«ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉԵՄ ՀԵՌԱՑԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Հասմիկ Կարապետյանն ամուսնու՝ ամերիկահայ դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի եւ դստեր հետ բնակվում է Կանադայում: Հիմա, սակայն, նա հարազատ Երեւանում է եւ պատրաստվում է ամառն այստեղ անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթը Հասմիկի հետ զրուցել է Հայաստանում մշտական բնակություն հաստատելու, թավշյա հեղափոխության, շոուբիզնեսցիների հետ հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ: Նա հույս է հայտնել, որ իր քաղաքական դիրքորոշումը շոուբիզնեսցի ընկերների կողմից կընդունվի նույնքան ադեկվատ, որքան ինքն է ընդունում մյուսների տեսակետները:

-Հասմիկ, դեռ որքա՞ն ժամանակ Հայաստանում կմնաք: Այստեղ միայն Ձեր դստեր հե՞տ եք, թե՞ Ձեր ամուսինն էլ է Ձեզ հետ:
-Ամառը պլանավորում եմ հայրենիքում անցկացնել: Շուտով ինձ եւ աղջկաս կմիանա նաեւ ամուսինս, եւ մենք կվայելենք մեր նոր Հայաստանը:
-Գիտեմ, որ Կանադայից հետեւում էիք թավշա հեղափոխության հետ կապված զարգացումներին: Երբ վերադարձաք Հայաստան, հեղափոխությունից հետո մարդկանց մտածելակերպի փոփոխություն նկատեցի՞ք, քաղաքացիական գիտակցությունը մեզանում որքանո՞վ է զարգացել:
-Գիտե՞ք, մինչեւ թավշյա հեղափոխությունը, երբ խոսվում էր այն մասին, թե ինչ է պետք մեր ազգին, մեր ժողովրդին, ես միշտ ասում էի, որ առաջնահերթ անհրաժեշտ է մշակութային հեղափոխություն անել, այսինքն՝ մտածելակերպի հեղափոխություն: Կարծում եմ՝ այս հեղափոխությունը կնպաստի, որ հետագայում մարդիկ շատ հարցերի շուրջ իրենց մտածելակերպը փոխեն: Մեր մեջ արմատացած են երեւույթներ, որոնք խանգարում են ճիշտ ապրելուն: Շատ կուզեի, որ մեր ազգից վերանար, օրինակ, կոպտությունը, չարությունը: Այնուամենայնիվ, երբ ես Կանադայից եկա, պարզապես փողոցով քայլելիս հաճախ էի նկատում, որ մարդիկ հանգիստ են, խաղաղ, նրանց աչքերում վերականգնվել է ապագայի հանդեպ հավատը: Մարդիկ հույս ունեն, որ եթե ոչ իրենք, իրենց երեխաները կտեսնեն բարեկեցիկ Հայաստան:
-Հնարավո՞ր է՝ երբեւէ ընտանիքով մշտական բնակություն հաստատեք հայրենիքում: Այդ մասին մտածո՞ւմ եք: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր դուստրը, դաստիարակվելով օտար միջավայրում, կարող է տեղի բարքերի կրողը դառնալ:
-Այնպես չէ, որ ես Հայաստանից հեռացել եմ կամ կտրվել: Տարին մի քանի անգամ այցելում եմ Երեւան: Թե՛ ես, թե՛ ամուսինս շատ ենք սիրում մեր հայրենիքը: Եվ եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով, հաճախ նաեւ ստիպված` գործի բերումով, դրսում ենք, մեւնույն է, հայրենիքը մեզ ետ է կանչում: Մենք հոգով, սրտով Հայաստանում ենք: Շատ մեծ ցանկություն ունեմ, որ երեխաս հայ մեծանա, հայկական միջավայրում դաստիարակվի: Չեմ ուզում, որ դրսում մեծացած մի շարք երեխաների պես առանձնանա շրջապատից, ինչ-որ առումով զոմբիանա: Իմ ցանկությունն այն է, որ նա խաղա բակերում եւ շատ շփվող լինի:
-Թավշա հեղափոխության օրերին Ձեր քաղաքական դիրքորոշման պատճառով երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր, Ձեր ընկերուհի Շուշան Պետրոսյանը ջնջեց Ձեզ իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից: Մի առիթով նշել եք, որ Դա Ձեզ համար շոկային էր: Այնուամենայնիվ, հաշտության եզրեր գտնվեցի՞ն:
-Ես այդ թեմային այլեւս չեմ ուզում անդրադառնալ: Միայն կասեմ, որ ես դատավոր չեմ. դատավորը երկնքում է: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ թե՛ ես, թե՛ Շուշանը շնորհակալ մարդիկ ենք:
-Այդ օրերին շոու-բիզնեսում տարբեր ճամբարներ էին ձեւավորվել, եւ միայն Շուշան Պետրոսյանը չէր, որ նման վարք էր ցուցաբերում: Ուրիշների հետ հարաբերություններում անջրպետներ չառաջացա՞ն:
-Ես արտերկրում էի, եւ որեւէ մեկի հետ շփում չեմ ունեցել, բայց նկատելի էր, որ պառակտումներ եղան: Ինչեւէ, ամեն մարդ ունի դիրքորոշման իրավունք, եւ շատ կուզեի, որ իմ ընկերներն էլ իմ դիրքորոշումն ընդունեին: Եթե ես հակառակ կողմում եմ, չպետք է իրենց համար վատը դառնամ եւ հակառակը: Եկեք հարգենք միմյանց կարծիքները:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՄԵՐ ԹՈՌՆԵՐԸ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՓԱԿԵՆ»

«Երբեք չեմ կարող իմ ազգից եւ ժողովրդից հեռու լինել։ Այն, ինչ կատարվում է իմ երկրում, նաեւ ինձ է վերաբերում։ Ժողովրդական շարժման ժամանակ երկրում չէի, բայց հոգով-սրտով հայրենիքում էի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Նառան։

Նրա խոսքով՝ ինքը քանի ապրում է, միշտ հույս ունի, որ մեր երկրի վիճակն ավելի է լավանալու։ Հարցին, թե որպես քաղաքացի՝ վերջին ամիսներին ինքն իր համար ինչ բացահայտումներ է արել, երգչուհին պատասխանեց. «Չգիտեմ՝ ում գիտակցության մեջ ինչ փոխվեց, ով ինչ բացահայտեց, բայց ինձ մոտ ամեն բան այլ էր։ Ինձ համար ոչինչ անակնկալ չէր։ Այն, ինչ եղավ, վաղուց էր հասունացել։ Հերիք էր մի կայծ, եւ կրակը բռնկվեց»։
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչ տպավորություններ ունի Նառան ԱԱԾ-ի վերջին բացահայտումներից. «Թե ում կբռնեն, ինչ կանեն, ինձ համար կարեւոր չէ։ Ինձ չի ուրախացնում այն հանգամանքը, որ ինչ-որ մարդիկ են բերման ենթարկվում։ Կարեւորը վերջնական արդյունքն է։ Էականն այն է, որ մեր թոռները մեր պարտքերը չփակեն, որ ապրեն արժանապատիվ երկրում»,-շեշտեց նա։
«Ժողովուրդ» օրաթերթը Նառայի հետ մի փոքր էլ զրուցեց առաջիկայի գործնական պլանների մասին։ Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ։ Երգի երաժշտության հեղինակը Իրինա Մալխասյանն է, խոսքերինը՝ Անիտա Հախվերդյանը։ Այն գործիքավորման փուլում է. «Այդ ժանրում ինձ դեռ ոչ ոք չի տեսել»,-ասաց Նառան՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։
Ինչ վերաբերում է անձնականին, ապա երգչուհին կիսվեց ուրախ լուրով։ Նա տեղեկացրեց, որ օգոստոսին լույս աշխարհ կգա իր թոռնիկը։ Այդ պատճառով էլ Նառան այս ամառ հանգստի չի մեկնի։ Նա ամիսներ առաջ է իր հանգիստը վայելել, իսկ հիմա սպասում է ընտանիքի համալրմանը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

80 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
ՀՀ մշակույթի նախարարության փոխանցմամբ` երեկ կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գեւորգյանը: Վերջինիս մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

 

 

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է
ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում Բելգիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն` վերջինիս զիջելով եզրափակչի ուղեգիրը: Դիմակայության վերաբերյալ խոսել է բելգիացիների ավագ Էդեն Ազարը. «Ֆրանսիան հաղթեց. այնպիսի խաղ էր, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ անձնապես ցանկանում էր հաղթել: Ես գերադասում եմ Բելգիայի հետ պարտվելը Ֆրանսիայի հետ հաղթելուց: Մենք ավելի գեղեցիկ ֆուտբոլ ենք խաղում, դա հոգեհարազատ է ինձ»,- ասել է ֆուտբոլիստը:
Այս միտքը զայրացրել է ֆրանսիացի երկրպագուներին, ովքեր բազում թվիթներ են կատարում` վատ արտահայտվելով Ազարի դեմ:

 

 

4 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ֆուտբոլային գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ից տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»: Ֆուտբոլային երկու ակումբները պաշտոնապես հաստատել են Ռոնալդուի տրանսֆերը: Իտալական ակումբը 33-ամյա Ռոնալդուի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել:
«Յուվենթուս»-ը, ակումբի կայքի փոխանցմամբ, Ռոնալդուի տրանսֆերի համար 100 միլիոն եվրո է վճարելու երկու տարվա ընթացքում, ինչպես նաեւ լրացուցիչ 12 միլիոն եվրո վարձավճարների համար: Նշենք, որ Ռոնալդուն ինը տարի հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, 438 խաղում 451 գոլ է խփել: Թիմի կազմում նա 16 տիտղոս է նվաճել, այդ թվում չորս անգամ` Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է «ԱԹԼԵՏԻԿՈ»
«Բետիս»-ի դարպասապահ Անտոնիո Ադանը տեղափոխվել է Մադրիդի «Աթլետիկո»: «Աթլետիկո»-ի կայքի փոխանցմամբ` Ադանի հետ ակումբը կնքել է 2 տարվա պայմանագիր: Մինչ այս Ադանի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էր անգլիական «Լիվերպուլ»-ը:
Հիշեցնենք, որ Անտոնիո Ադանը Մադրիդի «Ռեալ»-ի սան է եւ 1997 թվականից մինչեւ 2013 թվականը եղել է «Ռեալ»-ի ճամբարում:




Լրահոս