Հայաստանում տաքսի ծառայությունների վարքագծի վերաբերյալ դժգոհությունները ավելանում են ու ավելանում: Մեր օրերում գրեթե չկա տաքսի ծառայություն, որը բարեխիղճ գործունեություն ծավալի: Նրանք շարունակում են սպառողներին մոլորեցնել. նախ գովազդում են մեկ սակագին, բայց օգտվելուց հետո պահանջում են այլ` ավելի բարձր գին վճարել:
Իսկ հիմա անբարեխիղճ տաքսի ծառայությունների մասին. օրինակ` «Յանդեքս»-ը, որի մուտքը հայկական շուկա բոլորս էլ լավ հիշում ենք: Ռուսական այս ընկերությունը դեռեւս 2016 թվականին մեծ խոստումներով հայկական շուկա մուտք գործեց, բայց մի քանի ամիս չանցած սկսեց սպառողներին մոլորեցնելու գործը: Կհիշեք, որ միայն տեղական շուկայում հայտնվելու առաջին ամիսներին այս ընկերությունը մատչելի գներով քաղաքացիներին ծառայություն մատուցեց, ապա հաճախորդները իրենց ամենօրյա երթուղին ավարտելուց հետո սկսեցին նկատել սակագների տատանումներ: Այսպես, տեղական շուկա մուտք գործելիս այս տաքսի ծառայությունն առաջին երկու կիլոմետրերի համար պահանջում էր 100 դրամ, ապա յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրի համար եւս 100 դրամ: Սակայն որոշ ժամանակ անց արդեն հենց առաջին կիլոմետրից էր հաշվարկվում 100 դրամ կիլոմետրի դիմաց: Հասկանալի է` նման տարբերակով տաքսի վարելը մեքենաների սեփականատերերի համար այնքան էլ ձեռնտու չէ, մանավանդ, երբ քաղաքացիներն էլ հաճույքի համար 1-2 կլիոմետր անցնելուց հետո վճարում էին երթուղայինի ուղեւորատոմսին համարժեք գումարն ու իջնում: Բայց ընկերությունը գնաց այս քայլին ճանաչում ստանալու եւ հաճախորդների բանակ հավաքելու համար, ըստ էության, անբարեխիղճ գովազդի միջոցով: Ու հիմա էլ նման գործելաոճը շարունակվում է: Այս ընկերության տաքսի ծառայությունից օգտվող ուղեւորները սկսեցին դժգոհել, որ այդ սակագինը գործում է միայն Երեւանում: Իսկ քաղաքից դուրս բոլորովին այլ սակագին է առաջարկվում` մեկ կիլոմետրի դիմաց ավելի քան 150 դրամ: Նաեւ տեւական ժամանակ է` Երեւանում տարբեր սակագներ են գործում, երբեմն շատ ավելի բարձր սակագներ, քան անգամ մասնավոր տաքսիների դեպքում է: Օրինակ` երբ պատվիրում ես մեկ կիլոմետրը 100 դրամ պահանաջող մեքենա «Յանդեքս» տաքսիից, ծրագիրը տարբեր պատճառաբանություններով զարմանալի արժեքներ է առաջարկում: «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհած քաղաքացիների պատմելով` օրվա տարբեր ժամերին սակագները կարող են տատանվել` 1 կմ-ի դիմաց 100 դրամից մինչեւ 200 դրամ: «Բայց եթե անձրեւ է լինում, խցանումներ կամ տուն գնալու ժամերին, երբ տաքսիների պահանջարկը ավելանում է, «Յանդեքս»-ը ուղեվարձի չափը՝ տարիֆը բարձրացնում է»,- պատմում է Երեւանի բնակիչ Նաիրա Հովհաննիսյանը:
Իսկ ահա «U» տաքսի ծառայությունն էլ հաճախորդներին շահագրգռում է բոնուսներով. յուրաքանչյուր հաճախորդի բոնուսներ են տրվում, բայց դրանից օգտվելը սահմանափակ է: Այսինքն ուղեւորը կարող է յուրաքանչյուր անգամ օգտագործել միայն 200 դրամ բոնուսից: Նաեւ այս տաքսի ծառայությունը խցանումների, օրվա պիկ ժամերին, երբ դարձյալ տաքսիների պահանջարկը ավելանում է, հաճախորդից պահանջում է հավելավճար՝ թեյավճարի տեսքով: ՈՒ եթե քաղաքացին համաձայնում է թեյավճար տալ, նոր միայն հնարավորություն է լինում կանչել տաքսին: Թեյավճար կոչվածն էլ հաճախ 300-400 դրամի սահմաններում է տատանվում:
Բայց մյուս կողմից նկատենք, որ տաքսիները պետք է ունենան հաշվիչներ, որոնց ճշգրիտ լինելու համար Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից վարորդը ձեռք է բերում համապատասխան հավաստագիր:
Աբարեխիղճ տաքսի ծառայությունները բազմաթիվ են, իսկ նրանց պատժող ու վերահսկող մարմին գրեթե չկա: Այսինքն կա` որպես կառույց, բայց բացարձակապես չի զբաղվում այդ գործով: Խոսքը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության մասին է, որի պետին` Կարեն Գասպարյանին, հանրությունը առիթ ունեցավ ավելի լավ ու մոտ ճանաչել օրեր առաջ՝ Վարդավառի ժամանակ, Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպով: Նշենք, որ նա ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն է:
Բայց պարզվում է, որ այս տեսչությունը բավարարվում է` միայն տաքսիների վարորդներին լիցենզավորման կարգ տալով: Իսկ այն ստանալու համար վարորդը պետք է ներկայացնի կարգով պահանջվող փաստաթղթերը, եւ համապատասխան վճարում կատարելուց հետո նա արդեն կարող է հանգիստ տաքսի վարել: Պարզվում է, որ լիցենզիա տրամադրելու ժամանակ չի ասվում, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, եւ ինչպես պետք է իրեն պահի: Անգամ նախարարության աշխատակիցը չի ստուգում` արդյոք վարորդի մեքենան բավարարում է լիցենզավորման կարգի տրամադրման համար նախատեսված հուշաթերթիկի պահանջները: Արդյունքում ունենք «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսու վարորդներ: Եւ այդպես էլ սպառողը չի տեղեկացվում, թե իրականում որքան տարածության համար է 100 դրամ վճարում` 1 կմ-ի՞, թե՞ 600 մետրի: Իսկ տաքսի-ծառայությունները շարունակում են խաբել քաղաքացիներին եւ չպատժվել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ