ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԵԼ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենսաթոշակային համակարգի, արտահերթ ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

-Պարո՛ն Ռուստամյան, ՀՅԴ-ն զեկույց էր պատրաստել կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ նախկինում դա չէր արվում:
-Մենք դրա մասին միշտ էլ բարձրաձայնել ենք: Այս անգամ պարզապես գրավոր ներկայացվում է ամբողջ պատմությունը, որը, կարծում եմ, շատ օգտակար է: Ամբողջական վերլուծությունն է այդ համակարգը ներդնելու հետ կապված, մեր անցած ամբողջ ճանապարհի, մեր մոտեցումների: Կարծում եմ` շատ օգտակար է. կարող է ծառայել թե՛ մասնագիտական վերլուծությունների, թե՛ քաղաքական դիրքորոշումները հստակեցնելու համար:
-Այս թեմայով կառավարությունում իր տեսակետը հնչեցրեց նախարար Արծվիկ Մինասյանը, եւ բանավեճ ստացվեց վարչապետի հետ: Հիմա եթե ՀՅԴ-ն շարունակի պնդել իր տեսակետը, չե՞ք կարծում, որ կոնֆլիկտ կառաջանա գործող իշխանության եւ վարչապետի հետ:
-Կոնֆլիկտը ոչ թե անձնական բնույթ պետք է ունենա, այլ գաղափարական, համոզումների խնդիրներ են: Մենք մեր սկզբունքները պաշտպանում ենք` անկախ նրանից, թե մենք այդ պահին կառավարության մեջ ենք, թե կառավարությունից դուրս: Կուտակայինի հետ կապված մենք ունենք սկզբունքային դիրքորոշում, որը վաղուց արտահայտել ենք եւ «Դեմ եմ» շարժումը, ըստ էության, նախաձեռնեց գլխավոր առումով նաեւ ՀՅԴ-ն: Եվ մենք այդ մոտեցումներից չենք հրաժարվելու: Պետք է վերացվի պարտադիր բաղադրիչը:
-Անկախ ամեն ինչից՝ չե՞ք հրաժարվելու:
-Անկախ ամեն ինչից՝ չենք հրաժարվելու, որովհետեւ պարտադիր բաղադրիչը առաջացնում է հարցեր, որոնք մեզ համար սկզբունքային են: Այդ հարցը` պարտադիր բաղադրիչի պահպանման, եթե այս կամ այն կերպ տեղի կունենա, թեկուզ տոկոսներն էլ պակասեցվեն, միեւնույն է, հարցի լուծում համարվել չի կարող: Սա սոցիալական շատ լուրջ խնդիր է, ի վերջո սերունդների համերաշխությունն ապահովելու խնդիր է, որը նաեւ բարոյական արժեք ունի: Ուրախ եմ, որ կառավարությունը եւս գտնում է, որ այդտեղ խնդիր կա: Նախեւառաջ իրենք սահմանադրական նորմերի հետ համաձայնեցնելու խնդիր են ուզում տեսնել, բայց դա մեր ասած 3 բաղադրիչներից մեկն է:
-Անգամ անկախ ներկայիս կառավարության դիրքորոշումի՞ց, որի կազմում եք:
-Մենք նախորդ կառավարության հետ էլ այդ տարաձայնությունն ունեինք եւ դրա հետ կապված մենք չենք թաքցրել մեր մոտեցումները:
-Դառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հակված եք միայնա՞կ, թե՞ դաշինքով մասնակցելու:
-Մենք միշտ ավանդաբար մասնակցել ենք միայնակ, բայց բաց ենք եղել համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք մեր մոտեցումները կիսում են: Բայց կգա ժամանակը, եւ ավելի հստակ կարտահայտենք:
-ՀՀԿ-ն Ձեր կոալիցիոն գործընկերն էր նախկինում: Իրենց հետ կապված չարաշահումների մասին ՀՅԴ-ն չի՞ իմացել:
-Որ կային կոռուպցիոն երեւույթներ, մենք վաղուց դրա մասին խոսել ենք, որ Հայաստանը համակարգային կոռուպցիոն վիճակ ունի, եւ սա փոխելուն ուղղված ոչ միայն արտահայտել ենք մեր դժգոհությունն, այլեւ առաջարկներ ենք արել, որոնց մի զգալի մասն իրականություն է դարձել: Եթե անձակենտրոն համակարգ ունես, այդ համակարգը բերում է նաեւ կոռուպցիայի ավելի մեծ դաշտ ապահովելուն:
-Սերժ Սարգսյանի հե՞տ էր կապված այդ անձակենտրոն համակարգը:
-Այո՛: Բոլոր ժամանակներում անձակենտրոն է եղել: Մենք դրա մասին ասել ենք, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այս համակարգի բերած հետեւանքներն է դա եղել: Դրա համար էինք մենք ջատագովը, որ պետք է համակարգը փոխվի դեպի խորհրդարանական: Ինչ վերաբերում է կոնկրետ անուններով բացահայտմանը, մենք այդ լծակները չենք ունեցել. ԱԱԾ-ն, ոստիկանությունը երբեք մեզ չեն պատկանել, որ մենք թելադրող լինենք:
-Կարծիք կար, որ ընտրություններին Դաշնակցության համար ՀՀԿ-ն էր ձայներ ապահովում: Հիմա Դուք ի՞նչ ռեսուրսով եք ընտրություններին գնալու:
-Այդ կարծիքը հեքիաթների դաշտից է: Այդպես որ լիներ, ՀՅԴ-ն չպետք է ձայներ ունենար ՀՀԿ-ից առաջ, ընդդիմություն եղած ժամանակ եւ այլն: Բայց ի տարբերություն բոլոր մնացած ուժերի` Դաշնակցությունն ունի իր կայուն էլեկտորատը: Ոչ ոք ոչ ոքի ձայն չի նվիրում: Եթե կարողանան ձայն բերել, իրենց համար կբերեն: Ամեն մեկը փորձում է հնարավոր իր ձայներն ապահովել: Իսկ ՀՅԴ պարագայում, ընդհակառակը, մեր դեմ աշխատել են շատ հաճախ:
-Ովքե՞ր են աշխատել Ձեր դեմ:
-Պետք է լինեն այդ լծակները, որ հստակ անուններով տանք:
-Եթե այս բոլոր խնդիրները կային, ինչո՞ւ ՀՅԴ-ն ավելի շուտ դուրս չէր գալիս կոալիցիայից:
-ՀՀԿ-ի հետ կոալիցիայում մենք խնդիր էինք լուծում եւ այդ խնդիրները լուծել ենք: Հիմա էլ նույն խնդիրները պահպանվել են. Նիկոլ Փաշինյանից եթե լսել եք, արտաքին դաշտում նույն իրողությունները պահպանվել են, ներսում հակակոռուպցիոն պայքար եւ այլն, մեր վաղուցվա արտահայտած 7 կետերից դեռ որեւէ բան դուրս չի եկել:
-Այս վերջին բացահայտումներն արդյո՞ք ճիշտ եք համարում: Եվ ըստ Ձեզ` Մարտի 1-ի գործով պե՞տք է բացի Ռոբերտ Քոչարյանից, նաեւ Սերժ Սարգսյանին անդրադարձ կատարվի:
-Ցանկացած բացահայտում մենք ողջունում ենք: Միայն թե դա պետք է տեղի ունենա` իրավական նորմերը պահպանելով:
-Այդ դեպքում ինչո՞ւ է 2008-ին Դաշնակցությունը մյուս ուժերի հետ խորհրդարանում կողմ քվեարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու ռեժիմին:
-Դա ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ:
-Տեսակետ կա, որ այդ բոլոր ուժերը դրա համար պատասխանատվություն են կրում:
-Մենք արտակարգ դրության վերաբերյալ հայտարարություն ենք արել: Դրա անհրաժեշտությունը տեսել ենք, որովհետեւ կար իրավիճակ, որը պետք էր իսկապես կարգավորել: Կարգավորման մասին է արտակարգ դրությունը, ոչ թե հաշվեհարդարի: Մնացած գործողությունների համար Ազգային ժողովը չի պատասխան տալիս: Քաղաքական ուժերը որեւէ առնչություն չեն ունեցել դրա հետ, Դաշնակցությունը հատկապես:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ ՀԵՏՈ ԹԱՂԱՊԵՏԵՐՆ ԵՆ ՑԱՆԿԱՑԵԼ ՀԵՌԱՆԱԼ

Արդեն չորս օր է՝ Երեւանը քաղաքապետ չունի: Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին այդ պաշտոնից հրաժարական տվեց Տարոն Մարգարյանը:

Եվ այսօր, «Երեւան քաղաքի ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, Երեւանի ավագանին արտահերթ նիստ կգումարի, որպեսզի ընդունի քաղաքապետի հրաժարականն ու որոշի նոր քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Ըստ օրենքի` դա կարող է լինել մեկ ամսվա ընթացքում, իսկ մինչ այդ պետք է խմբակցությունները թեկնածուներ առաջադրեն:
Սակայն դեռ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ «Ելք»-ը չեն շտապում հայտնել իրենց որոշումների մասին: Իսկ այսօրվանից սկսած մինչեւ ընտրության օրը քաղաքապետի պարտականությունները կդրվեն Կամո Արեյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո վարչական շրջանների ղեկավարները եւս ցանկացել են դիմում գրել եւ դուրս գալ, սակայն մեր տեղեկություններով` ՀՀԿ-ից, ինչպես նաեւ անձամբ Մարգարյանը նրանց հորդորել են դեռ այդպիսի բան չանել եւ սպասել, մինչեւ հասկանան, թե ով կարող է փոխարինել Մարգարյանին, կամ ինչ զարգացումներ կլինեն մեկ ամիս անց:
Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ն հակված է պահել, իրենց թեկնածուն առաջադրել, իսկ ահա «Ելք»-ում ավելի շատ հակված են գնալ ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով: Եթե այդպես լինի, ապա ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԻՆ ՈՃՈՎ
ԱԺ երեկվա արտահերթ նիստն անցավ նախկինների նմանությամբ կիսադատարկ դահլիճում: Նախագծերի քննարկումների ժամանակ պատգամավորներից հատուկենտ մարդիկ էին դահլիճում ներկա, հարց տալիս, փորձում ելույթ ունենալ: Նրանք գերադասում էին դահլիճ մտնել օրինագծերի քվեարկությանը մասնակցելու համար։ Պատահական չէ, որ գրանցվել էր 105 պատգամավորից 76-ը, քվեարկություններին մասնակցում էին առավելագույնը 70-72-ը: Փաստորեն, պետք է արձանագրենք, որ Ազգային ժողովն իր նախկին ոճը չի փոխել անգամ թավշյա հեղափոխությունից հետո:

 

 

ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ԵՆ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` իրավապահ համակարգը սկսել է «անհանգստացնել» զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովի բժիշկներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու` իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, եթե անգամ գործընթացն օրինական է եղել, ապա կոնկրետ ինչ պատճառներով: Այս հանգամանքը խուճապ է առաջացրել բժշկական հանձնաժողովի անդամների մոտ, քանի որ փորձը ցույց է տվել՝ հենց նրանց թեթեւ ձեռքով են շատերը ազատվել պարտադիր ժամկետային ծառայությունից կամ տարկետում ստացել: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից եւ այժմ զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձեւակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանան: Չի բացառվում՝ առաջիկայում բավական հեղինակավոր բժիշկներ հայտնվեն սկանդալների կիզակետում, քանի որ հենց նրանք են ստորագրել փաստաթղթերը, տվել եզրակացությունը:

 

 

ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրեդերիկա Մոգերինիի հետ: Մինչ այդ վարչապետը ելույթ է ունեցել «Կարնեգի- Եվրոպա» հետազոտական կենտրոնում՝ ասելով. «Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ արդեն իսկ բացահայտվել են կոռուպցիայի մի շարք խոշոր դեպքեր: «Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի: Մեկ այլ կարեւոր հանձնառություն է կազմակերպել իսկապես ազատ եւ արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի»:




Լրահոս