Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգը ազատվում է նախկին կապանքներից: Բանն այն է, որ նախկինում երկու պետական գերատեսչություններ դատարանների կողմից եղել են արտոնյալ կարգավիճակում:
Հիշում եք՝ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետը խոսեց դատական համակարգում առկա խնդիրների մասին, թե, օրինակ, ինչպես են դատավորները նեղսրտել, աղերսել, խնդրել, ասել իրեն, թե ինչպես վարվեն այս կամ այն որոշումը կայացնելիս: Ավելին` վարչապետը ասել է, որ Բաղրամյան 26-ից` նախկինում Հայաստանի նախագահի, այժմ վարչապետի նստավայրից, դատարաններին հրահանգներ չեն լինելու. «Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք ունենալու անկախ դատական համակարգ, եւ մենք կունենանք անկախ դատական համակարգ: Բաղրամյան 26-ից կամ կառավարության շենքից, իշխանական որեւէ կաբինետից որեւէ հրահանգ չի լինելու»:
Այս հայտարարությունից հետո դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք փոփոխություններ եղան, մասնավորապես մինչ իշխանափոխությունը տարբեր դատարանի դատավորները ունեցել են իրենց վարույթում քննվող միատեսակ քրեական գործեր եւ մինչեւ վճիռ կայացնելը հանդիպել եւ քննարկումներ են անցկացրել: Մասնավորապես, քննարկել են ընդհանուր հայտարարի գալու մոտեցումների եւ սահմանված պատժաչափի հարցերը, որպեսզի ամեն մեկը տարբեր որոշում չկայացնի: Այս քայլին դատավորները գնացել են, որպեսզի դատական համակարգում խայտաբղետություն չստեղծվի, այլ միանման լինեն նրանց որոշումները: Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո դատավորների ներքին հանդիպումներն ու պայմանավորվածությունները այլեւս չեն կայանում, ըստ էության, այն պատճառով, որ դատավորներից ոմանք հրաժարվել են հանդիպման գնալ:
Սակայն իշխանափոխությունից հետո սա միակ փոփոխությունը չէ, որ տեղի է ունեցել դատական համակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ խոստովանեցին, որ նախկինում, երբ Երեւանի քաղաքապետարանը դատի է տվել որեւէ քաղաքացու կամ ընկերության, դատարանը օրենքով սահմանված կարգով վարույթ է ընդունել գործը եւ սկսել դատաքննություն: Ու դատավորները գրեթե մեծավ մասամբ վճիռները կայացրել են հօգուտ Երեւանի քաղաքապետարանի: Սա անգամ այն դեպքում, երբ երկու կողմն էլ` ե՛ւ Երեւանի քաղաքապետարանը, ե՛ւ պատասխանող կողմը, ունեցել են իրենց ճիշտը: Սակայն դատավորները միշտ քաղաքապետարանի օգտին են որոշումները կայացրել, թեեւ կարող էին վարվել նաեւ այլկերպ: Նույն իրավիճակը եղել է նաեւ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին է խնդիր ունեցել Երեւանի քաղաքապետարանի հետ եւ դիմելով դատարան` վստահ է եղել, որ դատարանը ի օգուտ իրեն որոշում պետք է կայացնի, սակայն դատարանը նախընտրել է հաճոյանալ Երեւանի քաղաքապետարանին: Ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը` նկատում եք, որ 310 քաղաքացի Երեւանի քաղաքապետարանի կողմից կայացրած վարչական ակտերի հետ չհամաձայնելու հարցով դիմել է դատարան, սակայն գրեթե բոլոր դիմումները դատարանների կողմից կարճվել են:
Նույն իրավիճակն է եղել նաեւ քաղաքացիների եւ Պետական եկամուտների կոմիտեի շուրջ առաջացած խնդիրների մասով. դատարանը մշտապես որոշում է կայացրել ի օգուտ Պետական եկամուտների կոմիտեի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւս հաստատեց այն պրակտիկան, որը եղել է դատական համակարգում. «Ընդհանուր վիճակագրությունից չեմ կարող խոսել, բայց կարող եմ ասել իմ գործերի բնույթից` ճշմարտությունը քաղաքացու կողմն է եղել, դատարանները ի օգուտ պետական մարմինների են կայացրել դատական ակտեր, դա շատ տարածված, խայտառակ պրակտիկա է եղել: Ամենավառ օրինակը Կենտրոնի բնակիչների արտաքսումն էր Հյուսիսային պողոտայից պետական կարիքների համար, ինչպես նաեւ հարկային գործերով եւ մնացած: Դա շատ տարածված պրակտիկա էր, հենց սա է անարդարությունը, դատական համակարգի խնդիրը: Ինչո՞ւ էր այդպես, քանի որ մենք ապրում էինք ոչ մի ժողովրդավարական ավանդույթ չունեցող երկրում, որտեղ չինովնիկները միմյանց հետ փոխկապակցված են: Հիմա էլ նույնը ունենք, մեկ օրում կամ զուտ այն պատճառով, որ երկրի առաջին դեմքը փոխվել է, այդ մարդիկ չեն փոխվելու, կարող է զգուշանան, կարող է քայլեր անեն` պաշտոնից չզրկվեն, բայց չեն փոխվելու այդ մարդիկ, չեմ պատկերացնում, որ հասուն մարդը կարող է փոխվել»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՍՈՒՄ Է՝ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Երեկ հայտնի դարձավ, որ իրավապահներին է ներկայացել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը: Նա հունիսի 10-ին` Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահից ներկայացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն:
Հիշեցնենք` ԱԱԾ-ին Քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:
Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի եւ Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել եւ առգրավվել են կոկաին եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա եւ պլաստմասսայե խողովակներ` սպիտակավուն եւ սեւ հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, եւ այլ իրեր:
Արդյունքում Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում: Պետրոսյանը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արտեմ Պետրոսյանի եղբոր` Արա Պետրոսյանի հետ: «Ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, ինքը աշխատող է եղել ու իր մոտ աշխատող է եղել: Իմ եղբայրը նորմալ, պարյադչնի մարդ է, գործ է պետք եղել, գնացել, աշխատել է: Ես Ձեր այլ ոչ մի հարցին չեմ կարող պատասխանել: Ինքը կապ չունի այդ բաների հետ, ինքը մեղք չի գործել, որ մի հատ էլ ընդունի, դրա համար եկել է: Ինքը տեղյակ է պահել Ազգային Անվտանգության ծառայությանը ու եկել է նրանց մոտ, որ պարզի, թե ինչի համար են իրեն մեղադրում: Եթե ինքը նման բան արած լիներ, ինքը ոնց կարող էր գար ու հանձնվեր, իր այդ քայլը արդեն ամեն ինչ ասում է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նշեց Նարեկ Սարգսյանի թիկնապահի եղբայրը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է
ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Միհրան Պողոսյանը չի կարծում, որ ԱԱԾ-ն դիտավորյալ «ընկել է նախկին իշխանության անդամների հետեւից»: «Եթե կան խնդիրներ, թող այդ խնդիրները պարզաբանվեն: Պետք է ամեն ոք կարողանա իր արածի եւ չարածի համար պատասխան տալ: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա: Այն հարցին` մտավախություն չունի՞, որ ինքը եւս կհայտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում, Պողոսյանը պատասխանել է. «Ես միշտ սպասում եմ բոլոր աշխատակիցներին: Ես մի քանի անգամ ասել եմ` չի սխալվում այն մարդը, ով ընդհանրապես չի աշխատում: Ես կարող է սխալված լինեմ, բայց ինչ-որ չարաշահումներ, ապօրինություններ արած լինելու առումով խնդիր չեմ տեսնում»,-ասել է Մ. Պողոսյանը: Պատգամավորը, խոսելով Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների մասին, ասել է, որ Հանրապետականը որոշում կկայացնի` քաղաքապետի թեկնածու կունենա, թե ոչ:
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը կալանքից ազատ է արձակվել: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ «Սասնա ծռեր»-ի անդամ Մխիթար Ավետիսյանի պաշտպանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել: Ըստ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի` նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ը 2016թ. հուլիսի 17-ին գրավել եւ երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը:
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին` առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը: Միեւնույն ժամանակ Հանրապետության նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայկ Սայադյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ նախօրեին Արայիկ Բաղրյանը ազատվել էր Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին, մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։