«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է մի շարք հեռուստասերիալներից եւ հումորային ծրագրերից հայտնի դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանը: Նա խոսել է իր կյանքի ճգնաժամային փուլերի, կյանքից ունեցած ակնկալիքների մասին: Դերասանուհին նշել է, որ գրեթե ոչ ոքից չի նեղանում, պարզապես հիասթափվում է եւ համապատասխան կարծիք կազմում:
-Տիկի՛ն Մարգարիտ, երբ փոքր էիք, Ձեզ թվում էր, որ…
-Արեւից եմ լույս աշխարհ եկել (ծիծաղում է):
-Ձեր մանկության գույնը:
-Հենց արեւագույնը: Ի դեպ, շատ վառ մանկություն եմ ունեցել:
-Ձեզ համար միշտ դժվար է եղել ապացուցել, որ…
-Ապացուցելու գրեթե ոչինչ չեմ ունեցել: Չեմ սիրում մրցակցել, համեմատվել, ինչ-որ մեկի ինչ-որ բան ցույց տալ:
-Կուռք ունե՞ք:
-Ո՛չ, երբեք չեմ ունեցել: Ունեցել եմ մարդիկ, որոնք ինձ ոգեշնչել են, խթանել են, որ ինչ-ինչ բաների հասնեմ:
-Ձեզ սովորաբար չեն ներում այն բանի համար, որ…
-Իրենց ժամանակ քիչ եմ տրամադրում: Մտերիմներս, որոնք իմ կարիքն ունեն, ես էլ իրենց, հաճախ են դժգոհում, բայց ինչ արած:
-Ձեզ հետ գնումներ կատարելը…
-Շատ հեշտ է, քանի որ հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում, որտեղից եւ երբ:
-Դժվարությամբ եք հասկանում այն մարդկանց, որոնք…
-Ստախոս են: Միանգամից գլխի եմ ընկնում, որ դիմացինս ստում է:
-Ձեր կյանքի ճգնաժամային փուլը:
-Կառանձնացնեմ 1990-ականները, որոնք դժվար տարիներ էին բոլորիս համար: Բայց հիմա եւս ինձ մոտ ճգնաժամային փուլ է, կարոտի ճգնաժամ է. որդուս եւ նրա ընտանիքի հեռու լինելը ծանր եմ տանում:
-Երբ թվում է, թե ամեն ինչ անհետ կորած է…
-Ես գիտեմ, որ ոչինչ անհետ չի կորչում: Օրինակ՝ մի շարք հարազատ մարդիկ հիմա այլեւս ինձ հետ չեն, բայց ես չեմ համարում, թե կորցրել եմ նրանց: Գիտեմ, որ հայրս, տատիկս միշտ ինձ հետ են, հետեւում են ինձ, օգնում են…
-Եթե հանգստանալ, ապա…
-Երբեմն պասիվ ձեւով, երբեմն ակտիվ՝ նայած ինչ տրամադրություն ունես, ում հետ ես: Բայց ամենակարեւորն այն է, որ գտնվեմ մի միջավայրում, որտեղ ինձ լիարժեք կզգամ, որտեղ խանգարողներ եւ ավելորդ հարցեր տվողներ չեն լինի, ես էլ ձգված չեմ լինի:
-Ասույթ, որը Ձեզ տպավորել է:
-Պարտականությունն առանց սիրո մարդուն դարձնում է դյուրագրգիռ: Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից: Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք: Այս շարքը կարելի է երկար թվել: Բոլորը պետք է հիշեն, որ առանց սիրո ամեն բան իմաստազրկվում է:
-Գրական ամենահոգեհարազատ կերպարը:
-Վերջերս տպավորվել եմ Կարինե Խոդիկյանի «Հրավիրված եք ծնունդի՞» պիեսով, մասնավորապես տիկին Անահիտի կերպարով: Այն հոգեբանական լուրջ պրպտումների առիթ տվեց ինձ:
-Վախենում եք, որ…
-Ոչ մի բանից չեմ վախենում, երեւի միայն Աստծուց:
-Ափսոսում եք, որ…
-Թոռներս փոքրիկ են, իսկ ես նրանց կողքին չեմ, այդ անուշիկ տարիքը չեմ վայելում:
-Սիրո հարցում հաջողա՞կ եք, թե՞ տանուլ տվող:
-Տանուլ չեմ տվել: Ես հեռանում եմ եւ կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է: Ուշ եմ գալիս այդ որոշման, երբ պահը կուլմինացիոն է լինում:
-Ձեր տրամադրության անկումն ու բարձրացումը հիմնականում կախված է…
-Կարող է կախված լինել նույնիսկ մի անշնորհք ժեստից ու բառից: Բայց ես չեմ նեղանում, պարզապես հիասթափվում եմ եւ կարծիք եմ կազմում՝ հնարավորինս զերծ մնալով տհաճ մարդկանցից:
-Չեք հիշում, թե վերջին անգամ երբ եք…
-Ճամփորդել: Թեպետ հիշում եմ՝ երեք-չորս տարի առաջ էր, բայց վաղուց կրկնելու ժամանակն է:
-Ինքնախարազանվո՞ղ, թե՞ արդարացումներ փնտրող տեսակ եք:
-Սարսափելի ինքնախարազանվող եմ: Իմ առաջին քննադատը ես եմ, հետո` մայրս:
-Ի՞նչ եք ուզում կյանքից:
-Արդարություն եւ խաղաղություն: Ուզում եմ, որ սահմանին կանգնած ամեն զինվոր անվնաս վերադառնա տուն:
Աննա Բաբաջանյան