Նիկոլ Փաշինյանը ստացել է հիմնավորապես ականապատված երկիր. Վահան Շիրխանյանը` նոր կառավարության և Քոչարյանի կալանավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ծավալված իրադարձությունների շուրջ զրուցել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի հետ:

-Ինչպե՞ս ընդունեցիք թավշյա հեղափոխությունը, սպասելի՞ էր այն Ձեզ համար, թե՞ ոչ, կհավատայի՞ք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա:

-Նախ կասկածանքով, այնուհետեւ հիացմունքով: Այն, որ Սերժի գահընկեցումը առավել քան հասունացել էր, կասկած չունեի: Բայց այն հասունացած էր շատ վաղուց, եւ 20 տարի ոչ մի քաղաքական ուժի եւ գործչի դա չէր հաջողվում, իսկ 99-ին նրան պաշտոնազրկելու եւ թալանից 200 մլն դոլլարը վերադարձնելու փորձը ավարտվեց հոկտեմբերի 27-ով: Ես համոզված էի, որ նրանից ազատվելու բոլոր խաղաղ ճանապարհները փակ են: Իհարկե, ենթադրել, որ Սերժը մի օր կամավոր հրաժարական կտա, անհնար էր` մոտիկից ծանոթ լինելով նրա փառամոլությանը եւ ագահությանը: Այնպես որ, կատարվածը հրաշք էր:
Այս հեղափոխությունը Հայաստանին եւ հայությանը պարգեւել է բացառիկ շանս դառնալ արդար, հզոր եւ բարեկեցիկ երկիր: Նա շանս է տվել հասնելու համահայկական միասնության: Հեղափոխությանը հաջորդեց մի բացառիկ երեւույթ` համազգային ցնծություն, որը Սերժի ամբողջ թիմի կտրուկ եւ վերջնական մերժման Համահայկական վճիռ էր:

-Այսօր ստեղծված իրավիճակին ինչպե՞ս եք վերաբերվում, այնուամենայնիվ, որքան էլ մեծ է էյֆորիան, չե՞ք տեսնում վտանգներ:

-Այսօրվա գործընթացներն ընդունում եմ ինչպես էֆեկտիվ բուժիչ դեղորայքներ: Ինչ վերաբերում է վտանգներին, ապա դրանք շատ մեծ են: Նիկոլ Փաշինյանը ստացել է հիմնավորապես ականապատված երկիր: Ականապատված են բացարձակապես բոլոր ոլորտները, եւ նրա կառավարության անդամները պետք է խորապես տիրապետեն ականազերծման գործին եւ հանդես գան ավելի շատ որպես սակրավորներ: Նրանք տեղադրված են ոչ միայն ներքին, այլեւ արտաքին կապերի դաշտում: Այդ ականները արտահայտվում են ոչ միայն վերեւից ներքեւ հղկված, քարացած կոռուպցիոն սխեմաներով, այլ նաեւ օրենքներով, որոշումներով, հրահանգներով, հրամաններով, դեռեւս հանգուցային պաշտոններ զբաղեցնող սերժականներով, այստեղ-այնտեղ եւ զոն նայողների տեղադրումով եւ այլն: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել Փաշինյանի անվտանգության ապահովմանը:

-Մարտի մեկի քրեական գործով քննչական նոր գործողություններին ինչպե՞ս եք վերաբերվում, մասնավորապես, Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը: Այս գործընթացը որքանո՞վ է հիմնավոր:

-Մարտի 1-ը Հայաստանում պետական ահաբեկչության միջոցով իշխանությունը պահելու էտալոնային նմուշ է: Երկրորդ եւ երրորդ ապօրինի նախագահերը հաճախ են դիմել ահաբեկչության օգնությանը` զուգահեռաբար օգտագործելով նաեւ Արցախյան խնդիրը որպես շանտաժի գործիք: Դրանք բոլորը ուղեկցվել են Մարդու իրավունքների եւ Սահմանադրական պահանջների վրա պազապես թքելով:
Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է արվում: Քոչարյանից պետք է պահանջել նաեւ բացատրություններ բազմաթիվ հանցավոր սեփականաշնորհումների համար, հատկապես «Հայոսկու», «Կոնյակի գործարանի» եւ «Արմենտելի» մասով:

-Մարտի 1-ի պատասխանատուների ցանկը միայն Քոչարյանո՞վ է սահմանափակվելու, թե՞ ոչ:

-Մարտի մեկում առավելագույն մասնակցությունը նրա կազմակերպման, իրականացման, իսկ այնուհետ պարտակման գործում ունեցել է Սերժ Սարգսյանը: Զորքերի տեղաշարժը Արարատից, Արմավիրից եւ Վանաձորից իրականացվել է նրա հրամանով: Այստեղ իրենց պատասխանատվության բաժինը ունեն Անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ, ԱԱԾ, Ոստիկանության ղեկավարնեը, Ռազմական ոստիկանությունը, օլիգարխների թիկնապահական հանցախմբերը:

-Շատերը նաեւ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման պահանջ են դնում: Սրան հասնելը որքանո՞վ է հնարավոր:

-Եթե մարտի մեկը նախ պետք էր Սերժին, հետո միայն Ռոբերտին, ապա հոկտեմբերի 27-ը պետք էր նախ Ռոբերտին, հետո միայն Սերժին: Այն վճռականությունը, որին ականատես ենք ի դեմս վարչապետի, լուրջ հիմքեր է տալիս հուսալու, որ կբացահայտվի նաեւ հոկտեմբերի 27-ի ազգադավ հանցագործությունը:

-2015 թվականին Նորք-Մարաշում հայտնաբերված հանցավոր խմբի գործով Ձեզ մեղադրանք առաջադրելը, կալանքի տակ պահելը որքանո՞վ է հիմնավոր, եւ Դուք ի՞նչ կապ եք ունեցել խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ: Ավելին` եթե սա շինծու քրեական գործ է Ձեր դեմ, ապա ի՞նչ նպատակ է այն հետապնդել:

-Սա պետական ահաբեկչության հերթական դրսեւորում էր, որի նպատակը սահմանադրական հանրաքվեի նախօրեին հասարակությանը ահաբեկելն էր, ակտիվ դիմադրությունը ջարդելն էր: Երբ ինձ առաջադրեցին մեղադրանք սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ, Սահմանադրական կարգը հերթական անգամ եւ հիմնավորապես տապալել էր Սերժը` հիմնովին կեղծելով հանրաքվեի արդյունքները:
Արթուր Վարդանյանը ինձ ներկայացել է որպես զոհված ազատամարտիկի որդի, եւ ես նրան ուշադիր լսել եմ, ինչը կանեի ցանկացած մեկ այլ զոհված ազատամարտիկի զավակի դեպքում: Այս գործը Սերժին հաճոյանալու ծառայամտության պոռնկացման վերին աստիճանի նմուշ է, երբ քրեականացվել է նույնիսկ Սպարապետի շիրիմի մոտ նկարվելը կամ պարզապես ազատամարտիկ լինելը: Գործի 35 հատորները, դատավարության ընթացքը եւ մթնոլորտը լցված են թույնով ազատամարտիկների դեմ: Հաղթանակում մեծ վաստակ ունեցող Վովա Առաքելյանին եւ Խաչիկ Ավետիսյանին շարունակում են պահել կալանքի տակ` արհամարհելով օրենքը եւ նրանց առողջական վիճակը: Սա Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ի քննչական, մարդկային, բարոյական խղճուկ պատկերի արտացոլումն է:

-Երկրապահ կամավորականների միության շուրջ վերջին մեկ ամսվա ընթացքում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որպես նրա հիմնադիրներից մեկը` ինչպե՞ս կգնահատեք ներսում տիրող իրավիճակը:

-Ագահությունը կործանել է Մանվելից շատ ավելի հզոր մարդկանց: Պարզապես նա խայտառակեց Սպարապետին, բանակին, ինձ եւ բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել Երկրապահի հետ: Եթե ԵԿՄ բազմանդամ վարչությունը չի կարողացել կանխել այդ ստոր ու պրիմիտիվ թալանը, ուրեմն նա սպառել է իրեն եւ ենթակա է կազմալուծման: Ճիշտ կլինի նրա առողջ, ազնիվ եւ նվիրյալ անդամների, որպիսիք ազատամարտիկների մեջ շատ կան, եւ զորացրված զինվորների, սպաների հիմքի վրա ձեւավորել Ազգային Գվարդիա, որը ուղղակի կենթարկվի վարչապետին կամ ծայրահեղ դեպքում պաշտպանության նախարարին: Այն կդառնա բանակի կայուն, մարտական ռեզերվ:

-Իսկ ի՞նչ կասեք բանակում հայտնաբերված չարաշահումների մասին:

-Բարդ ժառանգություն է հասել Դավիթ Տոնոյանին: Երկրորդ եւ երրորդ ապօրինի նախագահների ժամանակ ապօրինի հարստանալը համարվում էր գործարարական որակ: Այդպիսի մարդիկ էին նրանց կողմից գնահատվում, պաշտոններ ստանում: Բանակը, որը Սերժը դարձրել էր շուրջօրյա սուպերմարկետ, զերծ չմնաց այդ վարակից: Մասամբ ծանոթ լինելով նախարարի մարդկային եւ մասնագիտական որակներին` վստահ եմ, որ նա պատվով կկատարի իր ուսերին դրված ծանր եւ պատվավոր պարտականությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս