանը, առանձնացնելով Քոչարյանին ու Խաչատուրովին, արձանագրում է, որ անհիմն մեղադրանք է առաջադրված հաղթանակում մեծ ներդրում ունեցած անձանց: Մանուկյանի գիտելիքներն ու փորձը կարծես պիտի թույլ չտային, որ նա իր «անկեղծ վրդովմունքը» կառուցեր նման վիճահարույց հիմքով: Եթե մարդը մասնակցել է պատերազմին ու ներդրում ունեցել հաղթանակում, ապա արդյոք դա ինքնստինքյան ինդուլգենցիա է ենթադրում: Նման տրամաբանությամբ Մանուկյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ողջ Երկրապահից, երբ համառորեն քննադատում էր վերջինիս հավակնությունները պատերազմից հետո: Նա պետք է ընդունի իր սխալը, երբ ժամանակին մեղադրում էր Վազգեն Սարգսյանին քաղաքականությանը խառնվելու համար: Իսկ գուցե Մանուկյանը հասցրել է նաեւ ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից, երբ 1998թ. վիճարկում էր վերջինի` ՀՀ նախագահ առաջադրվելու օրինականությունը: Չէ՞ որ Քոչարյանը անուրանալի ավանդ է ունեցել Արցախյան պատերազմում, հետեւաբար մի՞թե թույլատրելի են նրա հակասահմանադրական քայլերը քննադատել կամ դրանց համար նրան պատասխանատվության կանչել:

Ինչ-ինչ, բայց Վ. Մանուկյանը միամիտ չէ եւ այսօրինակ պնդումներով սոսկ շարունակում է Քոչարյանին սատարող շրջանակի քարոզչությունը` իրավիճակն արհեստականորեն կապելով Արցախի հակամարտությանը: Ըստ էության, մանիպուլյացիոն ձեւակերպումներով փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Քոչարյանը այդ հաղթանակների կրողն է, եւ վերջինիս դեմ արված քայլերը պարտվողականություն են ենթադրում Արցախյան ճակատում: Եթե այսպիսի աճպարարություն սպասելի էր 1998թ. պալատական հեղաշրջման հեղինակներից, ապա առնվազն տարակուսելի է «Ղարաբաղ» կոմիտեի երբեմնի գաղափարախոսից, որը նույնպես անուրանալի ավանդ ունի Արցախյան հաղթանակներում:
Մանուկյանը պնդում է, որ 2008թ ընտրությունների կեղծման մեղադրանքը հավասարապես վերաբերում է նաեւ 1996թ., ուստի իրավական գնահատական պետք է տրվի նաև վերջինին: Թե՛ իրավական, թե՛ պատմաքաղաքական իմաստով Մանուկյանը իրավացի է:

Սակայն այսժամ բախվում ենք հերթական մանիպուլյացիային, քանի որ ՀՔԾ-ն տվյալ գործի շրջանակներում չի քննում 2008թ. ընտրության կեղծման հարցը: Քոչարյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է բանակը ներքաղաքական գործընթացներին մասնակից դարձնելուն եւ այդ կապակցությամբ ռազմական վարչարարական նոր մարմին ստեղծելուն: Այս խիստ էական ու տարբերակիչ հանգամանքը չպետք է վրիպեր Մանուկյանի պես սրատես գործչի ուշադրությունից: Գովելի է, որ Քոչարյանին պաշտպանող շրջանակները 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ Պնախարարի 0038 հրամանը ուղիղ շարունակությունն են համարում 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրության` ակամայից մատնելով, որ վերջինը կեղծվել է իշխանությունը բռնությամբ պահելու համար, իսկ ահա բանակը ներքաղաքական իրավիճակին մասնակից է դարձվել բացառապես այդ խնդիրը խաղաղ մեթոդներով լուծելու անհնարինության պատճառով: Ակամայից ինքնախոստովանական այս ցուցմունքները կարող են գրավել ՀՔԾ-ի ուշադրությունը ավելացնելու համար Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ծավալն ու ներգրավելու նորանոր շրջանակների: Արդյուքնում կարող է պարզվել, որ դեռեւս մինչեւ 2008թ. փետրվարի 19-ի քվեարկությունը կոնկրետ անձանց մի լայն շրջանակ Հայաստանում հեղաշրջում է ծրագրել ու իրականացրել:

Վերջապես Մանուկյանը շարունակում է Քոչարյանի թիմի դիտավորությունը` իրավիճակը ներկայացնելով Քոչարյան-Տեր-Պետրոսյան պայքարի շրջանակներում, որտեղ անսքող կերպով խոսվում է չերեւացող երրորդ կողմի մասին: Վերջին հանգամանքն առավել ուշագրավ է, ինչի մասին խոսում էր Քոչարյանը դեռ ավելի վաղ շրջանից` կրկնելով այդ միտքը կալանավորումից առաջ իր վերջին հարցազրույցում: Սակայն հաշվի առնելով վերջին 10 տարիներին Սերժ Սարգսյանի ամենակարողությունը եւ այդ ուղղությամբ իրավական քայլերի զրոյականությունը` կարելի է վստահորեն պնդել, որ եթե այդ ակնարկված երրորդ կողմը Սերժ Սարգսյանը չէ, ապա թե՛ Քոչարյանը, թե՛ Մանուկյանը դիտավորությամբ պղտորում են ջուրը: Իսկ գուցե երկուսն էլ ակնարկում են, որ Սարգսյանը երկակի խաղ է խաղացել եւ ուժային պայքարում Քոչարյանի ձեռամբ ճնշել է Շարժումը, բայց նաեւ նպաստելով այդ ճնշման գործընթացի վայրագացմանը` խաղից դուրս է թողել Քոչարյանին: Դա էլ, ի դեպ, չի բացառվում, սակայն թե՛ Քոչարյանը, թե՛ վերջինիս նորահայտ ջատագով Մանուկյանը ճիշտ կանեն շուտափույթ խոսել քննիչների հետ:

Այսպիսով, Մանուկյանի հայատարարությունն ուղիղ աջակցություն էր Հայաստանը 20 տարի բզկտած քրեաօլիգարխիկ համակարգին եւ վերջինիս երկու գագաթներից մեկին: Կա՛մ Մանուկյանին հիշեցվել է 1998թ. Կարեն Դեմիրճյանին չսատարելու ու Քոչարյանի իշխանության համար ճանապարհ հարթելու քայլն ու դրա համատեքստը, կա՛մ նոր իշխանություններից չստանալով անհրաժեշտ ազդակներ` նա լուսանցքում չմնալու խնդիր է լուծում: Մանուկյանի համար թերեւս անձնական աղետ է, երբ լեգիտիմ վարչապետը հանդիպում է Տեր-Պետրոսյանին, մինչդեռ հրապարակավ կասկածի տակ է դրվում իր ղեկավարած կառույցի գոյության նպատակահարմարությունը: Մանուկյանին թերեւս մնում է այս անգամ էլ «Գնացքից թռչելու ժամանակը» հոդվածի նման գրել «Թոշակի գնալու ժամանակը» եւ գոնե այս անգամ արժանապատիվ հեռանալ:

Ն. Հովսեփյան




Լրահոս