Պաշտոնների բաշխումը վաղուց էր եղել. ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը մնաց կոտրած տաշտակի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ քվեարկությամբ որոշվեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն դերասան եւ վերջերս այդ կուսակցությանն անդամագրված Հայկ Մարությանն է: Նա երկրորդ փուլի արդյունքներով 3 ձայնով առաջ էր անցել ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ստեղծված իրավիճակն իրականում խորը արմատներ ունի: Ի վերջո, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ի սկզբանե այդ պաշտոնը նախատեսված է եղել հենց Ալեն Սիմոնյանի համար: Սակայն ինչ եղավ երկու ամսվա ընթացքում:

Պաշտոնների բաշխում

Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ս. թ. մարտի 31-ին սկսեցին իրենց քայլարշավը, հանրության գերակշիռ մեծամասնությունը չէր պատկերացնում, որ հաղթանակի կհասնեն՝ ստիպելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, եւ ընդհանրապես, կկարողանան իշխանությունից հեռացնել ՀՀԿ-ին: Եվ, երբ արդեն հստակ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ լինելու, կուսակցությունում սկսել են պաշտոններ բաշխելու գործընթացը: Մասնավորապես, կուսակցությունում ցուցակ են կազմել, թե ում որ պաշտոնում են ուզում տեսնել: Ընդ որում` եղել են պաշտոններ, որոնց ընտրությունը դժվար է եղել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամենաերկար քննարկումները եղել են Մշակույթի նախարարի թեկնածուի ժամանակ: Սկզբում թեկնածու չեն ունեցել, բայց քննարկումներից հետո որոշում է կայացվել նախապատվություն տալ Լիլիթ Մակունցին: Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի պաշտոնների հարցը շատ հեշտ եւ արագ է լուծվել` առանց երկար քննարկելու: Շատ արագ են կատարվել նաեւ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընտրությունը: Իսկ ահա Արայիկ Հարությունյանին երկու առաջարկ է եղել` նա ցանկանում է զբաղեցնել կրթության եւ գիտության նախարարի, թե Երեւանի քաղաքապետի պաշտոնը, վերջինս էլ մեկ օր ժամանակ խնդրելուց հետո ընտրել է առաջին տարբերակը: Եվ հենց նա էլ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է առողջապահության նախարար նշանակել Արսեն Թորոսյանին: Այդ օրերին ցուցակի մեջ Ալեն Սիմոնյանի դիմաց արդեն «գրվել» է «Երեւանի քաղաքապետ», մանավանդ որ նա ավագանու անդամ էր եւ կարող էր զբաղեցնել այդ պաշտոնը:

Եւ հիմա այսօր ստացվում է` այդ ցուցակում ներառված բոլոր անձինք ստացել են իրենց խոստացված պաշտոնները, բացի Ալեն Սիմոնյանից: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, այս իրավիճակի պատճառները կարող են մի քանիսը լինել:

– Ամենաառաջին պատճառը կարող է լինել այն, որ Ա.Սիմոնյանը դրանից հետո այնպիսի քայլեր է արել, որոնք դուր չեն եկել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այստեղ տեղին է հիշեցնել Ալեն Սիմոնյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու պատմությունը, երբ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ արձագանքել էր՝ Սիմոնյանի քայլն իր հետ համաձայնեցրած չէր:

– Երկրորդ պատճառը կարող է լինել նաեւ այն, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Նիկոլ Փաշինյանն այլեւս Ալեն Սիմոնյանին չի տեսել քաղաքապետի պաշտոնում:

– Կամ էլ չի բացառվում, որ Հայկ Մարությանն ավելի լավ կարողացավ համոզել Նիկոլ Փաշինյանին, քան հենց Ալեն Սիմոնյանը:

– Հանուն արդարության նշենք, որ Ալեն Սիմոնյանը, ի տարբերություն վերը թվարկված բոլոր գործիչների, ինքնուրույն կայացած կերպար է, ունի մեծ շրջապատ, եւ գարնանային հեղափոխության ժամանակ մեծ է եղել նրա դերակատարումը, քանի որ հանրության լայն շրջանակների մոտ նա ունի դրական իմիջ:

Թեժ ընտրություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստը, որի ժամանակ տեղի ունեցավ քաղաապետի թեկնածուի ընտրությունը, չի անցել հանգիստ: Այն մասնավորապես տեւել է 5 ժամից ավելի, եւ ՔՊ-ում եղել են 8 թեկնածուներ, սակայն 5-ը ինքնաբացարկ են հայտնել մինչեւ առաջին փուլի ընտրությունը, իսկ առաջին փուլում էլ նրանցից Սրբուհի Ղազարյանը մեկ ձայն էր ստացել, Հայկ Մարությանը` 6, Ալեն Սիմոնյանը` 5, 1 քվեաթերթիկ էր անվավեր էր ճանաչվել: Իսկ ահա երկրորդ փուլում Հայկը ստացել է 8 ձայն, Ալենը` կրկին 5: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի ու կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ձայները հենց Ալեն Սիմոնյանի կողմն են եղել: Ինքնաբացարկ հայտնողներից մեկն էլ եղել է հենց Արայիկ Հարությունյանը, ում այդ պաշտոնին փորձում էր առաջ տանել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն չստացվեց:

Եվ այժմ ՔՊ-ի թիմը ընտրության կգնա Հայկ Մարությանի դեմքով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս