Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության եւ քաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» կուսակցության հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
-Որ ասեմ մեծ խնդիրներ կան, այդպես չէ: Բայց կան հարցեր, որ մեզ անհանգստացնում են, եւ հույս ունեմ, որ այդ հարցերի շուրջ լավ քննարկում կլինի, եւ կկարողանանք լուծել: Կան հարցեր, որ վաղուցվանից են, կան, որ նոր-նոր են ծնվում: Բայց մեզ նոր կառավարությունն էլ հույս է տալիս: Իսկ Վրաստանի կառավարությունը պետք է ասեմ, որ վերջին տարիներին շատ լավ է վերաբերվում հայերին, եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի:
-Կա՞ն հարցեր, որ պետք է սրբագրել, մաքրել:
-Այդպիսի բաներ կան: Բայց ճիշտ կլիներ` մենք հանդիպեինք մեր Սփյուռքի նախարարի հետ, խոսեինք մեր ընդհանուր հարցերի մասին: Հիմնականում ժողովրդի կողմից բարձրացված հարցեր ունենք, որոնք փոքր հարցեր են, եւ կարելի է շատ արագ լուծել: Այդ խնդիրները գլոբալ չեն:
-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Վրաստան: Որքանո՞վ էր օգտակար այդ այցը:
-Շատ մեծ, պատմական քայլ էր: Վերջին 20 տարում այդ կարգի պաշտոնյայի հետ չէինք հանդիպել Ջավախքում: Հանդիպումները լինում էին Թբիլիսիում: Մենք միշտ հարցնում էինք` ինչու չենք կարող հանդիպել Ջավախքում: Եվ պարոն վարչապետն էլ չթողեց, որ այդ հարցը բարձրացնենք: Ինքն առաջին այցով եկավ Ջավախք, եւ շատ մեծ հույս ու հավատ եղավ: Ճիշտ է, մենք Վրաստանում ենք ապրում, բայց հետեւում ենք Հայաստանի կյանքին, առանց Հայաստանի ուժեղ ու լավ լինելու մենք չենք կարող Վրաստանում լավ ու հանգիստ ապրել: Մեր բարեկամները, երեխաների կեսը… շատ-շատ բաներ է մեզ կապում: Մենք շարունակում ենք Վրաստանում ապրել, բայց մեզ ուժեղ պետության ներկայացուցիչներ ենք զգում:
-Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ինչպե՞ս ընդունեցիք Վրաստանում:
-Ժողովուրդը, բոլորն էլ դուխով էին: Բոլորն էլ ուզում էին, որ Հայաստանում ինչ-որ մի բան փոխվի: Մենք բոլորս էլ սպասում էինք, որ դա այսօր չէ, վաղը պիտի լինի: Արդեն այն աստիճանի էր հասել, որ բոլորն էլ սպասում էին դրան: Ուզում եմ նշել, որ այդ փոփոխությունը կատարողներին թող հալալ լինի, ոչ մեկի քթից արյուն չեկավ, շատ նորմալ, ճիշտ ամեն ինչ եղավ: Ճիշտ է` հեղափոխությունը ոչ ոքի գրպանը փող չի բերում, դնում, բայց փոխվում է ժողովրդի հոգին:
-Դուք` որպես պատգամավոր, տեսնո՞ւմ էիք իշխանափոխության կարիքը:
-Անպայման: Իշխանափոխության մասին միշտ էլ մտածում էի, բայց չէի սպասում, որ դա կարող էր այսպես հանգիստ ձեւով լիներ: Հասկանում էինք, որ արդեն դարձել էր պետություն մի քանի հոգու համար: Ասեմ, որ Հայաստանում հաճախ լինում եմ, բայց չէի էլ ասում, որ պատգամավոր եմ, քանի որ տեսնում էի, որ պատգամավորությունն այդքան էլ հարգի չի ժողովրդի մոտ:
-Հիմա ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Հայաստանի կառավարությունը պետք է լուծի, որպեսզի զարգանա երկիրը:
-Վրաստանն անցել է այդ փուլը: Մենք պետք է սկսենք դատարաններից, եւ Հայաստանի կառավարությունը դա շատ լավ գիտի եւ անում է: Մենք` Հայաստանը, գնում է այն ճանապարհով, որը մեր մտքով այստեղ անցնում է: Եվ մենք չպետք է ասենք, թե իրենք ինչ անեն. այդքան բան իրականացրած մարդը մնացածն էլ հաջող ձեւով կանի:
-Եթե համեմատեք Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունները, ի՞նչ կարող եք ասել:
-Վրաստանում ես կասեի` ոչ թե մեկ, այլ երկու հեղափոխություն է եղել: Ես համարում եմ, որ Սահակաշվիլիի գնալն էր հեղափոխական քայլ: Դա էլ անհավատալի երեւույթ էր, որ կատարվեց: Իսկ Շեւարդնաձեի գնալը բոլորն էլ հասկանում էին, որ կլինի: Իսկ Հայաստանի հեղափոխությունը մի փոքր այլ ձեւով ստացվեց: Ես ասեմ, որ շատերը չէին սպասում: Ես հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ այն, որ Ֆեյսբուքում էլ գրում են, թե ինչ պետք է անի կառավարությունը, դա էլ չեմ ընդունում: Դա կարելի է այլ ձեւով ասել իրենց, ոչ թե Ֆեյսբուքում:
-Դուք նշեցիք, որ Հայաստանը դարձել էր պետություն մի քանի հոգու համար: Հիմա տեսնո՞ւմ եք այդ քաղաքական կամքը, որ կարող են փոխել այդ իրավիճակը:
-Անպայման: Ամենամեծ թշնամին կոռուպցիան էր, որը կար, պահելու բան չի: Ունենք ընկերներ Հայաստանում, որոնք զբաղվում են բիզնեսով: Եվ միշտ համեմատելով Վրաստանի հետ` աբսուրդ բիզնես դաշտ էր, որը վերանում է: Եվ հուսով եմ, որ Հայաստանն այդ ճանապարհն էլ չի տեսնի, ինչպես Վրաստանը:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՓՈՂՈՑՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ՞
Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախումբը փողոցում հայտնվելու եզրին է: Բանն այն է, որ 2016 թվականին Գյումրու ավագանին համայնքի սեփականությունը հանդիսացող Մհեր Մկրտչյան փողոցի N 47/6 հասցեում գտնվող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տվել էր նվագախմբին 30 տարի ժամկետով: Սակայն բարերար է հայտնվել, ով որոշել է տարածքում շինարարություն սկսել: Քաղաքապետ Բալասանյանն էլ, չցանկանալով առիթը բաց թողնել, եւս մեկ տարածքից գումար վաստակել, հարցը դրել էր ավագանու քննարկմանը: Տարածքով հետաքրքրված է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը` ամերիկահայ բարերար Հովհաննես Օյունջյանի հովանավորությամբ: Վերջինս Գյումրիում կառուցել է «Օյունջյան» վարժարանը, «Վարդուհի» արվեստի դպրոցը, «Աղավնի» արհեստի կենտրոնը: Նոր տարածքի համար բարերարը պատրաստակամ է 3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել:
Գյումրու ժողովրդական գործիքներ նվագախմբի անդամները մտահոգ են: Նվագախմբի Տնօրեն Մուրադ Մալխասյանը չի պատրաստվում թողնել տարածքը: Իսկ գլխավոր դիրիժոր Ջեմմա Քաղցրիկյանը պնդում է. «Եթե քաղաքը գտնում է, որ պետք է այդ կառույցը կառուցվի, թող լինի, բայց այսքան տարի գործող նվագախմբի համար էլ անհրաժեշտ է լավ պայմաններ ապահովել: Ուզում ենք ամեն ինչ փաստաթղթային լինի: Թե չէ 16 թվին տվել են ,հիմա դուրս են հանում: Մենք մեր ձեռքին ուզում ենք փաստաթուղթ ունենալ»: Ավագանին, բանակցելով կողմերի հետ, փոխեց որոշման նախագիծը` հստակեցնելով նվագախմբի տարածքի հարցը: «Նախապայման դրվեց, որ շինարարական աշխատանքներն այդ հատվածում կարող են սկսվել, միայն իր պարտավորությունները, որ ստանձնելու է «Օյունջյան» հիմնադրամը, նոր շենք ձեռք բերելուց եւ նվագախմբին տրամադրելուց հետո»,-հայտնեց գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Հիմնադրամի առաջ այսպիսով պայման դրվեց մինչ շինաշխատանքների մեկնարկը նվագախմբի համար տարածքի հարց լուծել: Մինչ այդ նվագախմբին կիսակառույց էր առաջարկվել, բայց հետո պարզվել էր, որ տարածքը վաճառված է. «Մինչեւ նվագախմբի անհրաժեշտ պայմանները չապահովվեն, ՊՈԱԿ-ը չի տեղափոխվի, եւ տարածքում շինարարություն չի սկսվի, դա մարզպետարանի սկզբունքային դիրքորոշումն է, եւ այդ հարցը քննարկվել է ե՛ւ Օյունջյանի, ե՛ւ «Օյունջյան» հիմնադրամի, ե՛ւ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ: Շիրակի մարզպետարանը զբաղված է նոր շենք գտնելու հարցով, այդ շենքը գտնելուց հետո այն վերանորոգվելու է համապատասխան ձեւով, կահավորվելու է, որից հետո հողամասը կտրամադրվի հիմնադրամին»,-նշեց փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը: Բայց որպեսզի Բալասանյանը վստահ լինի, որ բարերարը չի փոշմանի, առաջարկեց տարածքի հիմնարկեքն օր առաջ անել. «Քարը դրվելու է, որ բարերարն իր աչքով տեսնի, իսկ շինարարությունը կսկսվի, երբ որ նվագախմբի տարածքի հարցը լուծվի»,-ասաց նա: Միայն թե Բալասանյանն այս օրերին փորձում է լավ հարաբերություններ պահպանել բոլոր կառույցների հետ, քանի որ մեկ փոքր սխալը նրա համար կարող է ճակատագրական դառնալ:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Հուլիսի 10-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի ծայրին գտնվող ամառանոցներից մեկում առաստաղի ծեփը պոկվել-ընկել է երկու ամսական երեխայի վրա: Երեխայի հայրը ծնունդով Նոյեմբերյանից է, ընտանիքը բնակվում է Երեւանում, ամռանը հանգստանալու համար եկել է Նոյեմբերյան: Երեխային տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: ԲԿ տնօրեն Գարունիկ Ղուշչյանը հայտնեց, որ փոքրիկի ոտքի սալջարդ է ունեցել, դեմքին` քերծվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում երեխային անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Գ. Ղուշչյանը հայտնեց, որ նույն օրը` հուլիսի 10-ին, հետագա բուժման համար երեխան տեղափոխվել է Երեւան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քննություն է կատարվում:
ԱՍՈՒՄ Է` ԱՆՄԵՂ Է
2017 թվականի փետրվարի 8-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում շարունակվում է Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2016 թվականի մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Մաթեւոսյանին դանակահարելու մեջ: Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը դանակահարել է նաեւ Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Ճաղարյանին եւ սպանել: Գ. Մաթեւոսյանը ավելի քան 2 տարի` 2016 թվականի մարտի 20-ից, գտնվում է կալանքի տակ:
Գ. Մաթեւոսյանի հայրը` Հրայր Մաթեւոսյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իր որդին նախկինում 4 անգամ դատված է, սակայն նա այդ քրեական գործով անմեղ է, իրավապահները վկաների վրա ճնշումներ են գործադրել, նրանց ուղղորդել դեպի Գրիգոր Մաթեւոսյանը, վերջինիս առողջությունը կալանավայրում քայքայվել է: Գ. Մաթեւոսյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը: Այդ գործով դատավարությունը ավարտական փուլ է թեւակոխել, հուլիսի 11-ի դատական նիստում նախատեսված էր մեղադրական կողմի ճառը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ