ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել 2008 թվականի մարտի 21-ի ԱԺ հատուկ նիստի ժամանակ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ պատգամավորների հարցուպատասխանները:
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Հաջորդ հարցը, հարգելի գործընկերներ, Արտյուշա Շահբազյան։
Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ
-Պատասխանը հնչեց։
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Շնորհակալություն, պրն Շահբազյան։
Հաջորդ, վերջին հարցը՝ Լարիսա Ալավերդյան։
Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
-Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր տված բոլոր մեկնաբանությունների համար։
Ես ունեմ մի քանի հարց։ Նախեւառաջ, այս միջոցառումների մեջ օգտագործվում են արգելքների այնպիսի ձեւեր, ինչպիսիք են՝ ընդհանրապես արգելում, սահմանափակում, այստեղ կա եւ առանց թույլտվության արգելում եւ, կներեք, արգելումը վերաբերում է այնպիսի բաներին, ինչպիսիք են՝ ժողովներ, հանրահավաքներ, եւ մնացյալ կետերը դուք տեսնում եք։
Ինչո՞վ է բացատրվում այդպիսի կոշտ վերաբերմունքը զուտ ժողովներին, եւ ի՞նչ է նշանակում թռուցիկը կպցնել Պաշտպանության նախարարության թույլտվությամբ, այսինքն՝ այդ թույլտվությունը ստանալու ձեւն ինչպիսին է եւ ո՞վ է ասելու։
2-րդ հարցս վերաբերում է «սահմանափակում» խոսքին։ Դա 4-րդ կետի 3-րդ ենթակետն է՝ «Տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում»։ Ի՞նչ կնշանակի այդ սահմանափակումը, եւ արդյոք սա թույլ չի՞ տալիս մեզ, տարածական մեկնաբանության տեղիք չի՞ տալիս մեզ այս իրավակիրառական պրակտիկայի մեջ։
Մյուս հարցս վերաբերում է՝ արդյո՞ք այն հարցը, որ դուք գրում եք, որ վտարելը (դա 4-րդ-ի 7…)՝ «արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտված եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց»։ Մենք «պրակտիկա» կոչված այդ ինստիտուտը վաղուց վերացրել ենք, ի՞նչ կնշանակի այդ վտարումը եւ ինչպե՞ս է դա տեղի ունենալու։
Իմ եւս մեկ հարցը վերաբերում է նրան, որ տեղակացման պահից… Արդյո՞ք դուք ճիշտ եք գտնում՝ ոչ թե օրինական, այսինքն՝ ինչքանով է օրինական։ Անշուշտ, օրենքը թույլ է տալիս։ Ինչքանո՞վ եք դուք համարում՝ տեղեկացման պահից, ճիշտ եք համարում այս պահի համար, երբ մի զանգված, մեր ժողովրդի մի զանգվածը գտնվում է դրսում եւ չի տեղեկացվում այս առումով, եւ ի՞նչն է մեզ այսպես շտապեցնում, օրինակ, այս հրամանագիրն ինչո՞ւ չպետք է ուժի մեջ մտնի, ասենք, մյուս օրվանից։
Եվ վերջինը։ Դուք ասացիք, որ համապատասխանում է միջազգային կոնվենցիայի, այդ 15-րդ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի…
Եթե ես խանգարում եմ ինչ-որ մեկին, խնդրում եմ ինձ զգուշացնեք, ես սովոր չեմ խոսել զուգահեռ։
Եվ վերջինը։ Արդյոք դուք նկատե՞լ եք այնտեղ, որ սահմանափակման, միակ սահմանափակումը, կներեք, վերաբերում է նրան, որ ցանկացած այդպիսի սահմանափակումներ պետք է բխեն ժողովրդավարական եւ ժողովրդավարության շահերից։ Շնորհակալություն։
Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ
-Ես էլ եմ շնորհակալ։
Ինչո՞ւ են սահմանափակումները տարբեր։ Բնականաբար, սահմանափակման սոցիալական արժեքն է, եւ այդ սահմանափակումը խախտելու հնարավոր իրավական հետեւանքների ազդեցությունը հաշվի առնելով՝ մենք մի դեպքում, ինչպես դուք եք ասում, կոշտ սահմանափակում ենք կիրառում, մի դեպքում՝ սահմանափակման մեկ այլ տարբերակ։ Ըստ այդմ էլ, կարծես թե, հաշվի է առնվել, ընդունենք, հրապարակային միջոցառումների միանշանակ սահմանափակո՞ւմն է ճիշտ, թե՞ որոշակի դեպքերում թույլ տալը։
Համենայնդեպս, ես չուզեցի այստեղ օպերատիվ տվյալներ ներկայացնել, բայց խոսում ենք այնպիսի փաստերի մասին, որոնք հանրահայտ են, որովհետեւ օրեր շարունակ իրականացվում է բացահայտ անօրինական, օրենքից դուրս հրապարակային միջոցառումներ։ Այստեղ թույլ տալու կամ թույլ չտալու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այս հանգամանքները հաշվի առնելով, եւ ոչ միայն այսպիսի միջոցառումներ, այլ միջոցառումներ, որտեղ սադրիչներ պետք չեն, եւ գոնե եղած տվյալները, հրապարակված տվյալները ձեզ պետք է համոզեին, որ ամեն ինչ կատարվում է շատ բացահայտ՝ եւ՛ զենքի կուտակումները, եւ՛ որպես զենք ծառայող միջոցների կուտակումը։ Սա այնքան բացահայտ է արվում, որ դրա համար թաքնված սադրիչների կարիք չի եղել։ Հետեւաբար այս հրապարակային միջոցառումների բնույթը պետք է բոլորիս համար հանրահայտ լիներ։
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակմանը։
Բնականաբար, այս իրավունքը վերապահվում է իրավապահ մարմիններին։ Եթե տրանսպորտային միջոցներով հնարավոր են նաեւ այնպիսի հրապարակային միջոցառումներ իրականացնել, որ սահմանափակվի, ընդունենք, քաղաքի բնականոն ընթացքը, այդ դեպքում, իհարկե, կկիրառվեն համապատասխան միջոցներ՝ ինչ այստեղ նախատեսված են։ Այսինքն՝ թույլ չեն տա տրանսպորտային միջոցների տեղաշարժ որոշակի ուղղություններով եւ միաժամանակ կարող են իրականացվել դրանց զննություն։
Վտարման հետ կապված։
Այո՛, սա սահմանափակում է, որը հակասում է Սահմանադրության 25-րդ հոդվածին։ Բայց ես արդեն, կարծես թե, սպառիչ պատասխան տվեցի այդ հարցին, որ կարող են նաեւ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ եւս սահմանափակվել։
Գրանցման հետ կապված այստեղ խնդիր չկա։ Իսկապես գրանցումն արդեն վերացվել է։ Գրանցումը փոխարինվել է մեզ բոլորիս ծանոթ հաշվառման կանգնելու ինստիտուտով։ Բայց դրա մասին չէ խոսքն այստեղ։ Եթե սահմանվում է իրավական ռեժիմ արտակարգ դրության, մարդկանց թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվելու, եւ ասում են՝ արգելված է այս տարածքում, որպեսզի դուք հայտնվեք, բնական է, նրանց կարող են այդ տարածքից վտարել։ Այստեղ ի՞նչ հաշվառման կամ գրանցման մասին է խոսքն ընդհանրապես։
Ինչ վերաբերում է նրան, որ, ընդունենք, վտարման դեպքում… Դուք հարցը տվեցիք, կարծեմ, պետք է իրենք այնտեղ բնակվա՞ծ լինեին, թե՞ ոչ։ Բնականաբար, բնակվողներին սա չի վերաբերում, այլ տարածքներին, որտեղ նրանք խախտելով են հայտնվել այդ տարածքում։ Որեւէ մեկն իր բնակարանում խախտումով չի կարող հայտնվել։ Չեմ կարծում, թե նման բարդ հարց առաջանա սրա հետ կապված։
Ինչո՞ւ տեղեկացման պահից։ Ես արդեն ասացի, որ հրամանագրի տեքստը եղել է պատրաստ մի փոքր ավելի շուտ։ Ուղղակի իրավիճակն է քննարկվել, թե ո՞ր պահին է հարմար այս հրամանագիրը, եւ ընդհանրապես այս հրամանագիրը պե՞տք է լիներ, թե՞ ոչ։
Եթե դեպքերի զարգացումը չտաներ նրան, որ այս հրամանագիրն ընդունվեր, բնականաբար, սա այսօր քննարկման առարկա չէր դառնա։ Բայց ավելի քան ակնհայտ է, որ այսպիսի միջոցառումները պետք է շտապ իրականացվեն։ Սա հենց այն իրավիճակն է, որը շտապ ինչ-որ քայլեր ձեռնարկելը պետք է լինի ոչ թե դատապարտելի, այլ ընդհակառակը, պետք է լինի շատ սպասելի։ Հակառակ դեպքում մենք ոչնչի հասնել չենք կարող։
Տեղեկացվածությունը չի նշանակում տեղեկացնել այն մարդկանց, որոնք, ընդունենք, մի փոքրիկ մասն են կազմում եւ այս կամ այն պատճառով հասու չեն, չգիտեմ, լրատվության միջոցներին, թեպետ համոզված եմ, որ բոլորն էլ արդեն տեղեկացված են։ Սա այն լուրը չի, որ դժվարահաս լինի մարդկանց ինչ-որ մի փոքր հատվածի համար։
Ուրիշ հարց, ոնց որ, չկա։
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Հարցերը սպառվեցին։
Հա, պարզաբանման համար՝ Լարիսա Ալավերդյան։
Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
-Ես տվեցի վերջին հարցը, որպես պարզաբանում կհարցնեմ նորից։
Բոլոր սահմանափակումները… Այո։
Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ
-Ներողություն, ներողություն։ Ոչ միայն ժողովրդավարության շահերից, դուք ճիշտ նկատեցիք, բայց դրանով չի սահմանափակվում։ Դա միակ վավերապայմանը չէ, նաեւ այն, որ դա չպետք է հանգեցնի այլոց իրավունքների խախտմանը։ Իրավունքի իրականացումը կամ ազատության իրականացումը չպետք է հանգեցնի այլոց իրավունքների խախտմանը, հասարակական կարգը, ազգային անվտանգությունը, այսինքն՝ նույն ժողովրդավարության շահերը չեն։ Դուք ընդամենը թվարկում եք մի հանգամանք, բայց 15-րդ հոդվածում թվարկված են մի քանի հանգամանքներ, որոնց ես արդեն անդրադարձա։
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
Շատ լավ։ Հարցերը սպառվեցին, պրն Դանիելյան։
Մինչեւ ելույթների համար հերթագրում հայտարարելը՝ 2 պարզաբանում եւս մեկ անգամ ուզում եմ անել։
Առաջինը, որ Հանրապետության Նախագահը պարտավոր էր տեղեկացման պահից հետո հրամանագիրն ուժի մեջ մտնելը հայտարարել, դա թելադրված է մեր Սահմանադրությամբ։ Ասվում է, որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ։ Ուժի մեջ չմտած փաստաթղթի հետ կապված հատուկ նիստ չի կարող գումարվել, իսկ անհապաղ՝ նշանակում է ուժի մեջ է մտել անհապաղ։
Եվ վերջինը։ Ժողովրդավարության շահեր եւ այլն, սահմանափակումների մեջ նման բան չկա, հարգելի գործընկերներ։ Առաջարկում եմ ուշադիր կարդալ։ Ժողովրդավարության հետ կապված այստեղ որեւէ հարցադրում չկա։
Շատ լավ։ Այժմ հերթագրում ելույթների համար։
Ասեմ, որ մենք սկսել ենք աշխատել 1225։ Մեր կանոնակարգի համաձայն՝ 155 ընդմիջում է լինելու։
Առաջին ելույթը՝ պատգամավոր Վահան Հովհաննիսյան։ Համեցեք։
Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Հարգելի խորհրդարան, իհարկե, քիչ առաջ բազմաթիվ հարցերի միջոցով մենք փորձեցինք պարզել «Արտակարգ դրություն մտցնելու մասին» հրամանագրին վերաբերող մանրամասներ, այդ թվում՝ նաեւ ես։ Իհարկե, այդ մանրամասները, ի վերջո, բոլորիս պարզ են։ Բնական է, որ հրամանագիրը կազմված է գրագետ, հրամանագրի մեջ, ի վերջո, հստակ է՝ ո՞վ ինչ կարող է անել, ով՝ չէ։ Ինչքան դա կտեւի, ցույց կտա ժամանակը։ Վերջապես խնդիրը բոլորովին դա չէ։
Ես շատ կարճ եմ խոսելու։ Միայն կուզեի սկզբի համար հիշեցնել, որ այստեղ մի հարց հնչեց պատգամավորերի կողմից, թե երբեւէ Հայաստանի պատմության մեջ նման բաներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Պրն Դանիելյանն իրեն բնորոշ համեստությամբ հիշեց միայն լոկալ միջադեպեր Մեղրիում կամ ինչ-որ ուրիշ տեղերում։ Իսկ 1996թ. եղել է այս նույնը՝ ոչ պակաս գե՛շ դրսեւորումներով։ Եվ ինչպես այն ժամանակ, դժվար է ասել, եւ դժվար է, երբ ընդհանրապես միշտ ասել, որ միշտ մենակ մի կողմն է մեղավոր, նույնն էլ հիմա է։ Եվ 96 թվականին նույն այս վիճակն էր՝ եւ՛ արտակարգ դրություն, եւ՛ զորք քաղաքում, եւ՛ ժողովրդի անվստահություն իշխանության նկատմամբ։ Արդարացվա՛ծ անվստահություն, ճիշտ, ինչպես հիմա։ Իսկ դրանից առաջ, ահա, այս հրամանագրի մեջ նշված բազմաթիվ կետեր իրականացվում էին կուսակցությունների, մարդկանց, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների նկատմամբ՝ նույնիսկ առանց որեւէ այս նմանօրինակ հրամանագրի եւ արտակարգ իրավիճակի։ Կուսակցություններ էին փակվում, գրասենյակներ էին ջարդվում, թերթեր եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ այնպես չի, որ մեզ համար սա ինչ-որ նորություն է, մենք նման բան կյանքում չենք տեսել։ Ցավոք սրտի, տեսել ենք, պետք է որ սովոր լինեինք արդեն։ Բայց ամեն անգամ, երբ կրկնվում է վատը, նոր սկսում ես անալիզ անել, թե ինչո՞ւ այսպես եղավ։
Ես կարծում եմ, որ, այո՛, այսօր, իհարկե, այս հրամանագիրը ժամանակին է։ Պետք է սա կանգնեցնել։ Պետք է սա կանգնեցնել, որովհետեւ, ցավոք սրտի, քաղաքական շարժումն արդեն վերածվում է բոլորովին այլ բնույթի, քաղաքական շարժումը, քաղաքական բողոքն արդեն մասսայական անկարգությունների է վերածվում։ Սա որեւէ քաղաքական շարժման համար ճիշտ ելք չէ։ Եվ, հավանաբար, դա մի շարք պրովոկատորների մեղքն է։ Ես չեմ կարծում, որ այդպես էին ծրագրել սկզբից հենց հեղինակները։ Ինչեւէ, մեղքը, միեւնույն է, նրանցն է։ Սակայն ելք կար, կարելի էր սրան չհասցնել, հարգելի գործընկերներ։ Դեռ նախընտրական փուլից մենք բազմիցս ասում էինք, որ այս շիկացումը վերջը բախման է բերելու։ Չէին լսում այն ժամանակ։ Մի կողմն իրա վրա շատ վստահ էր, մյուս կողմն իրա վրա շատ վստահ էր։ Եվ, ահա՛, տեսաք, թե ինչի բերեց չափազանց ինքնավստահությունը, չհիմնավորված ինքնավստահությունը։ Երկուստեք բերեց, ահա, այս, ի վերջո, ողբերգությանը։ Ես չեմ ուզում հիմա խոսել քաղաքական հետեւանքների մասին, միջազգային կազմակերպություններում մեր վարկի։ Այդ լավը դեռ առջեւում է, այդ դեռ պիտի ուտենք, այդ հիմա դեռ եփվում է մեր առաջ։
Ես առաջարկել էի հասարակ ու պարզ օրակարգ։ Լավ, այս ամեն ինչը կվերջանա, ժողովուրդ, կհանդատեցնեն, իրավիճակը կհանգցնեն՝ մի կերպ, զորքով, կհանգցնեն։ Մենք բոլորս կբացատրենք ժողովրդին, որ հայը հայի վրա չպիտի կրակի, փայտով չպիտի խփի, այդ ամեն ինչը կանենք։ Հետո, բայց… Հետո մի կողմը կարծելու է, որ հաղթեց, ջարդեց ու կարելի է շարունակել ոնց որ մինչեւ հիմա եղե՞լ է, ու էլի նորից իրեն հարց չի տա՝ բա, էս ո՞նց եղավ, որ այս ատելությունը ժողովրդի մեջ կա։ Ես կարծում եմ, որ պետք է… Ես կարդացել եմ Նյու Յորքի ոստիկանապետի զեկույցը 10 միլիոնանոց քաղաքի, որ ասում էր, որ 10 հազարանոց ցույցը կարող է կազմալուծել քաղաքի ամբողջ կյանքը։ Մեր քաղաքը 10 միլիոնանոց չի։
Երեք պարզ օրակարգ էի առաջարկում։
Ես կարծում եմ, որ երբ կրքերը հանդարտվեն, երբ իրավիճակը մտնի իր հունի մեջ, հուսով եմ, որ կմտնի ի վերջո։ Այդ օրակարգը մնում է ուժի մեջ։ Չի՛ կարելի այսպես ապրել։ Հասկացանք, չէ՞, որ մեր ընտրական համակարգը հիվա՛նդ ա։ Հիմա Սահմանադրական դատարանում հաղթի՛ Լեւոն տեր-Պետրոսյանը, նո՛ր ընտրություն նշանակեն, նո՛ւյնը կլինի։ Ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է խախտում կատարելու, նո՛ւյնը կլինի։ Ուրեմն, հիվանդ ա ամբողջ համակարգը, պետք է փոխել, մեռանք ասելով։
2-րդ՝ մինչեւ փոքրամասնության իրավունքներն ամրագրած չեն օրենքներով, մինչեւ քաղաքական փոքրամասնությունը, օպոզիցիան իրավունքներով օժտված չի, նա փողոցում է ման գալու իր իրավունքները։ Եվ փողոցում ման գալով շատ հաճախ իր հետեւից տանելու է սկզբից գաղափարական զանգված, իսկ հետո՝ խուժաններ։ Դա անխուսափելի է, եւ դա մենք փողոցում տեսանք։
3-րդ՝ ինչքան սահմանափակենք մարդկանց արտահայտվելու հնարավորությունը, այդքան նրանք ձգտելու են դա անել փողոցներում։ Դրա համար էի առաջարկում 3-րդ առաջարկը։ Մեր հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նշանակումը, մի շարք այլ պաշտոններ, հիմա ես չեմ մանրամասնում, կսկսվեն բանակցություններ, կսկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ, այդ մասին կխոսենք։ Քիչ է, գիտե՛ք, միտինգում ասել, բոլորին ձեռք ենք մեկնում։ Դե, մեկնե՛ք, դե, մեկնեի՛ք։
Պետք է վերջապես որոշ հարցեր լուծել կոնսենսուսով։ Չի՛ կարելի ասել՝ մենք շա՛տ ենք, մենք մեծամասնությո՛ւն ենք ճնշող, ուրեմն, մեր խոսքը միշտ ճիշտ է։ Այդպես չի՛ լինում, այդպես չի՛ լինում, միշտ չէ՛, որ մեծամասնության խոսքը ճիշտ է։ Շնորհակալություն։
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Շնորհակալություն: Հաջորդ ելույթը` պատգամավոր Վարդան Այվազյան:
Վ.ԱՅՎԱԶՅԱՆ
-Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ճիշտն ասած, ես ելույթ չէի ուզում ունենալ, բայց որոշակի հարցադրումներ ինձ ստիպեցին բարձրանալ այս ամբիոնին: Պրն Հովհաննիսյան, միանշանակ կիսելով որոշակի այն ձեր հարցադրումները, որոնց որ պետք է հիմա պատասխան տրվեն, բայց գտնում եմ, որ այսօրվա գիշերվա ժամը 1-անց 28 րոպեին չէ, որ մենք պետք է մանրամասն քննարկենք եւ ներողամիտ եղեք, ավելի լայնածավալ քննարկում է լինելու, ես ուզում եմ մի քանի խոսք ներկայացնել, իսկականից չհասկացող մեր մի քանի գործընկերներին:
Չե՞ք հասկանում, որ մարդիկ են խփվում: Մարդիկ են արդեն խփնված, կրակոցներ են գնում, հիմա մենք քննարկում են մտցնե՞նք ռազմական բան, արտակարգ իրավիճակ…
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Պրն Այվազյան…
Վ.ԱՅՎԱԶՅԱՆ
-Թույլ տվեք խոսքս ավարտել:
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Չէ, ես կարող եմ ձեզ ընդհանրապես թույլ չտա: Ես խնդրում եմ հարգալից վերաբերմումք: Չեք հասկանում: Ի՞նչ է նշանակում չեք հասկանում: Ո՞վ է այստեղ ձեր համար անհասկացող:
Վ.ԱՅՎԱԶՅԱՆ
-Պրն Թորոսյան, ես ձեզ խնդրում եմ, իմ անձնական կարծիքի համար ամեն անգամ մեջբերում չանեք:
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Ուրեմն, ես, եթե որեւէ անգամ դուք կամ որեւէ մեկը վիրավորական արտահայտություն թույլ տվեց, կանոնակարգի համաձայն ես զրկելու եմ ձայնի իրավունքից: Ես զգուշացնում եմ եւ խնդրում եմ, որ ինձ չստիպեք դա անել:
Վ.ԱՅՎԱԶՅԱՆ
-Բարի եղեք, երբ որ ներկայացնում են, ես էլ իմ հարցադրումներս եմ ասում:
Իրականում ինձ համար շատ անհասկանալի են այս հարցադրումները: Մենք այս խայտառակ իրավիճակում, երբ որ կրակում էր մեկը մյուսի վրա, մենք չենք եղել, եւ մենք գիշերը ժամը մեկին հավաքվել ենք, քննարկում ենք արտակարգ վիճակ մտցնելու համար ՀՀ Նախագահի հրամանագրի, եթե իրավական որոշակի խնդիրներ կան, արդյոք արժի՞, թե՞ չարժի, երբ որ փողոցներում կրակոցներ են գնում: Ինձ թվում է, այդքան բարդ բան չի այստեղ: Սա շատ ավելի կարճ եւ օպերատիվ պետք է լիներ, շատ ավելի կարեւոր հարցերի պես չէ, որ մենք քննարկում ենք եւ շատ հարցադրումներ են գնում:
Այսքան բանն էի ես ուզում ասել, եւ խնդրում եմ ինձ չընդհատեք, պրն Թորոսյան:
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Ոչ:
Շարունակելի…