Հուլիսի 31-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Միլանեզիի հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն առավել զարգացնելու երկու երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այդ առնչությամբ նախարարը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Իտալիայի նախագահի առաջին պետական այցելությունը Հայաստան։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էնցո Միլանեզին նշեց, որ Իտալիան կարևորում է Հայաստանի հետ ձևավորված ընդգրկուն օրակարգը՝ շեշտելով, որ Իտալիայի նախագահի այցը լավ առիթ է քննարկելու հազարամյակների պատմություն ունեցող և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերը։
ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի նոր կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու Կառավարության ծրագրում ամրագրված առաջնահերթությունները՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին։ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։
Արձանագրելով, որ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա՝ երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Գործարար կապերի ամրապնդման համատեքստում զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Իտալիայի միջև ուղիղ չվերթների վերականգնումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց Իտալիայի իշխանություններին՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և դրա պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Իտալիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ իրենք ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի առաջմղման ուղղությամբ։ Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Եվրոպական Միություն-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծավալումը։
Հանդիպմանը կողմերն արծարծեցին նաև տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ՝ մասնավորապես անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը և հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը։ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ ղեկավարները կարևորեցին բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը:
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Էնցո Միլանեզին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իտալիայի Հանրապետության Կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության Ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը: