ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐՈՀԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է քրեական գործերով գրոհների: Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Բաղդասարյանը նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ` ազատվելով Երեւան քաղաքի դատախազի պաշտոնից:

Շատերի համար ՀՀ գլխավոր դատախազի այս որոշումը կարող է թվալ սովորական փոփոխություն, սակայն իրականում Րաֆֆի Ասլանյանի նշանակումը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնում բավականին լուրջ եւ խորը ամրատներ ունեն:
Թավշյա հեղափոխությունից հետո դատարանները ազատվել են կապանքներից եւ առհասարակ, ինչպես նշում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսուհետ դատարանները չեն աշխատելու նախկին ավանդույթներով, այսինքն` որոշումներ չեն կայացնի Բաղրամյան 26-ի հրահանգով :
Ու հիմա մեկը մյուսի հետեւից ազատ են արձակվում անձինք, որոնք նախկինում մեղադրվել են հանցանք կատարելու մեջ, սակայն մեղադրող դատախազները ու դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը ստորագրությամբ երկրից չհեռենալու մասին փոխելը մերժում էին: Իրավիճակը փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո, երբ մեղադրող դատախազներն ու դատարանները տարբեր քրեական գործերով անցնող անձանց խափանման միջոցը փոխեցին` իրենց քայլը պատճառաբանելով, թե առաջնորդվում են օրենքի տառին համապատասխան:
Խափանման միջոց կալանքը փոխարինելու գործընթացը դեռեւս շարունակվում է, սակայն մեղադրող դատախազներին եւ դատավորներին նոր փուլ է սպասվում, քանի որ այն անձինք, որոնք մշտապես հայտարարել են, որ կապ չունեն իրենց առաջադրված մեղադրանքի հետ, նրանց նկատմամբ քրեական հետանդումը դադարեցվում է:
Մասնավորապես արդեն ունեք մեկ օրինակ. ՀՔԾ-ն քրեական հետապնդումը դադարեցրեց դեռեւս երկու տարի առաջ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրյալի կարգավիճակում գտնվող «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ: Ավելին` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար այլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը եւս դադարեցվեց: Ավելին` դատարաններում մեկը մյուսի հետեւից ազատ են արձակվում տարբեր քրեական գործերով մեղադրյալի աթոռին հայտնված անձինք եւ դեռ ավելին` վերջիներիս պաշտպանները նաեւ դատարաններից արադարացան վճիռներ են սպասում: Մասնավորապես Սամվել Բաբայանի պաշտպանը դիմել է դատարան նրան արդարացնելու համար: Հաշվի առնելով իրավիճակը` շատերը այս օրերին կպայքարեն արդարադատության վերականգնման համար, որպեսզի դատարանների կողմից արդարացվեն, եւ այս պարագայում տխուր իրավիճակում են հայտնվելու մեղադրող դատախազաները, որոնք բողոքարկելու են այդ որոշումները: Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունը այս իրավիճակում լուրջ կացության առաջ է կանգնել եւ ամենայն հավանականությամբ որոշել է իրավիճակին դիմակայելու համար փոփոխություններ իրականացնել եւ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ նշանակել առավել հմուտ դատախազի` Րաֆֆի Ասլանյանին, որպեսզի վերջինս կարողանա պայքարել սպասվող փորձությունների դեմ:
Ինչ կստացվի այս փոփոխության արդյունքում` կապրենք, կտեսնենք: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի փոփոխության իրական պատճառների մասով մեկնաբանություն խնդրեց ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին.«Նման խնդիր բացարձակ չկա: Տվյալ դեպքում խոսքը գնում է հավասարազոր փոխատեղման մասին, որը դատախազությունում նոր երեւույթ չէ եւ իրականացվում է պարբերաբար` համակարգում կադրային ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշությունից ելնելով»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ
Վերջին երկու ամսվա ընթացքում իրավապահների կողմից մի շարք բացահայտումները եւ դրան հաջորդող կալանավորումների գործընթացը բացասական են անդրադարձել թմրանյութերի «բիզնեսի» վրա:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություննների համաձայն` Հայաստանում «անհետացել են» անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռբերման եւ դրա վաճառքի գործընթացով: Ամենայն հավանականությամբ, այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ մաքսատներում խիստ հսկողություն է, եւ չկան արտոնյալներ, որոնք կարող էին այն անարգել ներմուծել Հայաստան: Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանում թմրանյութեր ձեռք բերելու բոլոր հնարավոր ճանապարհները փակվում են. դրանք կա՛մ ոչնչացվում են, կա՛մ առգարվվում իրավապահների կողմից:
Հատկանշական է փաստը, որ թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացքը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից:
Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ տվյալներ էր ստացել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ զենքեր: Վերոնշյալ բնակարանը պատկանում էր ՀՀ երրորդ նախագահի եղբորորդուն` 31-ամյա Նարեկ Սարգսյանին:
Ըստ օդում կախված լուրերի` հենց Նարեկ Սարգսյանը եղել է թմրանյութերի վաճառքի բիզնեսի բուրգի գլխին: Ավելին` օդում կախված նույն լուրերի համաձայն` այս գործում ակտիվ դերակատաություն է ունեցել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահ Արշակ Հակոբյանը, որը թավշյա հեղափոխությունից հետո եւս լքել է Հայաստանը:
Հիմա ոլորտի հիմնական դերակատարները լքել են Հայաստանը, եւ թմրանյութի ձեռքբերման եւ վաճառքի գործընթացը երկրում փակուղի է մտել:

Ք. Մ.

 

 

 

ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում 2017թ. դեկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում: Անցած տարվա հոկտեմբերի 9-ին` ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին` պահանջելով գումար: Ստանալով 200 հազար դոլարին համարժեք գումար` նա հեռացել էր: Հարուցվել էր քրեական գործ` ավազակային հարձակման հատկանիշներով:

 

 

ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՇՏՎԵԼ
Իշխանափոխությունից հետո ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը փորձել է հանդիպել Սասուն Միքայելյանի հետ, որպեսզի ներողություն խնդրի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը: «Մի անգամ փորձել է, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ: Ուզեցել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»,-ասել է «ԵԼՔ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի ձերբակալման օրը Երանոսյանի եւ Միքայելյանի միջեւ վեճ էր տեղի ունեցել: Երկու կողմից հայհոյանք էր հնչել, որից հետո Միքայելյանը ջրի շիշը նետել էր նրա վրա:

 

 

ՄԱՐՏԻ 1-Ի ՖԻԼՄԸ
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրությամբ դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին Հանրայինի եթերով հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարուն»-ը փաստավավերագրական ֆիլմը ցուցադրելու առաջարկով: Զուրաբյանը նամակում նշել է, թե այս ամբողջ ժամանակահատվածում` ընդհուպ մինչեւ Թավշյա հեղափոխության հաղթանակը, այդ ոճրագործությունը կատարած իշխանությունն ամեն ինչ արել է այն պարտակելու համար, արգելել հանրային եթերով այդ իրադրությունների մասին նկարահանված ֆիլմի ցուցադրումը: Ու քանի որ հիմա այդ ռեժիմը հեռացվել է իշխանությունից, Զուրաբյանն առաջարկել է ցուցադրել մարտի 1-ի մասին պատմող ֆիլմը:

 

 

ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ինչպես նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը եւ վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը, ովքեր մեղադրվում են ապօրինի հարստացման համար, գտնվում են միջպետական հետախուզման մեջ։ Երեկ ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ սա վերաբերում է ԱՊՀ երկրներին, եւ այժմ քննարկվում է նրանց նկատմամբ նաեւ միջազգային հետախուզում հայտարարելու հարցը։

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Մարտի 1-ի հարցով խորհրդարանական նախկին հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը, խոսելով Մարտի 1-ի գործի մասին», ասել է, որ Հայաստանում կա նոր իշխանություն, բավական փոփոխություններ են կատարվել իրավական համակարգում: Մնում է, որ դատաիրավական համակարգը տա պատասխան: Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ընթացքող քննությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելուն ու պաշտպանության նախկին նախարարին առաջադրված մեղադրանքին` նա ասել է. «Իմ պատասխանը 10 տարում չի փոխվել: Ես կրկնել եմ ու կրկնում եմ, որ դատաիրավական համակարգի խնդիրն է դա, ինքը պետք է որոշի` ում պետք է հրավիրի հարցաքննության, ում ոչ: Ես չպետք է հուշեմ` ում հրավիրել»: Հարցին` ինչո՞ւ գործը վերաբացվեց, Ս. Նիկոյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում հիմա քաղաքական հայտարարություններ անել»: Նա հիշեցրեց, որ իր ելույթում դիմել էր առաջին նախագահին` հարցադրում անելով` ինչու նա չէր եկել Ազատության հրապարակ ու մարդկանց հանդարտվելու կոչեր չէր արել:

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՍԵԼ
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրից ինքը տեսել է լարվածության աճ Արցախի հետ սահմանին եւ նաեւ հայ-ադրբեջանական սահմանին: «Իմ կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, եւ փորձում են լարվածություն առաջացնել դա կանխելու համար»,-ասել է նա: Փաշինյանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձի միջազգային հանրությունը կհակազդի:




Լրահոս