2008 թվականի մարտի 4-ին խորհրդարանում արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում «ԱԺ-ի պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին» հարցին հավանություն տալու հարցն էր: Այդ օրը հարցը ներկայացրել է այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու նրան հարցեր են ուղղել: Ելույթ է ունեցել նաև Հակոբ Հակոբյանը: Այն ներկայացնում ենք ստորև:
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Ուրեմն, բոլորիդ պարզ է ընդհանուր իրավիճակը, թե Հակոբ Հակոբյանին ինչու՞ են մեղադրում, ի՞նչ հարցերում։ Ասեմ, որ 1989թ. Հակոբը ղարաբաղյան շարժման մասնակից է եղել, գնդապետ, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր։ Տարբեր ֆրոնտներում մասնակցել եմ պատերազմի, ծանր վիրավորվել եմ 1994թ., ու ես լավ հասկանում եմ ՀՀ-ում կամ որեւէ երկրում ցնցումն ինչ բան է՝ երկրի ցնցումը, որովհտեեւ ես լավ գիտեմ, իմ հետ պատերազմի մասնակից բոլոր մարդիկ գիտեն, որ պատերազմը, ինչ որ մենք հեշտությամբ հաղթեցինք, դա Ադրբեջանում որոշ ցնցումներ կային։ Եթե այդ ցնցումները չլինեին, երեւի այդքան մեծ հաջողություններ մենք չունենայինք։ Այդ ժամանակաընթացքում ով իմ հետ շփվել է, բոլորը լավ գիտեն, որ ՀՀ-ում կլիներ, թե Ղարաբաղում, որտեղ վիճելի, կոնֆլիկտային հարց է եղել, ես միայն եղել եմ անյտեղ խնդրելու, հանգստացնելու, որպեսզի նորմալ վիճակ ստացվի, լարվածություն չլինի իրար դեմ։
Խոսքս այս ընտրություններին։ Ուրեմն, ես փետրվարի 9-ին հայտարարել եմ, որ պաշտպանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Այդ ընթացքում որեւէ մեկը չի կարող գտնվել, որ ասի, թե Հակոբ Հակոբյանը իրեն ճիշտ չի պահել, անշնորհք ձեւով է պահել, որեւէ մեկին վիրավորել է կամ որեւիցե մի բան։
Ընտրությունների հաջորդ օրը, ուրեմն, ընդհանուր երթին, ես, չգիտեմ, երթ եղել է, թե չի եղել, ես չեմ մասնակցել, իսկ գիշերները ժամը 12-ից հետո մինչեւ առավոտյան 9-10-ը այնտեղ եմ եղել, որովհետեւ ես վտանգը զգացել եմ, որ հնարավոր է լավ բաներ չստացվեն հանրապետությունում, լարվածությունը կանխելու համար։ Եղել են դեպքեր 15-20 անգամ գիշերները, պրովոկացիոն մոմենտներ են ստացվել, ես խնդրել եմ միլիցիայի աշխատակիցներին, եկել եւ կանխել են, տարբեր աստիճանի։ Իսկ այդ օրը ապացույցը այն էր, որ առավոտյան ժամը 7-ին, որ ներքին զորքերը, մեր ՄՎԴ-ի համակարգը, չգիտեմ ովքեր էին, որ Ազատության հրապարակ մտան, այդ ընթացքում երեւի միակ տարածքն էր, որ որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել։ Նույնիսկ այն տղաները, ովքեր եղել են այնտեղ, որեւէ մեկի մոտ փայտ չի եղել։ Դա կապված են ամբողջ ՄՎԴ-ի համակարգը Սպենդիարյանի արձանի ձախ կողմի վրա։ Այնտեղ եղել են 50-100 միլիցիոներ, որեւիցե մեկին նեղություն չեն տվել կամ որեւիցե մեկին ոչ մի կոպիտ բառ չի ասվել մեր կողմից։ Դրանից հետո ժամը 2-3-ի կողմը, ժամը հաստատ չեմ հիշում, ինձ ինֆորմացիա հասավ, որ ֆրանսիական դեսպանատան մոտ շատ լարված իրավիճակ է։
Ես եկել եմ իմ վարորդի հետ, հետս մի հոգի իմ ընկերներից, ես եկել եմ այնտեղ, երեւի մի կես ժամ։ Այդ ընթացքում զգացել եմ, որ մարդիկ են անճանաչելի, որոնց ես չեմ ճանաչում, պրոբլեմներ են ունեցել զինվորների հետ, պրոբլեմներ է եղել ՄՎԴ-ի համակարգի հետ։ Այդ ընթացքում կարող է վկայել Խաչատրյան Արթուրը ներքին զորքերի գնդապետ, որը ԲՄՊ-ի ապակիներն էին ջարդում կամ պահի տակ ուզում էին պաժառ տային, ես եմ գնացել եւ կանխել։ Շատ փիս ձեւով տրամադրված իմ նկատմամբ, մի կերպ ճանապարհը բացել եմ, դուրս է եկել դա։ Դրանից հետո ավտոբուսի ապակիներն էին ջարդում, իմ վարորդին եմ նստացրել, պահել եմ ճանապարհը, դեմ եմ ընկել, կարող էր այդ ժամանակ ես էլ ընկնեի ավտոբուսի տակ, որովհետեւ շփոթված էի։ Էդ եմ դուրս հանել, 3-րդ ավտոմեքենան եմ այդտեղից դուրս հանել։ Այդ ժամանակ մոտեցել եմ ներքին զորքերի գնդապետին, որտեղ կանգնած էր ջրցան մեքենան, խնդրել եւ ասել եմ, եթե հանկարծ կոնֆլիկտային վիճակ ստեղծվի, չստեղծես, ինձ ձայն տվեք։ Իմ հետ եղել է առաջվա ներքին զորքերի աշխատակից, մենք եղել ենք 3-4 հոգով։
Ասել ենք, որ հանկարծ մի բան կլինի, կմոտենաք, մենք այդ հարցերը կկարգավորենք։ Դրանից հետո էլ համարյա այդտեղ զորքերը չեն եղել։ Ես էլ ի վիճակի չէի կանգնելու, գնացել եմ մի 100 մետր վերեւ, կոշիկներս հանել եմ, գետնի վրա էի պառկել։ Ժամը 7-8-ի կողմը նորից վիճակը սրանում էր։ Ես զգացի, որ ի վիճակի չեմ, փորձել եմ զանգել Կարեն Կարապետյանին, որ այսքան ժամանակ չէի զանգել այնտեղից դուրս գալով, հեռախոսը չի պատասխանել։ Զանգել եմ մեր Հասմիկին, ասել եմ, Հասմիկ, խնդրում եմ, ցավդ տանեմ, մի հատ ընդեղ մի ձեւի լուծում գտեք։ Լացելով Հասմիկը ասել է, հեսա մի հատ տեսնենք ոնց ենք անում, որովհետեւ վտանգը մեծ է։ Ժամը 9-10-ի կողմը ես էլ ոտքի վրա չէի կարողանում կանգնել, այդ ընթացքում ներքին գործերի նախարարն էր, թե անվտանգության, շնորհակալություն են հայտնել ինձանից երկու բաժանմունքները, որ Հակոբը կարողացել է կանխել դա։ Ես ի վիճակի չէի։ Եթե ես իմանայի, որ ինձանից հետո որեւէ այլանդակ իրավիճակ կստացվեր հանրապետությունում, թեկուզ իմ կյանքի գնով կմնայի անյտեղ կանխելու, թեկուզ ես զոհվեի։ Հակոբը, ասեմ, թուրք չի՛, Հակոբը սրիկա չի՛, Հակոբը միշտ աշխատել է հանրապետությունում նորմալ վիճակ պահել։ Նորից եմ ասում, որ եթե որեւէ մեկը կասի, որ այս ընթացքում իշխանության կամ որեւէ մեկի հասցեին Հակոբը անձնապես վիրավորել է, թող տանեն Հակոբին գնդակահարեն կամ ցմահ բանտարկեն։
Ըտենց բան չի կարա լինի։ Այս ընթացքում խնդիր չկա, թող քննությունը կատարվի, իմ համար էլ է դա ձեռնտու, որպեսզի ապացուցվի։ Եթե կգտնվի մեկը, որ կասի Հակոբ դու հրահրել ես, ասել ես շիշ վերցրու կամ այս մեքենային կամ որեւէ մեկին վիրավորի, հարց չկա, ես պատասխանատու եմ գլխով։ Բայց այդ ընթացքում ես լավ գիտեի, թե ի՞նչ է պատերազմը։ Հետո իմ մասսան այն մասսան է, որն այդ պատերազմով անցած մասսա է եղել։ Նրանք կյանքում չէին ուզենա, որ, ասենք, հանրապետությունում ցնցում լիներ։ Այդ ցնցումի արդյունքը ես գիտեմ ինչ է։ Ինձ համար ցավալին այն է, որ հայաստանցի, ղարաբաղցի կոչեր էին հնչում։ Ամենացավոտը դա էր ինձ համար, որ այսքան ժամանակ, այս տարիներին ինչ առիթ եղել է, ես որեւէ մեկին չեմ թողել, ասել եմ այսպես չի կարելի, որովհետեւ ես գիտեմ, որ այս ճեղքը այս երկրի վերջն է։ Վաղը բոլորս էլ գնալու ենք, ոչ մեկս չենք մնալու, բայց մի քանի տարի հետո մեր սերունդները մեզ չդատապարտեն դրա համար, մեր ախմախ քայլերի համար։ Մի կամ երկու աթոռի համար չի կարելի երկիրը վտանգել կամ ասել՝ սա ղարաբաղցի է, սա չգիտեմ ինչ է։
Բոլորդ էլ գիտեք, որ իմ ընտանիքից, իմ կյանքից բարձր եմ գնահատել Ղարաբաղը, որովհետեւ ես գնացել եմ այնտեղ կես մարդ եմ դարձել։ Ես, այդ պաին, չեմ պատկերացնում, ես զգայի, եթե ինձանով ես գայի, որ այդ բանը կշարունակվելու էր, իմ տղայի հետ ես պատրաստ կլինեի մեր կյանքը դնել, ոչ թե հանրապետությունում այս մխտառ իրավիճակը ստեղծվեր։ Ոչ մի անգամ որեւիցե մեկը չէր ուզենա։ Ես չգիտեմ ով ո՞նց է մտածում, եսիմ ինչեր են մտածում, թե սենց ա Հակոբի մասնակցությունը։ Հակոբի մասնակցությունը մենակ կարար լիներ դրա համար, ուրիշ որեւիցե մի բանի համար չէր կարա Հակոբը լիներ։
Հարցեր, խնդրում եմ, եթե հարցեր ունեք…
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Հերթագրում՝ հարցերի համար։ Հերթագրվել է մեկ պատգամավոր՝ Լարիսա Ալավերդյան։
Լ.ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
-Շնորհակալություն։ Պրն Հակոբյան, ես փաստորեն, երեկ չէ առաջին օրվանից փորձում եմ ձեզ հետ հանդիպել այդ ազատազրկման այն վայրում, որտեղ ձեզ տարել են։ Նույնը ես գիտեմ, որ փորձել է անել նաեւ ձեր դատապաշտպանը։ Կարո՞ղ եք դուք ինձ հիմնավոր ասել, դուք եք արդյո՞ք հրաժարվել կամ մերժել որեւէ հանդիպում, որովհետեւ, ցավոք սրտի, մինչեւ անգամ երեկ, երբ մենք գնացինք Էրեբունու նախնական կալանքի պահման վայրը, թեկուզ մեզ ասացին, որ դուք այնտեղ եք, դուք էլ եւ Մյասնիկ Մալխասյանը, բայց մեզ այդպես էլ թույլ չտրվեց ձեզ հետ հանդիպելու։ Ձեր պատասխանն եմ ակնկալում, արդյո՞ք ինքներդ եք մերժել եւ ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ խանգարվել է պատգամավորի օրինական լիազորությունների կատարումը։ Շնորհակալություն։
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-Ուրեմս, ես եմ մերժել, ես չեմ ուզել հանդիպել, նույնիսկ փաստաբան չեմ ուզել վերցնել, որովհետեւ ես գիտեմ, որ ես անմեղ եմ, որեւէ հարցում մեղավոր չեմ եղել։ Իսկ այս խոսակցություններին ես համաձայնվել եմ նույնիսկ ինձ կալանավորեն, ես անվտանգություն էլ եմ գնացել, ներքին գործեր, որ պահեն, որպեսզի այդ խոսակցությունը մաքրվի, որովհետեւ ես զինվոր եմ եւ իմ ինքնասիրությունը իմ կյանքից բարձր եմ գնահատում։ Ես չեմ ուզենա կյանքում որեւէ բիծ ինձ վրա անցնի։ Ես ուզում եմ մնա, որպեսզի այս եղածը մաքրվի, ճշտվի, ուրիշ հարց չի եղել, որովհետեւ մազաչափ ես չեմ զգում իմ մեղքն այդտեղ։
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Շնորհակալություն, պրն Հակոբյան։ Ավարտվեցին հարցերը։ Կարող եք նստել։ Այո՛։
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ (Առանց խոսափողի)
-15 տարվա մեջ առաջին…(չի լսվում)։