2008 թվականի մարտի 4-ին խորհրդարանում արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում «ԱԺ-ի պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին» հարցին հավանություն տալու հարցն էր: Այդ օրը հարցը ներկայացրել է այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու նրան հարցեր են ուղղել: Ելույթ է ունեցել նաև Մյասնիկ Մալխասյանը: Այն ներկայացնում ենք ստորև:
Մ.ՄԱԼԽԱՍՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, նախ՝ ես ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, որովհետեւ դա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար, որը ոչ ոք չէր ցանկանում, անգամ մեղադրանք առաջադրված ոչ մի պատգամավոր չէր ցանկանում եւ ամեն ինչ արվում էր, որ մի կաթիլ արյուն չթափվի։ Քիչ առաջ խոսեց մեր գործընկեր Հակոբ Հակոբյանը։ Այո, ես լրիվ համամիտ եմ, որ այն տղաները, նրանք լինեն պատգամավորներ, որոնք կային Թատերական հրապարակում, զուտ իրենց ներկայությամբ փորձում էին կանխել այն միջադեպերը, որոնք կարող էին ծանր հետեւանքներ ունենալ, որովհետեւ ամեն պահի կարող էին սադրիչ գործողություններ լինել։
Բազմաթիվ անգամ եղել են մարդիկ, սադրիչներ, որոնց հայտնաբերել են, ոստիկաններին դիմել են, որ նրանց հեռացնեն, բայց, այնուամենայնիվ, դա ապահովագրված չէր։ Բայց 9-ն օրերի ընթացքում ոչ մի միջադեպ չկար, ոչ մի ավելորդ բան չկար։ Ընդամենը կարելի է սա երկխոսության ճանապարհով հարթեցնել այս խնդիրը եւ ավելորդ բանի չտանել հասցնել, եթե չլիներ այդ ոստիկանության, չգիտեմ, թե ինչ ծառայությունների կողմից այդ գիշերվա, որ փորձեցին ցրել այդ նստացույցի մասնակիցներին։ Եվ դրա հետեւանքը եղան մնացած հաջորդ գործողությունները, որոնք ունեցան իրենց ցավալի հետեւանքները։
Ես ուղղակի ուզում եմ… Ես իմ փաստաբանից տեղակացա, որ Հանրային հեռուստատեսությամբ տարածվում են լուրեր, թե Մյասնիկ Մալխասյանին ձերբակալել են դեպքի վայրում ձողը ձեռքին։ Եթե այս ամբողջ քննությունը տարվում է այս կերպ խեղաթյուրելով, ապատեղակատվություն տարածելով, այստեղ ես ոչինչ ասել չեմ կարող։ Ես ուզում եմ տեղեկացնել ձեզ, նախ՝ ես երբեք չեմ խուսափել ոչնչից եւ խուսափելու բան էլ չեմ ունեցել, որովհետեւ այդ ամբողջ ընթացքում, երբ մասնակցել եմ, ես ոչ կազմակերպիչ եմ եղել, ոչ նախաձեռնող, այլ մասնակից եմ եղել եւ մասնակցել եմ, ունեցել եմ մի քանի ելույթներ, որտեղ կան ձայնագրություններ իմ ելույթների, եւ իմ բոլոր ելույթները եղել են հավասարակշռված։ Այնտեղ ոչ մի ավելորդ բառ անգամ չես գտնի ոչ մեկի հասցեին վիրավորական։ Առիթ կլինի, դուք էլ, իմ գործընկերները, եթե ձեզ կհետաքրքրի, կարող եք լսել այդ ելույթների ձայնագրությունները, որ այստեղ ներկայացվում է, որ իրբ մենք կոչերով հանդես ենք եկել իշխանության բռնի տապալման դեմ։ Այդ ելույթները կան, պահպանվում են։ Այնտեղ ոչ մի այդպիսի խոսք չկա։ Մենք ընդամենը մեր գործընկերներին, մեր ժողովրդին դիմել ենք հանդարտության, խոհեմության կոչերով, որ հարցը պիտի լուծվի արդարացի, պիտի արդարությունը վեր հանվի եւ մեր ժողովուրդը պիտի կարողանա իր ճակատագիրը արդար, մաքուր ընտրություններով կանխորոշել։ Եթե սա սահմանադրական կարգի տապալման ձեւ է, որ պիտի արդար ընտրություններով արվի, մենք դրա դեմ ոչինչ չենք կարող ասել, որոշումը ձերն է։
Ինչ մնում է նրան, որ մեղադրանքում ներկայացված է, որ հավաքագրվել են գրոհայիններ, ես ուղղակի այդ մասը ուզում եմ ներկայացնել։ Գրված է, որ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն անմիջական մասնակցությամբ դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում՝ գրոհայինների հավաքագրումով, նրանց զինելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու ակտիվ մասնակցություն են ունեցել ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Սուքիասյանը, ինչը բավարար հիմք է տալիս սույն քրեական գործով նրանց ներգրավելու՝ որպես համապատասխան մեղադրանք առաջադրելով այնպիսի ծանրագույն մեղադրանք, որը նախատեսվում է Քրեական օրենսգրքի 300 հոդվածով պետական իշխանությունը յուրացնել ՀՀ Սահմանադրությամբ խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կամ դա բռնությամբ պահելու, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողություններ, որի համար պատժվում են ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով։
Եթե այս գործողությունները, այս կոչերը, այս ելույթները սահմանադրական կարգի խախտում են, պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձեր են, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ինչպե՞ս կարող ենք մենք մի պետության դեմ, որի ստեղծման հիմքում մենք ենք կանգնած, որի համար մենք պատրաստ ենք եղել զոհելու մեր կյանքը, փորձենք այդ պետությունը բռնությամբ տապալելու։ Դա որեւէ տրամաբանության ենթարկվու՞մ է։ Կամ, թե ասում ենք՝ մենք մեր ժողովրդի կողքին ենք, նշանակում է, որ մենք ուզում ենք սահմանադրական կարգը բռնությամբ տապալե՞նք։
Հաջորդը՝ նախ, մեր երկրում խախտված է պատգամավորի անձեռնմխելիության կարգավիճակը, սա էլ է անհասկանալի։ Գրված է՝ օպերատիվ գործողությունների բանով ձերբակալվել է Մյասնիկ Մալխասյանը։ Ի՞նչ օպերատիվ գործողություն։ Ես տաքսիով գնալուց առավոտյան ժամը 10 անց քանիսի մոտակայքում Արշակունյաց փողոցի վրա ձերբակալել են իմ եղբորը, մարտի 1-ին։ Մեզ զանգել, տեղեկացրել են, գնացել ենք, որ հետաքրքրվենք, թե որտե՞ղ է ինքը։ Ամբողջ օրվա ընթացքում փորձել ենք, չէինք պարզել, թե որտեղ է։ Զանգահարեցին ժամը 5-ի, թե 6-ի մոտակայքում, որ ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված ժողովուրդը անկառավարելի է, գուցե գաք, ձեր միջամտությամբ, ձեր մասնակթությամբ փորձեք…
Եվ ես եկել եմ այդտեղ։ Այնտեղ կար ելույթ, ես փորձել եմ փոքր բաներից բերեցին՝ դիկտաֆո՞ն ա, միկրոֆոններից, բան։ Ելույթում ասել եմ, որ խնդրում ենք ինքնագործունեությամբ չզբաղվեք, կարող է այդ ինքնագործունեությունը տհաճ ու ավելի բարդ հետաեւանքների տանել։ Դրանից հետո մեր գործընկերներից մեկը նշեց, որ ՈՒԱԶ մակնիշի վիլիս մեքենան քշեց ժողովրդի միջով, տրորելով անցավ ու միանգամից իրավիճակը սրվեց ու դարձավ անկառավարելի։ Դրանից հետո ես գնացել եմ։ Գնացինք, ասացին, որ եղբայրս որտեղ է, գնացինք տեսնելու։
Ինձ հետ է եղել Մանուշակ Պետրոսյանը, որին ճանաչում եք, զրուցելով իջել ենք մինչեւ Երկրապահ վարչության մոտակայք, այնտեղ ես սպասել եմ, մեքենա չկար, որ գնայինք։ Ես ասեմ, բավականին, մի քանի ժամ սպասել ենք մինչեւ տաքսի է եկել։ Տաքսին նստեցինք, գալիս էինք դեպի Կիեւյան-Օրբելի կողմը։ Ճանապարհի մի կողմը փակ էր, բայց մեզ ասացին, որ ցրվել են ցուցարարները։ Արամ Սարգսյանն է եկել եւ ասել, որ ցրվեն։ Հետ դարձանք, ճանապարհ չկար։ Բարձրացանք հրապարակի կողմը, այնտեղ մեքենաները գնում էին։
Այդ կողմով բարձրանում էինք, որտեղ Շահումյանի հրապարակի վրա տեղակայված էին, էդ պատվարներով զորքեր էին, թե 6-րդ վարչությունը, անցնում էին մեքենաներով, այդ ժամանակ էլ մենք ենք անցել։ Կանգնեցրեցին մեքենան, ասացին, վայ, Մյասնիկ Մալխասյանն է։ Իջել ենք մեքենայից, բան, ասել են, որ պիտի գնանք, բան։ Նստել եմ իրենց հետ մեքենան, գնացել ենք։ Սկզբում ես ասացի՝ ինչու՞ եք բերել, պիտի տեղյակ պահեք ԱԺ նախագահին, կանոնակարգ գոյություն ունի։ Ինձ չեն պատասխանել։ Մի քանի ժամ հետո ասացին, որ ձեզ կասկածում ենք, պիտի տանենք նարկոլոգիական դիսպանսեր, թմրանյութեր օգտագործել… Տարել են, հետազոտել են, տեսել են, որ դա էլ չի ստացվում, երեկոյան արդեն ուրիշ մեղադրանքով, ուրիշ կասկածանքով են, ասել են, որ ձեզ, չէ՛, արդեն կասակածում ենք այն մեղադրանքով, որը հիմա առաջադրվել է։
Սա է ամբողջ եղելությունը, որ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել։ Բայց ուզում եմ ասել, որ մեր գործընկեր պատգամավորները, ովքեր եղել են այնտեղ, նրանք բոլորն էլ, ովքեր ելույթներ են ունեցել, այդ ելույթները կան։ Նրանք երբեք որեւէ սադրիչ գործողությունների կոչ չեն արել, նրանց բոլորի գործողությունները եղել են հավասարակշռված եւ այդ օրերի ընթացքում նրանք եւ մյուս մարդիկ ուզել են, որ խաղաղ լուծում ունենա, որ մեր երկրի վարկը հեղինակությունը միջազգային ատյաններում չընկնի։ Նրանց գործողությունները միտված են եղել դրան։ Սա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ։ Մնացած որոշումը ձերն է, դուք պիտի կայացնեք։ Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պիտի այս ճանապարհով գնանք, այլ պիտի այստեղ ԱԺ-ն իր դերը ունենա, որ պիտի քաղաքական երկխոսության ճանապարհն ընտրվի, որ երկիրը այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերի։ Սա լավագույն ճանապարհը չի ընտրված, անկեղծությամբ։ Այսքանը։
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Հերթագրում՝ հարցերի համար։
Մ.ՄԱԼԽԱՍՅԱՆ
-Հա, ներողություն։ Հա, լավ, ասենք…
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Հերթագրվածներ չկան։ Ասեք, պրն Մալխասյան։ Ինչ-որ բան էիք ավելացնում։
Մ.ՄԱԼԽԱՍՅԱՆ
-Հա, ես ուղղակի ուզում էի ասել, որ նախ մարդուն թեկուզ ծանրագույն հանցագործության մեջ մեղադրելուց հաշվի է առնվում մարդու անձի հատկանիշները։ Դա կոնվենցիայի նաեւ 134-րդ հոդվածով է նախատեսված, որ անձի հատկանիշները կալանավորման ժամանակ հաշվի է առնվում անձը, եւ ծանր հանցագործությունը հիմք չի մեզ կալանավորելու համար։
Դա արձանագրել է նաեւ եվրոպական դատարանը։ Մանավանդ որ մենք, անձամբ ես փախուստի չեմ դիմում, չեմ խուսափել, դատապարտված չեմ։ Դա վերաբերում է նաեւ իմ գործընկերներին։ Եվրոպական կոնվենցիայով անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, որը, կարծում եմ…
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Պրն Մալխասյան, մեր նիստի ժամանակը սպառվեց։ Ընդմիջում։
Հակոբ Հակոբյանի ելույթը` այստեղ