Ընկերությունները ավելացրել են հարկային վճարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: Ըստ այդ ցանկի` առաջին տտասնյակում գտնվող բոլոր ընկերությունները այս տարվա առաջին կիսամյակում առաջին եռամսյակի համեմատ զգալի ավելացրել է հարկային վճարումները: Շատերը այս մի քանի ամիսների հարկային վճարումների ավելացումը կապում են թավշյա հեղափոխության հետ:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամի հարկ ու տուրք: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե վճարել է 4 մլրդ 103 մլն 51 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 9 մլրդ 751 մլն 468 հազար դրամ: Ինչպես վկայում են ՊԵԿ տվյալները, 2017 թվականի նույն ժամանակահատվածի եւ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ կոմբինատի հարկային վճարումները բազմապատկվել են: Որպես պատճառ մանագետները նշում են համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնաճը: Իսկ ինչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն խոշոր արտահանողներից է: Արդյունքում պղնձի միջազգային գնաճով պայմանավորված` ընկերության հարկերն ավելացել են: Այս ընկերությանը հաջորդել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը զբաղեցնում է հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականը` վճարելով 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ:

Բայց այս տարվա առաջին կիսամյակում մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքը եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մոտ 4.5 մլրդ դրամով նվազեցրել հարկային վճարումները: Ընկերության հարկային վճարումների նվազման պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ձմռան տաք ամիսներն են, երբ մարդիկ գազ շատ քիչ են սպառել: Բայց մյուս կողմից` թավշյա հեղափոխությունից հետո ինչպես պղնձամոլիբդենային կոմբինատը, այնպես էլ «Գազպրոմ Արմենիա»-ն, ավելացրել են հարկային վճարումները: Նույնն է նաեւ «Գրանդ տոբակո» ընկերության դեպքում. ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող այս ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է մոտ 16.7 մլրդ դրամ հարկ ու տուրք: Որպեսզի հասկանալի լինի, նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե կատարել է 8 մլրդ 70 մլն դրամի հարկային վճարումներ: Ստացվում է, որ թավշյա հեղափոխությունից հետո ընկերությունը 8 մլրդ 628 մլն դրամով ավելացրել է հարկերը:
Հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր ընկերությունը` «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, պետական բյուջե վճարել է 8 մլրդ 871 մլն 429 հազար դրամ եւ զբաղեցրել ցանկի 4-րդ տեղը: Մինչդեռ այս ընկերությունը հունվար-մարտ ամիսներին գրավել է ցանկի 8-րդ տեղը` վճարելով 2 մլրդ 494 մլն դրամ հարկ ու տուրք: Իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում այս ընկերությունը զբաղեցրել է 8-րդ տեղը ավելի քան 8.1 մլրդ դրամ հարկով:

Բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունը առաջին կիսամյակում եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի եւ առաջին եռամսյակի համեմատ զգալի ավելացրել է հարկային վճարումները: Եթե հունվար-մարտին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 813 մլն դրամ, հունվար-հունիսին` 8 մլրդ 166 մլն դրամ, իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում` 6 մլրդ 187 մլն դրամ հարկ ու տուրք: Ծխախոտի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը եւս հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցուցակում` զբաղեցնելով 6-րդ տեղը: Այս ընկերությունը 2018-ի առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 8 մլրդ 155 մլն 871 հազար դրամ հարկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 5 մլրդ 126 մլն դրամ: Բայց այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում տեղ չի գտել:

ՊԵԿ-ի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցուցակի 7-րդ տեղում «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է` վճարած 7 մլրդ 678 մլն դրամ հարկով. առաջին եռամյսկի համեմատ` առաջին կիսամյակում ավելացրել է հարկային վճարումները 4 մլրդ 328 մլն դրամով: Բայց նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ` ավելի քան 3.5 մլրդ դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
«Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի ներկրմամբ եւ վաճառքով, այս տարվա առաջին կիսամյակում հայտնվել է ցուցակի 8-րդ տեղը եւ պետական բյուջե վճարել 7 մլրդ 84 մլն դրամ հարկ: Իսկ ահա 2018 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը, գտնվելով ցանկի 43-րդ տեղում, վճարել է 659 մլն 129 հազար դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը եթե այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 598 մլն դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով ցանկի 6-րդ տեղը, ապա առաջին կիսամյակում հարկային վճարումները կազմել են 6 մլրդ 518 մլն 982 հազար դրամ, իսկ ընկերությունը հայտնվել է 9-րդ տեղում: Հազար խոշոր հարկատուների ցանկի 10-րդ տեղում հայտնվել է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը վճարած 5 մլրդ 839 մլն 461 հազար դրամ հարկով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս