Ըստ շրջանառվող լուրերի` երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը: Այս իրադարձությունը միանգամայն սպասելի էր: Ժամանակին Վահագն Հարությունյանը եղել է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Ու մշտապես տեսակետ է հնչել, որ նա առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի հանցագործության կոծկման հարցում, երբ փորձեցին քրեական գործի նախաքննությունը տանել՝ մեղավորներ փնտրելով ոչ թե իշխանության, այլ ընտրակեղծիքների դեմ բողոքի դուրս եկած ընդդիմադիրների շրջանակներում: Եթե չեք մոռացել, հենց նա էր համոզում, որ ընդդիմադիրների մոտ իբր հայտնաբերված ձողերն ու մահակները մարմնական վնասվածքներ պատճառելու համար էին: Հենց նա էր փորձում համոզել, թե մարտի 1-ի իրադարձություններին բանակը չի ներգրավվել, թեեւ տեսագրություններում երեւում էին ՊՆ համարանիշներով մեքենաները:Հենց նա էր համոզում, թե մարտի 1-ին ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ, ծառայողական պարտականությունների չարաշահման որեւէ դեպք չի եղել:
Հիմա, երբ թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործի քննությունը, ըստ այդմ, հերթով բացվում են նախաքննության ժամանակ թույլ տրված կեղծիքները, շատ հարցերում ակնհայտ դիտավորությունը, նրա հրաժարականը միանգամայն տրամաբանական է: Առավել եւս, երբ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հավանական են համարում, որ որոշ ժամանակ անց այս գործով կարող է նույն Վահագն Հարությունյանը հայտնվի մեղադրյալի կարգավիճակում, երբ հիմնավոր փաստեր ներկայացվեն որ նա ժամանակին փորձել է կոծկել հանցագործության հանգամանքները` չարաշահելով պաշտոնական լիազորությունները: Հուսանք, երբ ՀՔԾ-ն կհասնի նաեւ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի գործողությունների իրավաչափության ուսումնասիրությանը, Վահագն Հարությունյանը մարտի 1-ի մյուս պատասխանատուների նման ճողոպրած չի լինի երկրից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են զինկոմները: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում, նաեւ ավելի ուշ բերման է ենթարկել զինկոմ Գեւորգ Մխեյանին: Ըստ շրջանառվող լուրերի` զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար կլորիկ գումար վերցնելու փորձի կասկածանքով: Ավելին` Մխեյանից բացի ԱԱԾ-ն բերման է ենթարկել այլ անձանց եւս, որոնք կապ են ունեցել այդ ամենի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել հայաստանյան մյուս զինկոմներում եւս, մանավանդ, երբ այս օրերին մեկնարկել է ամառային զորակոչը: Իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում բոլոր զինկոմներում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումները զսպելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն հրաժարվել է այս տարվա աշնանը նախատեսած համագումար անցկացնելու մտքից: Բացի այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերջին շրջանում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այնքան էլ ակտիվ չի զբաղվում կուսակցական հարցերով՝ գերադասելով դրանք վստահել փոխնախագահներին եւ կուսակցության Գործադիր մարմնի անդամներին: Սերժ Սարգսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակ շաբաթը մեկ անգամ է այցելում՝ մասնակցելու Գործադիր մարմնի նիստերին: Նա միայն այդ օրերին է հանդիպում կուսակիցներին, դեմ առ դեմ քննարկումներ անցկացնում նրանց հետ: Մնացած ընթացքում, ինչպես պնդում են մեր աղբյուրները, նա հեռախոսազանգերի միջոցով է կապի մեջ լինում կուսակիցների հետ: Բացի այդ, այս օրերին ՀՀԿ-ից ակտիվորեն շարունակվում է արտահոսքը. մարդիկ զանգվածաբար ՀՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացնում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը եղել է անհրաժեշտություն: Միաժամանակ նա պնդել է, որ մարտի 1-ի գործողությունների համար խորհրդարանն ու 2008թ. դրանում ընդգրկված ուժերը պատասխանատվություն չեն կրում: «Մենք արտակարգ դրության վերաբերյալ հայտարարություն ենք արել: Դրա անհրաժեշտությունը տեսել ենք, որովհետեւ կար իրավիճակ, որը պետք էր իսկապես կարգավորել: Կարգավորման մասին է արտակարգ դրությունը, ոչ թե հաշվեհարդարի: Մնացած գործողությունների համար Ազգային ժողովը չի պատասխան տալիս: Քաղաքական ուժերը որեւէ առնչություն չեն ունեցել դրա հետ, Դաշնակցությունը հատկապես»: Այնուամենայնիվ, Ռուստամյանը պնդել է, որ իրենք ողջունում են ցանկացած բացահայտում. «Միայն թե դա պետք է տեղի ունենա` իրավական նորմերը պահպանելով»,- ասել է նա:
ԸՕ-Ի ԵՐԿՈՒ ՀԱՏՆ Է ԼԱՎԸ
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ, մեղմ ասած, անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից ԸՕ նախագիծ է մշակում կառավարությունը՝ հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված հանձնախմբի, մյուս կողմից նույն այդ գործով զբաղվում է ԱԺ նախագահի որոշմամբ խորհրդարանական չորս ուժերից կազմված աշխատանքային խումբը: Եւ այս երկուսի աշխատանքները ոչ թե գալիս են փոխլրացնելու միմյանց, այլ ընդհակառակը: Նման եզրակացության կարելի է հանգել` հետեւելով նախօրեին ԱԺ-ում երկու հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումից: Հանդիպում, որն ամենեւին էլ փոխըմբռնման մթնոլորտում չանցավ: Հիմա մեծ է ԸՕ երկու նախագիծ ունենալու հավանականությունը: Պատահական չէ, որ երեկ այդ մասին արդեն խոսում են ՀՅԴ ներկայացուցիչները, մասնավորապես խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե իրենց նպատակն է համախոհությամբ հասնել մեկ միասնական նախագծի, ու իրենց համար անհասկանալի է՝ մեկ, թե երկու նախագծով են ներկայանալու խորհրդարան:
Ստեղծված իրավիճակում, իհարկե, իր մեղավորության բաժինն ունի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանը: Կառավարության հանձնախումբն, ըստ էության, անտեսում է ՀՀԿ-ին, երբ այդ կուսակցության ներկայացուցիչներին չընդգրկեցին աշխատանքային խմբում (սա միանգամայն հասկանալի պատճառներով. ի վերջո ՀՀԿ-ն ընկալվում է որպես ընտրակեղծարար ուժ, որից որքան հնարավոր է, պետք է հեռու մնալ): Բայց եւ հնարավոր չէ նրանց հետ հաշվի չնստելը թեկուզ եւ այն պատճառով, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունն է, կարող է նրանց ձայները վճռորոշ լինեն:
Խորհրդարանում ՀՀԿ-ական մեծամասնությունը, որի ձեռքին է շարունակում մնալ օրենսդիր իշխանությունը, իր հերթին փորձում է օգտագործել ունեցած լծակներն ու ԱԺ նախագիծ ներկայացնել:
Ստեղծված իրավիճակում հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. կառավարությունն, ըստ էության, ՔՊ-ի ձեռքին է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ղեկավարներից է: Բայց ԱԺ-ում «Ելք» խմբակցությունը, որի անդամ է ՔՊ-ն, մասնակցել է ԸՕ նախագծի համար ձեւավորված խորհրդարանական հանձնախմբի աշխատանքներին ու մասնակցել բավական ակտիվ: Ընդ որում` այդ քննարկումներին մասնակցել են «Ելք»-ի անդամ ե՛ւ «Լուսավոր Հայաստան», ե՛ւ ՔՊ անդամ պատգամավորները:
Այսքանից հետո իսկապես տարօրինակ է երկու աշխատանքային հանձնախումբ ունենալու իմաստը, եթե այդ ամենը չի արվում միմյանց հակակշռելու, բանավեճ «սադրելու» եւ դրա արդյունքում միասնական նախագիծ ներկայացնելու համար: