«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը անվանի դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն է: Նա անդրադարձել է թավշյա հեղափոխության տված արդյունքներին, հայտնել է, թե որն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նոր կառավարության հետ կապված իր տեսլականը: Պարզվում է՝ հեղափոխության օրերին դուդուկահարը երկրում չէր, Միացյալ Նահանգներում էր, սակայն հոգով եւ սրտով իր ժողովրդի կողքին էր: Պարոն Գասպարյանը խոսել է նաեւ մշակույթի ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ հայտնելով ներկայիս վիճակի վերաբերյալ իր տեսակետը:
-Պարո՛ն Գասպարյան, այն ուղին, որն այսօր բռնել է Հայաստանը, Ձեր սրտո՞վ է: Ըստ Ձեզ՝ մենք ճի՞շտ ճանապարհով ենք գնում:
-Կարծում եմ, որ այո: Կան նոր օրենքներ, կա նոր Հայաստան: Սպասում եմ փոփոխությունների:
-ԱԱԾ-ի բացահայտումներից ի՞նչ տպավորություններ ունեք:
-Եթե մարդիկ մի բան են վերցնում պետությունից, որն իրենցը չէ, պետք է վերադարձնեն: Նորմալ պրոցես է: Ժողովուրդն ուզում է մարդավարի ապրել, որ իր եղածը չտանեն: Այդքան բան:
-Ժողովրդական շարժմանը հետեւո՞ւմ էիք: Այդ օրերին ի՞նչ զգացումներ, ապրումներ ունեիք:
-Ես այդ ժամանակահատվածում Հայաստանում չեմ եղել. Միացյալ Նահանգներում էի, բուժվում էի: Ամեն դեպքում, հոգով-սրտով հայրենիքում էի:
-Նոր կառավարության գործելաոճից ի՞նչ տպավորություն ունեք: Ըստ Ձեզ՝ նրանց հաջողվե՞լ է շահել ժողովրդի վստահությունը:
-Նիկոլ Փաշինյանը շատ ծանր լծի տակ է մտել, շատ մեծ պատասխանատվություն է ստանձնել: Նա պետք է երկիրը քանդի, նորից սարքի: Ժողովուրդը սիրում է, հավատում է, վստահում է նրան, ես ի՞նչ կարող եմ ասել: Ես ժողովրդի մի մասնիկն եմ, կուզեմ, որ ազգս լավ ապրի: Եթե այն խոստումները, որոնք հնչում են, իսկապես իրականացվեն, շատ մեծ գործ կլինի: Կառավարությունը շատ լուրջ աշխատանք պետք է տանի: Նոր երկիր, նոր ոճ: Կապրենք, կտեսնենք, թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները:
-Քաղաքացին ի՞նչ պետք է անի, որպեսզի օգնի կառավարությանը: Չէ՞ որ վերջինս միայնակ ոչինչ անել չի կարող:
-Ժողովրդի մակարդակը պետք է այն աստիճան բարձրանա, որ թույլ չտա՝ ամեն մեկն իր իրավունքները ոտնահարի: Արդյունքում մարդիկ կընկնեն բնականոն հունի մեջ: Հիմա մի քիչ խառը վիճակում են, իրենք էլ չգիտեն՝ ոնց կլինի, ինչ կլինի, բայց հույս ունեն, որ ավելի լավ կլինի: Համենայն դեպս, անթույլատրելի երեւույթների ականատեսը չպետք է լինենք:
-Ի՞նչ նկատի ունեք, օրինակ, Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումնե՞րը:
-Ոչ միայն, ընդհանրապես եմ ասում: Խոսք չեմ գտնում ոմանց արարքը նկարագրելու համար: Ես չեմ պատկերացրել, որ նման մարդիկ կարող են լինել աշխարհում: Նորմալ մարդը չի կարող նման բաներ անել:
-Եվ վերջում` մշակութային դաշտը մաքրելու համար ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, ըստ Ձեզ: Դուք այս առնչությամբ մտահոգություններ ունե՞ք: Մշակույթի նախարարության գործառույթը ո՞րը պետք է լինի:
-Այսօր ստեղծվող ֆիլմերը, քանդակները, արվեստի մյուս գործերը այնպիսին չեն, ինչպիսին, իմ պատկերացմամբ, պետք է լինեին: Ֆիլմերում բացի սեքսից, երեխա գողանալուց եւ մարդասպանությունից ոչ մի բան ցույց չեն տալիս: Դրանք դաստիարակչական ոչ մի ֆունկցիա չեն կատարում: Ճիշտ կլինի, որ մշակույթի նախարարությանը լծակներ տրամադրվեն դաշտը վերահսկելու համար: Այսօր ինքնագործունեությունն ու անճաշակությունը շատ խորը արմատներ են գցել: Հայկական ֆիլմերը դիտելով՝ զզվում ես հայ աղջկա կամ հայ տղայի կերպարներից: Նույնիսկ չես կարողանում հեռուստացույց միացնել: Նույնը երգարվեստում է, նույնը թատրոնում է: Այսօր բոլորը դարձել են, ասենք, կոմպոզիտոր, ուր ենք գնում՝ չեմ հասկանում: Համենայն դեպս, ուզում եմ հուսալ, որ ավելի լավ է լինելու…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՍՏԵՂԾԵԼ ԵՄ ԻՄ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԵՄ ԱՊՐՈՒՄ»
Օրերս պարուհի, դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանի ծննդյան օրն էր: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ տոնական այդ օրը բավական օրիգինալ նվերներ է ստացել, իրեն հետաքրքիր անակնկալներ են մատուցել, սակայն առանձնացրեց ընկերներից մեկի յուրօրինակ քայլը. «Ընկերներիցս մեկը ութ տղայի հետ անսպասելի մտավ ներս, իսկ նրանց ձեռքում ֆանտաստիկ ծաղկեփնջեր էին»,-մանրամասնեց տիկին Սոֆին:
Նա տեղեկացրեց, որ ծննդյան օրը նշել է մտերմիկ միջավայրում՝ դիջեյի ներկայությամբ: Հարցին, թե յոթանասունի շեմին գտնվելով՝ ինչ երազանք է պահում պարուհին, պատասխանեց. «Եթե կինն ունի ընտանիք՝ սիրելի ամուսին, զավակներ ու թոռներ, նաեւ սիրելի աշխատանք, չի կարող երջանիկ չլինել: Հիմա արդեն երազում եմ, որ մտերիմներս առողջ լինեն»:
Անդրադառնալով իր չխամրող գեղեցկության գաղտնիքներին՝ մեր զրուցակիցը հետաքրքիր բացահայտում արեց. «Շատերը կարծում են, թե ես գեղեցկության սրահներից դուրս չեմ գալիս, բայց այդպես չէ: Իմ խնամքով հաճախ հենց ինքս եմ զբաղվում, օրինակ, ինքս եմ ներկում եւ հարդարում վարսերս: Իսկ կնոջ գեղեցկության գաղտնիքը բարձր տրամադրություն ունենալով է պայմանավորված: Ես ստեղծել եմ իմ աշխարհը եւ այնտեղ եմ ապրում»,-ասաց նա:
Ի դեպ, Սոֆի Դեւոյանը գործնական կյանքին առնչվող մի շարք պլաններ ունի: Նա պատրաստվում է մեծամասշտաբ մի նախագիծ կյանքի կոչել. «Դրա մեկնարկը պետք է արդեն տրված լիներ, սակայն երկրի վիճակը փոխվեց, իմ պլաները եւս: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ դեպի լավն ենք գնում: Համենայն դեպս, այդ օրիգինալ նախագիծն անպայման կյանքի եմ կոչելու: Թեմատիկ առումով այն առանձնահատուկ է: Հայաստանում դեռ նման բան չի եղել: Ուղղակի դեռ չեմ կարող բացել փակագծերը»,-եզրափակեց տիկին Սոֆին:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄՈՈՒՐԻՆՅՈՆ` ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ մեծ ցանկություն ունի ապագայում մարզիչի կարգավիճակում մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: «Իհարկե, ես կցանկանայի աշխատել Պորտուգալիայի հավաքականի հետ: Երբ «Պորտու»-ի հետ նվաճեցի Չեմպիոնների լիգայի գավաթը, հույզերս տարբերվում էին հետագայում Չեմպիոնների լիգայում «Ինտեր»-ի հետ նվաճելուց ունեցածս հույզերից: Ես անպայման կգլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը, բայց դեռ չգիտեմ` երբ դա տեղի կունենա»,-ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում Պորտուգալիայի հավաքականը Ֆերնանդու Սանտուշի գլխավորությմաբ B խմբում գրավեց երկրորդ տեղը, իսկ 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց Ուրուգվային:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում կայացած Խորվաթիա-Անգլիա խաղից հետո Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը շնորհակալություն է հայտնել անգլիացի ֆուտբոլիստներին եւ ասել, որ ինքը հպարտանում է թիմով: «Ես երբեք այսքան հպարտ չէի Անգլիայի հավաքականով, որքան այսօր: Դուք պետք է բարձր պահեք ձեր գլուխը: Դուք անհավանական աշխարհի առաջնություն եք անցկացրել, պատմության մեջ եք մտել եւ հույս պարգեւել թիմի երկրպագուներին: Մենք գիտենք, որ Անգլիայի հավաքականը դեռ ցույց կտա իրեն»,-գրել է նա: Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լոթար Մաթեուսն աշխարհի առաջնության եզրափակչում առավելություն է տալիս Ֆրանսիայի հավաքականին, որի մրցակիցը կլինի առաջին անգամ եզրափակիչ հասած Խորվաթիայի հավաքականը: «Ֆրանսիայի հավաքականն անկախ ամեն ինչից եզրափակիչի ֆավորիտն է: Նրանք այս առաջնությունում ցուցադրում են ամենակազմակերպված ֆուտբոլը: Նրանք չունեն որեւէ դիրք միջին մակարդակի խաղացողով, բոլորը սուպերմակարդակի ֆուտբոլիստներ են: Հատկապես, առանձնանում է Կիլիան Մբապեն, որի արագությունը կարող է վճռել եզրափակիչ խաղի ելքը»,-ասել է Մաթեուսը:Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկ»-ի ստադիոնում: