Երբ վարչապետը քո սրտով է, արդեն միեւնույն է՝ ով կլինի քաղաքապետը. Նարեկ Հայկազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես հույս ունեմ, որ ամեն բան լավ է լինելու, եւ մենք դառնալու ենք ամենալավ երկիրը։ Շատ ուրախ եմ, որ ամբողջ ազգս ժպտում է․ դա բացառիկ բան է մեզ համար։ Ինձ համար կարեւորն այն է, որ արդարություն իշխի, ամեն մեկն իր արածի համար ըստ արժանվույն պատժվի, Հայաստանում օրենք հաստատվի։ Այդ դեպքում ամեն բան կընկնի իր տեղը։ Կարծում եմ՝ այդ ճանապարհին ենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը։

Նրա խոսքով՝ հիմա արդեն ժողովուրդը գիտի՝ ինչպես երկրում իրավիճակ փոխի, դա սովորեցրեց Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ կաներ մեկ ուրիշը՝ էական չէ․ «Մարդիկ երգել-պարելով, իրար սիրելով հեղափոխություն արեցին։ Ժողովուրդը գիտի ճանապարհը, եւ դրա դեմն առնելն անհնար է։ Կապրենք՝ կտեսնենք։ Բայց ես լավատես եմ, կանխազգացել եմ, որ Հայաստանում ամեն բան լավ է լինելու, մեր երկիրը ոսկե դար է ապրելու»,- մեկնաբանեց դերասանը։

Մենք հարցրինք՝ Նարեկն ունի արդյոք քաղաքապետի նախընտրելի թեկնածու․ «Ո՛չ, չունեմ, որովհետեւ նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են առաջադրվել։ Ամեն դեպքում, նա պետք է լինի Երեւանի մասին անհանգստացող մեկը։ Գիտե՞ք, երբ վարչապետը քո սրտով է, արդեն միեւնույն է՝ ով կլինի, ասենք, քաղաքապետը։ Կարեւորն այն է, որ երկրի գլուխը լավն է, նրան շրջապատողներն էլ եթե իրենց չարդարացնեն, կփոխվեն»,- պատասխանեց Նարեկը։

Զրույցի ավարտին նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք Նարեկի աստղային ընտանիքն (Նրա կինը դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է-հեղ․) առաջիկայում մեկնելու՞ է հանգստի․ «Այո՛, Վրաստան ենք գնալու, ծովափնյա հանգստի սիրահար ենք, ջուր ենք սիրում։ Նախընտրում ենք ե՛ւ պասիվ, ե՛ւ ակտիվ հանգիստ․ իրավիճակից եւ տրամադրությունից է կախված։ Ի դեպ, անպայման հանգստի մեկնում ենք երեխաների հետ։ Առանց նրանց ի՞նչ հանգիստ»,- եզրափակեց դերասանը։

Անի Անտոնյան




Լրահոս