Բրյուսելում կայացավ ՆԱՏՕ-ի հերթական ամենամյա գագաթնաժողովը, որը էականորեն տարբերվում էր նախորդներից գոնե ներհայաստանյան ընկալումների տեսանկյունից։ Սա պայմանավորված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությամբ ու ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ հանդիպման հանգամանքով։ Առավել հետաքրքիր է գագաթնաժողովի ընթացքը, որը նախերգանքն էր Թրամփի ու Պուտինի առաջիկա շաբաթ սպասվելիք հանդիպման։
Գագաթնաժողովի առաջին օրը աչքի ընկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթով՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի ծախսերի հավասար բաշխվածության հարցի հետ։ Կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունների ամբողջական կատարման պահանջը Դոնալդ Թրամփը առաջ է բերել դեռեւս նախընտրական շրջանում։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնպես երբեմն բարձրաձայնում էր խնդրի մասին։ Սակայն Թրամփը ծախսերի հավասար բաշխվածությունը դարձրել է ՆԱՏՕ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում հիմնասյունը եւ ամեն առիթով հատկանշում է, որ կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետություն պետք է համապատասխան վճարումներ կատարի։ Ըստ իրավական կարգավորումների՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պարտավոր են իրենց ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսի չափով ֆինանսական հատկացում կատարել կազմակերպությանը վերջինիս ծախսերը հոգալու համար։ Այժմ ամենամեծ հատկացումները կատարում է ԱՄՆ-ը, ուստի Թրամփը շեշտում է, որ անդամ պետությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունը եւ առաջին հերթին իրենց գրպանից վճարեն սեփական անվտանգության համար։ Թրամփը համոզված է, որ կազմակերպությունը լիովին հենված է ԱՄՆ-ի ռեսուրսների վրա, եւ ստացվում է, որ ԱՄՆ-ն իր միջոցներով ապահովում է «անշնորհակալ» եվրոպացիների անվտանգությունը, որոնք նույնիսկ չեն էլ ցանկանում վճարել դրա համար։
Թրամփը, որպես գործարար, անշուշտ, ճիշտ է, քանի որ Միացյալ Նահանգները չպետք է թե՛ ապահովեն Եվրոպայի անվտանգությունը, թե՛ վճարեն այդ ծառայության համար։ Սակայն ինչպես մյուս միջազգային կազմակերպությունների դեպքում, այստեղ եւս քաղաքական ազդեցություն ունենալն ավելի կարեւոր է։ ԱՄՆ-ն` որպես ՆԱՏՕ-ի հիմնական ֆինանսական դոնոր, իր այդ կարգավիճակով ստանում է քաղաքական հսկայական ազդեցություն եւ, վճարելով ՆԱՏՕ-ի ծախսերի ահռելի մասը, ակամայից մյուս պետություններին գցում է իրենից կախվածության մեջ։ Եվ Եվրոպական տերությունների նկատմամբ իր վերկարգությունը ԱՄՆ-ն կարող է ապահովել այս եղանակով, քանի որ անհեթեթ կլինի, երբ բոլոր պետությունները հավասարապես ֆինանսական վճարումներ կատարեն, սակայն կառույցում տիրապետող խոսքը պատկանի միայն մեկին։
Այս վարքագիծը կարող է սասանել ԱՄՆ-ի դիրքերը Եվրոպայում։ Տեւական ժամանակ է արդեն, ինչ ԵՄ առանձին ներկայացուցիչներ խոսում են սեփական ռազմական ուժեր ունենալու մասին՝ փորձելով ազատվել ԱՄՆ-ից ունեցած գերկախվածությունից։ Եվ այս միտումների պայմաններում ԱՄՆ-ի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերություններում դեռ կոպտություն է ցուցաբերում՝ փորձելով ձնհալ ապահովել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բնական է, որ ՌԴ-ի հիմնական հակառակորդը ՆԱՏՕ-ն է, որի արեւելյան ընդլայնումը այս պետությունը դիտում է բացառապես իր դեմ ուղղված գործողություն, եւ եթե Թրամփը լարվածություն է ստեղծում կառույցի ներսում, այն անխուսափելիորեն շահավետ է լինելու ՌԴ-ի համար։ Բնականաբար, Թրամփը չի ցանկանա տապալել ՆԱՏՕ-ն, սակայն ընթացիկ սպառնալիքներով ու սակարկություններով կձգտի կորզել իր կամեցածը գոնե ամերիկյան ներքին շրջանականերում ցուցադրելու, որ կատարել է նախընտրական խոստումն ու ստիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մեծացնել ֆինանսական հատկացումների չափը, ինչը չէր հաջողվել Օբամային։ Ավելին՝ Թրամփը, ՆԱՏՕ-ի ներսում խնդիրներ հարուցելով իր նկատմամբ, բարյացկամորեն է տրամադրում Պուտինին։ Ի դեպ, կարճաժամկետ իմաստով Թրամփը կարող է օգուտ քաղել գոնե երկուշաբթի օրը սպասվող Պուտինի հետ հանդիպումից։
Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների լարվածությունը որոշակիորեն դրսեւորվեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցի վերաբերությամբ ռուսական շրջանակների վերլուծություններում։ Սա, անշուշտ, բնական է, քանի որ Ռուսաստանը միշտ էլ խանդով է հետեւել Հայաստանի ու Արեւմուտքի շփումներին նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանավարության շրջանում։ Այստեղ գործելու խնդիր ունի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը պետք է բազմաշերտ ու բազմակողմանի նախաձեռնություններով հանդես գա։ Նիկոլ Փաշինյանին ցույց տրված բրյուսելյան տպավորիչ ընդունելությունը ակնհայտորեն պայմանավորված էր վերջինիս անձնական հեղինակությամբ ու Թավշյա հեղափոխության տրիումֆով։ Ցավոք, առայժմ ՀՀ ԱԳՆ-ն չի կարողանում կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը միջազգային ասպարեզում, ինչը կարող է լուծվել կրկին հեղափոխական միջոցառումներով՝ փոխելով դեսպանների մեծամասնությանն ու ԱԳՆ ղեկավար կազմին, որոնք աշխատում են Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի պասիվ ու բրգաձեւ աշխարհայացքի 10-ամյա կարծրացած ազդեցությամբ։ Հաշվի առնելով տարածաշրջանային հնարավոր զարգացումները` պարզապես անընդունելի է արտգործնախարարության հին գործիքակազմը, որին էլ սովոր են հին կադրերն ու խառնվածքով անգամ անընկալունակ են նոր իրողություններին։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԼՈՌԻՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ
Լոռու մարզպետ, ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանի եւ նրա տեղակալներ ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյանի ու Արամ Խաչատրյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
«Իմ տրամադրության տակ կրկին 2 բաժին է, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից ինձ վստահվել է միայն առողջապահության բաժինը: Մյուս փոխմարզպետ Արամ Խաչատրյանին 4 բաժին է վստահվել, 3-րդ փոխմարզպետին միանգամից 3 վարչություն է տրվել իր բաժիններով եւ կրկին միանձնյա որոշումով, առանց մեր հետ խորհրդակցելու, որը գործընկերային կամ աշխատանքային մթնոլորտին չի նպաստում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Անդրեյ Ղուկասյանը: Մարզպետ Հրանտ Մարգարյանն ի սկզբանե չթաքցրեց իր վրդովմունքը, որ միանգամից երկու ՔՊ-ական փոխմարզպետ էր նշանակվել: Հարցին, թե արդյոք կուսակցական պատկանելությունն է ազդում այդքան քիչ բաժինների վստահությունը, եւ խուսափում է վերահսկող աչքից, Ղուկասյանը պատասխանեց. «Մարզպետի հետ հանդիպման ընթացքում խոսակցությունները եղել են միայն աշխատանքային ոլորտների բաժանման մասին եւ առաջարկները վերանայելու, քննարկելու ու փոփոխելու, մնացել են անհաղորդ»: Ա.Ղուկասյանը նշում է, որ անձնական խնդիր չկա: Աշխատանքային հարցերում էլ շփման սահմանափակում չկա, բայց նման քայլերը աշխատանքային գործընթացին չեն նպաստում. «Մենք իրար հետ շփվելու ենք օրենքի սահմաններում, կապ չունի մարզպետի անձը: Դրանք հարցեր են, որ ժամանակ են պահանջում: Ամեն դեպքում ես պետք է աշխատեմ բծախնդրությամբ, մյուս բաժիններում էլ կաշկանդվածություն չունեմ, ինչ խնդիր էլ որ լինի, դրանցով կզբաղվեմ իմ ուժերի ներածին չափով եւ անպայման յուրաքանչյուր խախտում բարձրաձայնելու եմ, որ կանխվի այն գործելաոճը, որ գրանցվեց առողջապահական հիմնարկներում: Սպիտակի հիվանդանոցի տնօրենին այլեւս պաշտոնանկ անելու վտանգ չի սպառնում: Հարցը բարձրացնելուց հետո այդ գործընթացները որոշ չափով դադարեցված են, եւ ամեն ինչ անելու ենք, որ ոչ մեկ նման խնդրի չբախվի, միշտ պետք է զգույշ ու աչալուրջ լինենք»:
Ա.Ղուկասյանը մեկ այլ մտահոգություն ուներ. մարզպետի որոշմամբ մարզի Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի տարածքային սոցիալական կենտրոններում պետի պաշտոնակատար նշանակված անձինք հետաքրքիր զուգադիպությամբ ԲՀԿ-ականներ են: Հաջորդ մտահոգությունը Ալավերդու եւ Սպիտակի տարածքային սոցիալական կենտրոնների ղեկավարների նախկինից եկած գործելաոճն է. «Քաղաքացիներից դժգոհություն կա, թե Ալավերդու սոցիալական պետի պաշտոնակատար Գագիկ Էվոյանը 7 անգամ ընտրվել է ավագանու անդամ եւ իր տարածաշրջանում հայտնի ընտրակեղծարար է: Սպիտակի ծառայության պետի պաշտոնակատար Վահե Ղոչիկյանը Վանիկ Ասատրյանի թիմից է, իր քաղաքապետ եղած ժամանակ աշխատակազմի ղեկավար է աշխատել»:
ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ
Վանաձոր
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՆԵՐԵԼ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի մի քանի առեւտրային բանկեր կառավարության հորդորով սկսել են համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով: Սակայն այդ համաներումը փորձում են անել այնպես, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից: Որոշ բանկեր եւ վարկային կազմակերպություններ կարծես թե չեն շտապում սկսել համաներման այս գործընթացը: Բանկերի մի մասը համաներման գործընացը սկսել է հուլիսի 1-ից, իսկ մյուս մասը նախատեսում է օգոստոսի 1-ից, բանկ էլ կա`լռում է:
Հիշեցնենք, որ կառավարությունը շաբաթներ առաջ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ` երբ բանկերը որոշում կկայացնեն զիջել նշյալ ֆիզիկական անձանց մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը տրված եւ անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերը եւ տուգանքները, չեն ունենա որեւէ հարկային հետեւանք: Ի դեպ, նշենք, որ ներվում են բոլոր տեսակի վարկերի տույժերն ու տուգանքները, որոնք մինչեւ մայիսի 31-ը ներառյալ ճանաչվել են անհուսալի` անկախ նրանից` գրավով ապահովված են եղել, թե ոչ, կամ ինչ չափով են ապահովված եղել: Ավելին` եթե գործնականում կլինեն այնպիսի վարկեր, որոնք կունենան 5 կամ 10 մլն դրամի չափ տույժեր, տուգանքներ, ապա նորից կզրոյացվեն: Այսինքն` գումարի սահմանափակում չկա: Կարեւորը` վարկառուն լինի ֆիզիկական անձ, եւ վարկը անհուսալի ճանաչված լինի մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առեւտրային բանկերից դեռեւս չեն շտապում համաներման մասին տեղեկացնել անհուսալի վարկառուներին: Միայն որոշ առեւտրային բանկեր բավարարվել են իրենց պաշտոնական կայքէջերում տեղադրել հայտարարություն, որ պատրաստ են զիջել տույժ-տուգանքները այն դեպքում, երբ հաճախորդը սեղմ ժամկետներում կմոտենա բանկ եւ դիմում կգրի: Բայց նկատենք, որ անհուսալի վարկառուների գերակշիռ մասը գյուղացիներն են, որոնց հնարավոր է ինչ-ինչ պատճառներով հասանելի չլինի բանկերի կայքէջերում տեղադրված հայտարարությունը: Օրինակ, «Ինեկոբանկը» նման հայտարարություն չի տեղադրել իր պաշտոնական կայքէջում: Բացի այս, կան վարկային կազմակերպություններ, որոնք իրենց անհուսալի վարկառուներին բացասական են պատասխանում` նշելով, որ իրենք տույժ-տուգանքների համաներում չեն կիրառելու:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ