Հայաստանի Հանրապետական կուսակցության վիճակն իսկապես աննախանձելի է: Մինչ իրավապահ համակարգը հերթական աղմկահարույց բացահայտումներն է անում այդ կուսակցության հետ փոխկապակցված անձանց մասին, երբեմնի հզոր ու իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են։
Իհարկե, կուսակցության կարկառուն ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ պահել ՀՀԿ-ն, ակտիվ գործունեություն ծավալել՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում մարդկանց մոտ էյֆորիան կանցնի: Չնայած, եթե անկեղծ լինենք, ՀՀԿ իշխանության տարիներին երկրում տիրող իրավիճակը, կոռուպցիայի խայտառակ ծավալները հիշելով` ոչ մի ողջամիտ անձնավորություն չի մտածի նույն այդ ուժին ետ բերելու մասին:
Հիմա երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բազմաթիվ Հանրապետականներ են դիմումներ գրել՝ դադարեցնելով իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Ընդ որում` բացի ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից, կուսակցությունը լքելու դիմումներ են ներկայացնում նաեւ շարքային հանրապետականները՝ դպրոցի տնօրեններ, գյուղապետեր: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ից հեռանալու դիմում են գրում անգամ ընտրությունների ժամանակ մշտապես նրա օգտին աշխատածները: Եվ չի բացառվում, որ առաջիկա ընտրություններում վերջիններս սկսեն աշխատել արդեն Նիկոլ Փաշինյանի թիմի համար:
Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ որքան էլ կառավարության ծրագրում ամրագրված է առավելագույնը մեկ տարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դրույթը, սակայն ՀՀԿ-ում այնքան էլ հակված չեն այդ դրույթի` գոնե այս տարի իրականացմանը: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, թե իրենք չեն տեսնում խորհրդարանի ցրման մեխանիզմներ, եւ որքան էլ կառավարության ծրագրում այդ դրույթը առկա է, սակայն նրանք ավելի վեր են դասում Սահմանադրությունը, որտեղ էլ չկան խորհրդարանը ցրելու հիմքեր: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընդհանուր որոշման գալ, հրաժարական տալ եւ երկու անգամ վարչապետի ընտրությունները տապալելուց հետո խորհրդարանը ցրել: Սակայն հիմա մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, թե այդ դեպքում իրենք իրենց թեկնածուն կառաջադրեն, այլ ոչ թե չեն առաջադրի, եւ այդպիսով խորհրդարանը ցրել չի լինի:
Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այնքան էլ ակտիվ չի զբաղվում կուսակցական հարցերով՝ գերադասելով այդ հարցերը վստահել փոխնախագահներին եւ կուսակցության Գործադիր մարմնի անդամներին: Սերժ Սարգսյանը նույնիսկ կուսակցության կենտրոնական գրասենյակ է ուշ-ուշ այցելում, սակայն ՀՀԿ-ականներն ասում են՝ հեռախոսազանգերի միջոցով միշտ կապի մեջ է լինում կուսակիցների հետ: Սերժ Սարգսյանը միայն Գործադիր մարմնի նիստերի օրերին է հանդիպում կուսակիցներին, դեմ առ դեմ քննարկումներ անցկացնում նրանց հետ: Միաժամանակ, վերջին շրջանում Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ականներից շատերը պարբերաբար կապի մեջ են լինում Արցախի ղեկավարության, այդ թվում՝ Բակո Սահակյանի հետ: Սահմանում տիրող իրավիճակը երկու կողմերին էլ անհանգստացնում է, եւ նրանց զրույցի հիմնական թեման էլ հենց դա է լինում:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է դեռ այս տարի համագումար չանել եւ բավարարվել միայն խորհրդի նիստով, որի ժամանակ էլ կընտրեն կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Հիշում եք՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվեց այդ պաշտոնից: Որպես հիմնական թեկնածու շարունակվում է քննարկվել Վիգեն Սարգսյանի անունը: Իսկ ահա Կարեն Կարապետյանը չնայած հրաժարվել է առաջին տեղակալի պաշտոնից, սակայն պարտաճանաչ մասնակցում է ԳՄ նիստերին: Մի քանի օր առաջ նա մեկնել էր Հայաստանից, սակայն մեր տեղեկություններով` վերադարձել է եւ նախօրեին ներկա եղել «Տրանսգազ» ընկերության տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի հոգեհանգստին, ով նրա մտերիմ ընկերներից էր:
Բացի այդ, ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ սպասում են նոր կառավարության ձախողումներին, մասնավորապես հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հետհեղափոխական էյֆորիան կանցնի, ներդրումներ չեն գա, աշխատավարձերն ու թոշակներն այդպես էլ չեն բարձրանա, եւ մարդիկ նաեւ այս կառավարությունից կսկսեն դժգոհել: Ինչպես ասում են, երազելը վնաս չէ, մանավանդ, երբ հավը երազում կորկոտ է տեսնում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՎԻՐԱԾ ԶԵՆՔՈՎ
Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին իր տանը ինքնասպան էր եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանն առավել հայտնի «ՏրասԳազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան: Տեղեկություններ տարածվեցին, որ նա ինքնասպան է եղել պարգեւատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, տուժածի ձեռքին էլ եղել էր ատրճանակը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել փաստաթղթեր առ այն, որ Նիկոլայ Գաբրիելյանը տվյալ հրազենով պարգեւատրվել է վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ: Ինչպես հայտնի է, 2000-2007 թթ ՀՀ վարչապետ է եղել երջանկահշատակ Անդրանիկ Մարգարյանը: Ասել է թե` Գաբրիելյանն ինքնասպան է եղել Մարգարյանի նվիրած զենքով: Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով:
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներն ամեն կերպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են չմեկնել Բելգիա եւ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Մասնավորապես, նրանք Փաշինյանին հիշեցրել են, որ ՆԱՏՕ-ն ասոցացվում է Թուրքիայի հետ, եւ խորհուրդ են տվել առհասարակ չմասնակցել գագաթաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակամիջոցում եւ չհամադրել դրանք: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել առաջարկը, որոշել է մեկնել եւ մասնակցել: Դեռ ավելին` նրա պատվիրակության կազմում տեղ չի գտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
ԴԱՀԿ-Ն ԲՈԴԻ Է ՎԱՃԱՌՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի դադարում զարմացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել նորածնի, կանացի եւ տղամարդու շապիկներ, նորածնի բոդիներ, ներքնաշապիկ, կոմբինիզոն: ԴԱՀԿ-ն անգամ աճուրդի ե հանել մանկական գիշերազգեստներ` պիժամոներ, որոնք 116 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով` 130 հազար 500 դրամ: Իսկ ահա նորածնի կիսաթեւ, բամբակե գործվածքից նոր բոդիները 191 հատ են, եւ ընդհանուր գինը կազմում է ավելի քան 107 հազար դրամ: Այսինքն նորածնի մեկ հատ բոդին ԴԱՀԿ-ն վաճառում է 560 դրամով: Իսկ ահա կանացի շապիկի մեկ հատն արժե 1050 դրամ, բայց ԴԱՀԿ-ն դրանցից վաճառքի է հանել 410 հատ:
ԳՆԱԼՈՒ Է ՀՔԾ
Երեկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Վյաչեսլավ Հարությունովը պնդեց՝ շրջանառվող այն տեղեկությունները, թե իրեն սպառնացել են, որ այլ հայտարարություններ է անում, իրականությանը չեն համապատասխանում: Հարությունովը վերահաստատեց՝ որեւէ ծեծ չի եղել Օլիմպավանում: Ըստ նրա՝ ինքը եւ Գագիկ Ծառուկյանը տարիների ընկերություն եւ մտերմություն ունեն: Վ. Հարությունովն ասաց, որ ՀՔԾ-ում շարունակելու է պնդել, որ իրեն ծեծի չեն ենթարկել: «Ինձ ոչ ոք չի ծեծել, ես հավի ճուտ չեմ, որ ծեծեն»,- նշեց Հարությունովը՝ հավելելով, որ որդու հետ կապված խնդիրը եւս կարծես թե լուծում է ստանում:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՐՑԸ
ՀԱՊԿ-ի քարտուղարությունում տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների մշտական եւ լիազորված ներկայացուցիչները եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները: ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիդ Վիրաբյանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամներին է ներկայացրել տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում առկա իրավիճակի մասին: Հիշեցնենք` վերջին ամիսներին նկատվում է Ադրբեջանի ակտիվացում Նախիջեւանի սահմանին:
ՀԱՄԲԵՐԵՔ, ԿԻՄԱՆԱՔ
Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ում քննարկում չեն ունեցել` Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ոչ: «Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,-ասել է նա:
ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշել է, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չի ունեցել: Նա հավելել է, որ իր համար անակնկալ էր, որ սոցցանցային քննարկումների ժամանակ իր անունն է նշվում: «Իհարկե, անչափ հաճելի է, բայց դա որոշ զանգվածի գնահատականն է մեկ տարվա աշխատանքի: Դրական եւ բացասական արձագանքները որեւէ կերպ ինձ չեն կաշկանդում»,- ասել է նա: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշել է, որ դեռեւս կայացրած որեւէ որոշում չունեն: Նա հիշեցրել է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարող է նաեւ սեղմ ժամկետներում ավագանին ցրվել, եւ արտահերթ ընտրություններ նշանակվեն սեպտեմբերին: «Անձամբ ես կարծում եմ, որ դաշինքում քաղաքապետի ցենզին համապատասխանող ցանկացած անդամ պատրաստ է այդ բեռը ստանձնել, բայց քննարկումը պետք է կայացվի»,-ասել է նա:
ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՆԱՏՕ-ՈՒՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ սկսվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 29 երկրների նախագահները, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Փաշինյանը մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ղեկավարների հանդիպմանը, այն երկրների, որոնք խաղաղապահներ են ուղարկել Աֆղանստան այդ երկրի հետպատերազմյան իրավիճակը շտկելու եւ կայունություն ապահովելու համար: Այս իմաստով Հայաստանի խաղաղապահները բավականին լուրջ ներդրում ունեն Աֆղանստանում, մի քանի անգամ արժանացել են շատ բարձր գնահատականի ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ ՆԱՏՕ-ի ղեկավարի կողմից: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպումներ է ունենալու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: