ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ին առնչվող անձանց կատարած չարաշահումների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, վերջին օրերին Սերժ Սարգսյանի եղբայրներին ու նրանց զավակներին առնչվող քրեական գործեր հարուցվեցին չարաշահումներ բացահայտվելուց հետո: Արդյոք սա քննարկվե՞լ է կուսակցության ներսում: Տեղյակ չէի՞ն եղել այդ խնդիրներից:
-Ես կարծում եմ` եթե քրեական գործեր են, կավարտվեն այդ գործերն, այդ ժամանակ էլ այդ մասին կխոսենք:
-Խոսք է գնում այն մասին, որ Լեւոն Սարգսյանի ղեկավարած Փյունիկ հիմնադրամը չարաշահումներ է կատարել:
-Դրանք խոսակցություններ են, դեռեւս քննարկման փուլում են, եւ վերջնական արդյունքները կլինեն, այդ մասին կխոսենք:
-Այսինքն, կուսակցության ներսում այս հարցերը չե՞ն քննարկվել:
-Կուսակցության ներսում բոլոր հարցերը քննարկվում կամ չեն քննարկվում` դա կուսակցության գործն է: Բայց նման խնդիրները, երբ քննչական օրգանների ձեռքում են, մինչեւ դատական որոշումներ չլինեն, չեմ կարծում` պետք է ինչ-որ բան ասել:
-Դուք ինքներդ սպասո՞ւմ էիք, որ նման բացահայտումներ կլինեն:
-Գիտեք ինչ, ժամանակի խնդիրներ են, եւ ինքը` ժամանակն, իր տեղը կգցի: Ես ավելի շատ զբաղված եմ, թե ինչպիսին պետք է լինի հայոց երկիրը: Բոլոր քաղաքական ուժերը գտնվում են այն վիճակի մեջ, որ մտածում են` ինչ անեն, որ ժամանակի մեջ ճիշտ ուղղությամբ գնան: Ժամանակը կգա, հարցերը կլուծեն: Ինձ համար կարեւորն այն է, թե ինչպիսին կլինի մեր հայոց երկիրը:
-Այս պարագայում ճի՞շտ կլինի, որպեսզի ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցի:
-Յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտադրված է, ոչ միայն պարտադրված է, այլեւ անհրաժեշտ է, որպեսզի մասնակցի ընտրություններին:
-Բայց այս դեպքում քանի՞ տոկոս ձայն կհավաքեք. կարծիք կա, որ 1 տոկոս էլ չի հաջողվի ստանալ:
-Ես կարծում եմ, որ դա քվեարկության վերջնական արդյունքները կլինեն: Ես Ձեզ զգուշացնեմ, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում ամենանորմալ կարգավիճակում կլինի: Ինչ վերաբերում է կարծիքներին, թե 1 տոկոս էլ չի հավաքի, կարծում եմ` գոնե իմ մոտեցումը հասարակական կյանքի եւ ընդհանուր բնութագրերի, այդ 1 տոկոսը վաղուց արդեն անցել է: Եվ ՀՀԿ-ն կունենա այնքան ձայն, որքան կտա ժողովուրդը:
-ՀՀԿ-ի ո՞ր սխալները բերեցին նրան, որ համաժողովրդական շարժում տեղի ունեցավ:
-Ես չեմ կարծում, որ երբեւիցե ՀՀԿ-ն որեւէ սխալ է կատարել:
-Այսինքն` սխալներ չկայի՞ն:
-Իհարկե, սխալներ չկային, որովհետեւ որպես կուսակցություն մենք մեր գործելակերպը կարողացել ենք ներկայացնել հասարակությանը տեղի եւ ժամանակի մեջ:
-Եթե չկային սխալներ, ինչո՞ւ այդքան մարդ դուրս եկավ փողոց:
-Իսկ ով ասաց, որ որեւէ քաղաքական ուժ պետք է անընդհատ իշխանության մեջ լինի: Այդպես չի աշխարհում դրված եւ այդպես չի, որ անպայման որեւէ քաղաքական ուժ մեծ սխալներ է կատարում եւ զրկվում է իշխանությունից: Նայած, թե ժողովուրդն ինչպիսի մտածողություն ունի: Մենք հաճախ մտածում ենք, որ ճիշտ երանգներով ենք առաջ շարժվում, բայց ժողովուրդն էլ իր նպատակներն ունի:
-Ըստ Ձեզ` եթե Սերժ Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, այլ ՀՀԿ-ից այլ անձ լիներ, մարդիկ կփորձեի՞ն ընդվզել:
-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ինքն արդեն որպես պատմական կերպար պատրաստ է պատմության ընթացքում գոյատեւելու եւ մեր ամբողջ հանրապետության առաջ գնացած տիրույթում իր դերն ու նշանակությունն ունենալու է:
-Իսկ կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ Ձեզ, ճի՞շտ է աշխատում:
-Դեռեւս հնարավոր չէ գնահատականներ տալ, քանի որ կառավարությունում մենք ճանաչում ենք միայն Նիկոլ Փաշինյանին: Մնացած անձերին որեւէ մեկս չենք ճանաչում: Եվ միայն Ն. Փաշինյանով մեծ խնդիրներ չեն լուծվի:
-Բավական բացահայտումներ եղան նաեւ բիզնես դաշտում, եւ մի քանի մլն դոլար արդեն վերադարձվել է բյուջե:
-Սովորաբար մարդը եթե հանցանք է գործում, ինքն էլ պատասխան է տալիս հանցանքի համար: Երկիրը բիզնես դաշտը չէ: Երկրում շատ ակտուալ է, որ պայքարում են կոռուպցիայի դեմ: Բայց իրական վիճակը կառավարման գործընթացներն են եւ դրանցից ստացված արդյունքները:
-Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացրեց: ՀՀԿ-ում քննարկվե՞լ է այդ հարցը, եւ ո՞րն էր հիմնական պատճառը:
-Հանրապետականն այսօր էլ, երեկ էլ, մշտապես ասել է` ովքեր գտնվում են որոշակի պաշտոններում, իրենք կարող են հրաժարվել կամ չհրաժարվել: Ես կարծում եմ` դրա մասին ինքը` Տարոն Մարգարյանն արդեն հասարակությանն ասել է:
-Խոսվում է նաեւ Երեւան հիմնադրամում չարաշահումների մասին:
-Ես չեմ կարծում, որ չարաշահումներ են եղել: Մարդիկ ասում են` որտեղից այդքան ունեցվածքը, ես գտնում եմ` եթե այդ ունեցվածքը ճշմարտություն է, գոյություն ունի, դա բիզնեսի հետեւանք է: Եվ ասում են` պաշտոնյան իրավունք չունի բիզնեսով զբաղվի: Այո՛, պաշտոնյան իրավունք չունի, բայց ընտանիքի անդամները կարող են զբաղվել:
-Մշտապես կարծիք է եղել, որ ՀՀԿ-ում գործարարներն են ապահովել ձայներ: Հիմա նրանց մեծ մասը դուրս է եկել կուսակցությունից: Ինչպե՞ս եք ձայներ ապահովելու:
-Երբ դու քաղաքական իշխանության մեջ ես, բոլորը ցանկանում են համախմբվել քո կողքերում: Հենց իշխանության մեջ չես, կամաց-կամաց յուրաքանչյուրը գնում է այն ուղղությամբ, ինչն ինքը մտածում է:
-Դուք հաշտվե՞լ եք ընդդիմություն լինելու հետ:
-Յուրաքանչյուր քաղաքական գործիչ` իշխանական լինի կամ ոչ իշխանական, նա ընդդիմադիր գործիչ է:
-Այսինքն, իշխանություն լինելու ժամանակ էլ էիք ընդդիմադի՞ր:
-Չասեմ ընդդիմություն էինք, թե` ոչ ընդդիմություն: Ես Գալուստ Սահակյանն եմ, ինձ ընդունեք որպես Գալուստ Սահակյան:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՆ

Ընտրական օրենսգրքի քննարկումների շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում տեղի է ունենալու ընտրական օրենսգրքի շուրջ քննարկում, եւ այդ ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկելու է, որպեսզի խորհրդարանական ձեւաչափն այս պահին դադար վերցնի:

Բանն այն է, որ ընտրական օրենսգրքի քննարկումների երկու հարթակ է առկա` մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված, մյուսն էլ` Արա Բաբլոյանի որոշմամբ եւ կազմված է չորս խմբակցություններից: Եվ մինչ վերջերս այս երկու խմբերն առանձին էին նիստեր անում, առաջարկներ ներկայացնում: Կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ նրանց առաջին հանդիպումն այնքան էլ բարիդրացիական միջավայրում չի անցել, ու նաեւ դա է պատճատը, որ խորհրդարանական խումբն այդպիսի կտրուկ որոշում է կայացրել:
Մասնավորապես, խորհրդարանականներն անիմաստ են համարում առաջարկներ ներկայացնել, եթե դրանք կառավարությունը չի ընդունելու, իսկ այդպիսի տպավորություն նրանք ստացել են հենց Դանիել Իոաննիսյանի պահվածքից: Վերջինս ակնարկել էր, որ կառավարությունը չի ընդունի ԱԺ հանձնաժողովի առաջարկները եւ կներկայացնի իր առաջարկները: Սակայն չնայած այս ամենին` Դանիել Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ ինքը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ այսօր կայանալիք նիստին եւ իր զարմանքը հայտնեց պատգամավորների այդպիսի դիրքորոշման մասին: Ընդ որում` խորհրդարանն արդեն ստացել է կառավարության տեսլականը, եւ այսօր կայանալիք նիստում պատրաստվում են նաեւ այդ հարցերը քննարկել: Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այսպիսի անհասկանալի պայմաններում այնքան էլ իրատեսական չէ խորհրդարանական խմբի աշխատանքը, եւ իրենք կսպասեն` տեսնեն, թե կառավարությունն իրենց առաջարկներից որն է ընդունում, որը ներառվի, եւ նոր շարունակեն աշխատանքները:
Հավելենք, որ մեր տեղեկություններով` խորհրդարանական խումբը, աշխատանքները դադարեցնելով, նաեւ ցանկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասկացնել եւ տեղ հասցնել իր դժգոհությունը: Մասնավորապես, Փաշինյանը ոչ մեկ անգամ ասել է, որ որոշումները պետք է կոնսենսուսով ընդունվեն, ու հիմա խորհրդարանականները դժգոհ են կառավարության խմբի պահվածքից, եւ իրենց դժգոհությունը կհասցնեն Նիկոլ Փաշինյանին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԱՅՔԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու Սերժ Սարգսյանի խնամուն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, եւ այդ պաշտոնում նշանակելու է իր ընկերոջը: Հիշեցնենք՝ նախարարությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում հիվանդանոցում, եւ Թորոսյանը հայտնաբերված չարաշահումների մասին խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նախարարը այս հարցում վճռական է տրամադրված եւ աուդիտ իրականացնող ընկերությանը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ հայտնաբերել հիվանդանոցում, քանի որ ինքը տնօրենի իր թեկնածուն ունի: Նշենք, որ երեկ բուժհիմարկի անձնակազմը նամակ է հրապարակել՝ նախարարից պահանջելով դադարեցնել իրենց հիվանդանոցի դեմ սկսված արշավը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։ Իսկ ահա ԱՆ-ից փոխանցեցին հետեւյալը.«Բազմաշերտ ուսումնասիրություն է արվում, քանի որ այն առողջապահության նախարարության ենթակայության կառույց է։ Ստուգվում է հատկապես պետպատվերով տրամադրված ծախսերի արդյունավետությունը։ Արդեն իսկ խախտումներ հայտնաբերվել են»։ Հարցին, թե նախարարն իր թեկնածուն ունի, մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ ինքը նման տեղեկություն չունի:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանը դեռ չի շտապում հրաժեշտ տալ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի պաշտոնին։ Հիշեցնենք, որ Վարդավառի օրը Կոտայք գյուղի բակերից մեկում խաղացող երեխաները ջուր են լցրել նրա մեքենայի վրա, ինչից հետո տեղի է ունեցել վեճ ու ծեծկռտուք: Նախօրեին Գասպարյանի եղբորորդու՝ ոստիկան Սերգեյ Գասպարյանի լիազորությունները կասեցվել են: Արդյոք աշխատանքից կազատվի նաեւ նրա հայրը, նախարարությունից արձագանքեցին.«Նման հարց օրակարգում չկա, Կարեն Գասպարյանը այժմ գտնվում է արձակուրդում»։

 

 

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՆՈՐ ՊԵՏԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ոստիկանության Գեղարքունիքի մարզի Մարտունու բաժնի պետ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ, գեներալ Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը: Մինչ այդ ոստիկանության Մարտունու բաժնի պետը Կարեն Սերոբյանն էր, որն աշխատանքից ազատվեց հունիսին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հնչած կրակոցների պատճառով:




Լրահոս