Սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է 14 քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների վարույթում հուլիսի 31-ի դրությամբ քննվում է սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, տալու դեպքերի առթիվ հարուցված 14 քրեական գործ։

Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տարբեր աշխատակիցների կողմից նախատեսված նպաստը ձևակերպելու նպատակով նպաստառուներից գումար պահանջելու և ստանալու վերաբերյալ։

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ և 312.1-րդ հոդվածների հատկանիշներով, որոնցով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունների վարույթում։

Նշված 14 քրեական գործերից 8-ը քննվում է Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ական՝ Շիրակի, Տավուշի, Արարատի և Լոռու մարզային քննչական վարչություններում:

Յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ։




Լրահոս