Ինչպես հայտնի է, մայիսի 23-ից հանրապետության որոշ փողոցներում արագաչափ սարքերը հանվել են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեսախցիկներն ու արագաչափերը հանելուց հետո որոշ վարորդներ օգտվում են առիթից եւ ավելի մեծ ինտենսիվությամբ խախտումներ անում: Ավելին` այս ամենի արդյունքում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների, հետեւաբար, դրա հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվն է ավելացել: Անգամ հայաստանյան հիվանդանոցներն են լցվել ավտովթարների հետեւանքով վնասվածք, վիրավորում ստացած անձանցով:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ՀՀ ճանապարհային ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացրել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Նաեւ ՀՀ տարածքի բնակավայրերի` 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվել է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանվել են Արմենիա հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատվածում, Արտաշիսյան, Սարալանջի, Տիգրան Պետրոսյան, Ռուբինյանց փողոցներում տեղադրված արագաչափերը: Ավելին` Վանաձոր քաղաքում տեղադրված եւս երկու արագաչափ սարք հանվել է, Գորիսում նույնպես: Արդյունքում, ըստ դժգոհող վարորդների` վթարային իրավիճակներն էլ ավելի են շատացել, մինչդեռ այս շրջանում պետք է թեթեւ երթեւեկություն լիներ` հաշվի առնելով նաեւ այն, որ կրթական հաստատություններում արձակուրդ է: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարությամբ` վարորդներին կոչ անելով պահպանել երթեւեկության կանոնները, հիշեցնելով, որ իրենք ունեն խախտումները կանխելու ռեպրեսիվ մեթոդներ եւ կարող են դրան հասնել երթեւեկության կուլտուրան բարձրացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի քան մեկ ամիս է` չի դադարում դժգոհություններ ստանալ օրինապահ վարորդներից: Նրանց պատմելով` արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնելուց հետո Երեւանում երթեւեկությունը դարձել է անկանխատեսելի, շատ դեպքերում աղաղակող խախտումներով: Վարորդների մեծ մասը, տեղյակ լինելով, որ որոշ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը հանվել են, վստահ լինելով, որ իրենք արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի, մեքենաները վարում են ուզածի նման` հոծ գիծը խախտելով, անկանոն, խառը: Բայց արագաչափ սարքերն ու տեսախցիկները մշտապես զգոնացրել են վարորդին:
Մյուս կողմից վերջին մեկուկես ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա հետ համեմատած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է, նաեւ զոհերի թիվն է աճել: ՀՀ ճանապարհային ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ապրիլին Հայաստանում գրանցվել է 283 ՃՏՊ, որի արդյունքում եղել է 26 զոհ, 409 վիրավոր, մայիսին` 311 ՃՏՊ, զոհ` 14, 442 վիրավոր: Իսկ ահա հունիսին ե՛ւ ՃՏՊ-ի թիվն է աճել` դառնալով 349, ե՛ւ զոհերին` 24, ե՛ւ վիրավորներին` 541:
Միայն հուլիսի 1-ից մինչեւ 11-ը ներառյալ ՃՈ-ն արձանագրել է 169 ՃՏՊ, որից 15 զոհ, 238 վիրավոր: Եւ որպեսզի ավելի պատկերավոր լինի, ներկայացնենք նաեւ նախորդ տարվա նույն ամիսների վիճակագրությունը. այսպես, անցած տարվա ապրիլին նույն ՃՈ-ի կողմից արձանագրվել է 264 ՃՏՊ, որից 20 զոհ, 367 վիրավոր, մայիսին` 269 ՃՏՊ, 22 զոհ, 406 վիրավոր, հունիսին` 332 ՃՏՊ, 25 զոհ, 454 վիրավոր: Իսկ ահա հուլիսի 1-ից մինչեւ 11-ը ներառյալ արձանագրվել է 123 ՃՏՊ, 16 զոհ 178 վիրավոր: Ասել է թե` արագաչափ սարքերն ու տեսախցիկները հանելուց հետո ավելի քան կրկնակի աճել են ե՛ւ ՃՏՊ-ների,ե՛ւ դրանց հետեւանքով զոհերի թիվը: Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորի` կրկին խստացնելով երթեկության կանոնների պահպանումը, այլընտրանքը՝ ՃՏՊ-ների, դրանց հետեւանքով՝ զոհերի թվի աճն է:
Տեղեկացնենք, որ տեսախցիկներ ու արագաչափ սարքեր հանվել են հիմնականում բնակավայրերին մոտ տարածքներում եւ մինչեւ 60 կմ/ժ արագություն ունեցող վայրերում: Բայց դեռեւս հայտնի չէ` արդյոք ՃՏՊ-ների քանակը ավելացել է հենց այդ վայրերում: Այժմ ՃՈ-ում այս թեմայով ուսումնասիրություններ եւ վերլուծություններ են արվում:
Ի դեպ, երեկ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթեւեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը: Օրենքի ընդունումից կօգտվի 150 հազար քաղաքացի, կներվի 13,7 միլիարդ դրամ տուգանք: Այն կարգավորում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները: Հուսանք այս համաներումից եւս որոշ վարորդներ առիթից չեն օգտվի, խախտումներով վարեն եւ տուգանքները չմուծեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՆ ԱԶԱՏԱՄՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ավագանու 9 անդամներից 5-ը ընդդիմադիր են համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին. վերջինիս մեղադրում են ոչ թափանցիկ աշխատաոճի մեջ: Ազատամուտի ավագանու այդ 5 անդամները 2018թ. հունիսի 18-ին եւ հունիսի 26-ին դիմել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին` նշելով, որ իրենց լիազորությունների շրջանակում համայնքի ղեկավարից բազմիցս տեղեկատվություն են պահանջել Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, սակայն նա չի տրամադրել: Ավագանու անդամները, կետ առ կետ նշելով պահանջվող տեղեկատվությունը, խնդրել են մարզպետի միջնորդությունը դրանք սահմանված կարգով ստանալու համար: Դիմումների մեջ կասկած է հայտնվել, որ Ազատամուտի բյուջեում տեղ չեն գտել բնակչությունից փաստացի գանձված տեղական վճարները: Այդ դիմումներում բարձրացված հարցերին պատասխանելու համար Ազատամուտ համայնքի վերջին 4 տարվա ֆինանսական գործունեության ստուգման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ղեկավար է նշանակվել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը:
Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հուլիսի 11-ին հայտարարություն է տարածել` հայտնելով, որ իրեն են դիմել Ազատամուտի բնակիչները, ովքեր մտահոգ են համայնքում տիրող լարված իրավիճակի համար, Ազատամուտ համայնքի ավագանին չի հաստատել 2017-2018 թթ. տեղական բյուջեն, քանի որ համայնքի ղեկավարը իր գործունեության ընթացքում թույլ է տվել մի շարք չարաշահումներ: Բնակիչները պատգամավորին տեղեկացրել են համայնքային բյուջեով նախատեսված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական օգնությունների կողմնակալ եւ ոչ արդար բաշխման բազմաթիվ դեպքերի մասին, որ համայնքապետարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերից, պարգեւավճարներից եւ խրախուսական հավելավճարներից զատ ստացել են նաեւ սոցօգնություններ: Համայնքի ղեկավարի եւ ավագանու միջեւ լարվածության պատճառով չի գործում գյուղի մանկապարտեզը, որի շենքը հիմնավերանորոգված է: Պատգամավորը Ժ. Մարտիրոսյանին մեղադրել է տարրական անգրագիտության մեջ` նշելով, որ նա իր անունը օ-ով է գրում` պատճառաբանելով իր ռուսական կրթությունը:
Հավելենք, որ 1949թ. ծնված Ժ. Մարտիրոսյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2011թ. ավարտել է «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը: Այսինքն` բուհն ավարտել է 62 տարեկան հասակում: ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանը Ազատամուտ համայնքը ղեկավարում է 2008 թվականից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ