ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՄԵԿ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը սկսել է զբաղվել 2017թ. ԱԺ ընտրությունների ընտրակաշառքի թեմաներով: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը: Բացի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելուց գյուղապետն ու որդին մեղադրվում են ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` ԱԺ ընտրություններում նա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու եւ այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր 13 մլն ՀՀ դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10 հազարական դրամ մեկ ձայնի դիմաց:
2017թ. ԱԺ ընտրություններում ընտրակաշառքի գետերին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է բազմիցս, չնայած նախկին իշխանությունները համառորեն հերքում էին: Հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, այդ ամենի մասին խոսվում է պաշտոնապես. իրավապահ համակարգում քրեական գործ է հարուցվել, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել: Նկատենք` ընտրակաշառքի գետեր հոսել են ոչ միայն Վայոց ձորի մարզում, այլեւ ողջ Հայաստանով մեկ: Այնպես որ, միայն պատգամավոր Արսենյանն ու գյուղապետ Մովսիսյանը չէ, որ նման բան են արել, այլ ԱԺ պատգամավորների, համայնքապետերի, թաղապետերի, համատիրությունների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը իրենց ողջ թիմով: Այնպես որ, այս ուղղությամբ շարժվելու դեպքում շատ շուտով իրավապահ համակարգի տեսադաշտում կարող են հայտնվել տասնյակ հազարավոր մարդիկ՝ սկսած թեկնածուից, վերջացրած թաղային խաժամուժով՝ «տասովչիկներով», որոնք առանձնակի ջանասիրությամբ էին աշխատում այդ օրը՝ գումարները բաժանելով ու մարդկանց ընտրատեղամասեր հասցնելով: Ու առանց չափազանցության բնակչության նկատելի մի զանգված կարող է հայտնվել եթե ոչ բանտերում, ապա առնվազն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում:

 

 

Ադրբեջանական զինուժն օրերս կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղի ուղղությամբ: Նկատենք, որ եթե Հայաստանի սահմանամերձ շրջաններից, օրինակ, Տավուշում երբեմն հաճախակիանում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նույնը չես ասի Գեղարքունիքի մարզի մասին. այստեղ անհամեմատ հանգիստ է վիճակը: Ու հիմա Ջիլ գյուղում հնչած կրակոցներից հետո Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն այդպես էլ դեպքի վայր չի այցելել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր քայլը մեկնաբանել է, թե մեկ շաբաթ առաջ եւս նման դեպք է գրանցվել, եւ որ կատարվածը որքան էլ մտահոգիչ է, բայց եւ վախենալու կարիք չկա: «Դեպքի վայր չեմ այցելել, որովհետեւ դրա կարիքը պարզապես չի եղել: Սա առաջին դեպքը չի: Մեր գյուղերի վրա մշտապես եղել են նման կրակոցներ: Սա արտառոց դեպք, հատուկ իրադարձություն չի: Մեր բանակը տիրապետում է իրավիճակին: Վախի, ցայտնոտի խնդիր չկա»,- ասել է նա: Մինչ այդ նկատենք, որ վերջին անգամ Գեղարքունիքի մարզում սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր եղել էին 2014 թվականին:

 

 

 

Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել 49-ամյա մի տղամարդու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու համար: Ինչպես այս, այնպես էլ նախորդ քրեական գործով շրջանառվում է նաեւ Նարեկի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի անունը: Նարեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ Պետրոսյանը վերջերս ժամանել է Երեւան, հանձնվել իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, սակայն, պնդել է, թե նա որեւէ առնչություն չունի արարքի հետ, որում մեղադրվում է: Ըստ Արսենյանի` հունիսի 22-ին Սարգսյանն ու Պետրոսյանը մեկնել են Մոսկվա: «Մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Այս ամենը լսելով` Արտեմ Ասատրյանը վիճում է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է իրեն գցել: Վերջիններս վիճաբանում են, որից հետո Արտեմը թողնում է, հեռանում է Նարեկ Սարգսյանից»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք մարզերում պարզապես բացակայում են դիահերձողները, փոխարենը, այդ աշխատանքն անում են դատական բժիշկները: Իրավիճակը շատ ավելի ծանր է բիոթափոնների հեռացման գործընթացի հետ կապված: Ախտաբանաանատոմիական բաժանմունքների մեծ մասում չի պահպանված կեղտաջրերի մաքրման եւ վարակազերծման կայանի առկայության պահանջը, լվացքատան ու նրա սարքավորումներին առաջադրվող պահանջները, նախաախտաբանաանատոմիական բաժանմունքի, ֆիքսացիոնի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոնների պահման շենքերին առաջադրվող պահանջները: ՈՒ սա այն դեպքում, երբ այս պայմաններում արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, արդյունքում տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս:

 

 

 

ԿՐԿԵՍԱՅԻՆ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ
Հիշում եք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Զարուհի Փոստանջյանի խոստումը ՀՀԿ-ականների կյանքը դժոխքի վերածելու մասին: Դժվար է ասել` հատկապես կոյուղաջրերի հայտնի պատմությունը ՀՀԿ-ականների համար որքանով էր դժոխալի, բայց դրանից հետո Փոստանջյանին իր երեք հոգանոց խմբակցության հայտարարություններով ու ծիծաղաշարժ քայլերով պարբերաբար հաջողվում էր ավագանու եւ ընդհանրապես, քաղաքապետարանի գործունեությունը դժոխքի փոխարեն վերածել կրկեսի: Կրկես, որի գալա-համերգը ավագանու երեկ տեղի չունեցած նիստն էր, երբ «Երկիր ծիրանի»-ի երեք հոգանոց խմբակցությունը որոշել էր Զարուհի Փոստանջյանին առաջադրել քաղաքապետի թեկնածու:
Երեւանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականով ՀՀԿ-ն մայրաքաղաքում եւս հանձնեց իշխանությունը: ՈՒ պարզ էր՝ Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները գնում են արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով, երբ հայտարարեցին քաղաքապետի պաշտոնում թեկնածու չառաջադրելու մասին: Սա քաղաքական նոր իրողությունների հրամայականն է. ՀՀԿ-ն, ունենալով կոճակային մեծամասնություն, չի կարող իր կազմից մեկ ուրիշի թեկնածությունն առաջադրել ու քաղաքապետ դարձնել, իսկ «Ելք»-ն էլ չի պատրաստվում ավագանիում ՀՀԿ մեծամասնության պայմաններում քաղաքապետ ունենալ, առավել եւս, երբ այս ավագանիում չունեն այդ պաշտոնի լուրջ հավակնորդ:
Այս իրավիճակում, երբ հստակ գիտես, որ ավագանու 65 հոգանոց կազմից ընդամենը երեք հոգի է պատրաստ քվեարկել ու չունես հաղթելու անգամ նվազագույն շանս, ինքնանպատակ թեկնածություն առաջադրելն ուղղակի ծիծաղելի է: Ծիծաղելի, բայց միաժամանակ նաեւ ողբերգական: Բանն այն է, որ ճակատագրի երջանիկ բերումով միայն Փոստանջյանին հաջողվեց Երեւանի ավագանիում տեղ ունենալ: Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ այլք ԱԺ ընտրություններից հետո ծանր վիճակում էին ու հրաժարվեցին մասնակցել ավագանու ընտրություններին: Եւ Փոստանջյանի ստեղծած «Երկիր ծիրանի» կուսակցությանն ընտրեցին նրանք, ում համար անընդունելի էր իշխող ՀՀԿ-ն ու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ելք»-ը: Ավագանու նիստում կոյուղաջրերի պատմությունը եւս աշխատեց հօգուտ Փոստանջյանի ու նրա ղեկավարած խմբակցության, քանի որ հասարակությունը սիրեց ՀՀԿ-ականների բռի գործողությունների արդյունքում տուժած կանանց: Զոհի կերպարում Փոստանջյանի վարկանիշն իրոք բարձրացավ: Բայց որքան սրընթաց բարձրացավ այդ վարկանիշը, նա նույնքան սրընթաց եւ այն տանուլ տվեց հենց նման գործողություններով:




Լրահոս