ԴԵՊՔԻ ՎԱՅՐ ՉԵՄ ԱՅՑԵԼԵԼ, ԿԱՐԻՔԸ ՉԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցներ էին հնչել: Այս դեպքի, ինչպես նաեւ մարզում առկա խնդիրների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ:

-Պարո՛ն Սաղաթելյան, ադրբեջանական զինուժի կողմից Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցների մասին ումի՞ց եւ ե՞րբ եք տեղեկացել:
-Կրակոցներից հետո, այդ ընթացքում համայնքի ղեկավարը, արտակարգ իրավիճակների մարզային վարչության պետն անմիջապես զեկուցել են: Ես խոսել եմ կորպուսի հրամանատարի հետ: Բնականաբար, ամեն ինչ հսկողության տակ էր արդեն, ու քայլեր էին ձեռնարկվում: Մնացածն արդեն ռազմական գաղտնիք է: Մենք սահմանամերձ մարզ ենք, ու նման կրակոցներ բնորոշ են: Մի շաբաթ առաջ եւս նման բան տեղի էր ունեցել: Բայց խոսել եմ կորպուսի հրամանատարի հետ, ամեն ինչ հսկողության տակ է: Մտահոգվելու որեւէ պատճառ չունենք: Մեր հայկական զինուժն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում է:
-Իսկ գյուղին ի՞նչ վնաս է եղել դրա արդյունքում, եւ գումարային արտահայտությամբ դա որքա՞ն է կազմում:
-Խոշոր վնասներ չեն եղել: Մեծ վնասների մասին խոսք չկա:
-Դուք ինքներդ այցելե՞լ եք դեպքի վայր եւ ի՞նչ եք արձանագրել:
-Դեպքի վայր չեմ այցելել, որովհետեւ դրա կարիքը պարզապես չի եղել: Սա առաջին դեպքը չի: Մեր գյուղերի վրա մշտապես եղել են նման կրակոցներ: Սա արտառոց դեպք, հատուկ իրադարձություն չի: Մեր բանակը տիրապետում է իրավիճակին: Վախի, ցայտնոտի խնդիր չկա:
-Բայց ամեն դեպքում հետաքրքիր չէ՞ր, քանի որ ամեն օր չէ, որ կրակում են:
-Ոնց կարող է հետաքրքիր չլինել: Եթե մարզում մի փոքր պատահար էլ տեղի է ունենում, ես անմիջապես տեղեկացված լինում եմ: Հետաքրքիր է, մտահոգիչ է, բայց նաեւ վախ տարածելու, ցայտնոտի մեջ ընկնելու որեւէ պատճառ չկա:
-Ընդհանուր առմամբ, վնասներ չկա՞ն, փոխհատուցման խնդիր չկա՞:
-Ո՛չ, բացարձակ:
-Դուք՝ որպես մարզային իշխանության ներկայացուցիչ, սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար կոնկրետ ի՞նչ եք արել:
-Անվտանգ դառնալու համար աշխատում է մեր բանակը մեզ հետ: Պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ են լինում: Այստեղ պետք է աշխատես, ոչ թե խոսես: Անում ենք, աշխատում ենք, Պաշտպանության նախարարը հաճախակի մեր մարզ այցելություններ է ունենում: Կորպուսի հրամանատարը կանգնած է, բանակը կանգնած է, աշխատանքները տարվում են: Ես կոնկրետ աշխատում եմ համայնքների հետ, բնականաբար, նաեւ այդ մասով: Մեծ ծավալի աշխատանք ունենք անելու, առաջինը, որ մեր սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներն ուժեղացնենք, որպեսզի մարդիկ չարտագաղթեն, որպեսզի հույս կապեն տվյալ բնակավայրի հետ: Օրինակ՝ ես եղել եմ Վահան համայնքում, մեր Հայաստանի սահմանամերձ այն բացառիկ համայնքներից է, որտեղից արտագաղթ չկա: Ու ես հիացած եմ այդ համայնքի երիտասարդությամբ, որը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Երիտասարդ տղաներ կան, ովքեր ֆերմերներ են: Ու ես գյուղում խոստացել եմ` կարճ ժամանակ հետո Վահան համայնքն ունենալու է խաղահրապարակ:
-Իսկ այն, որ բանակում չեք ծառայել, գուցե խոչընդո՞տ է եւ չեք կարող սահմանին առնչվող խնդիրների առումով խորհուրդ տալ:
-Ես զինվորականներին խորհուրդ չեմ տալիս` սահմանի, դիրքի եւ այլնի հետ կապված: Մեր զինվորականները լավ տիրապետում են իրենց գործին:
-Մոտ երկու ամիս է՝ աշխատում եք որպես մարզպետ: Կխնդրեի երկու կարեւորագույն աշխատանք նշել, որ կատարել եք այս ընթացքում:
-Կարող եմ ոչ թե երկու, այլ բազմաթիվ հարցերի մասին նշել: Մենք այս ընթացքում հիմնականում աշխատել ենք օպերատիվ լուծում տալ առօրյա ծագող խնդիրներին: Ժամանակը միայն ընթացիկ հարցերի լուծման վրա չենք ծախսել: Մենք գույքագրել ենք մեր մարզի խնդիրները, գտնում ենք դրանց լուծման ճանապարհները: Պետությունը բավական մեծ հատկացումներ այս ընթացքում արել է եւ անելու է մեր մարզում: Սունվենցիայով ունենք 20-ից ավելի հաստատված ծրագրեր, եւս 6-ը երկու օր առաջ հաստատվել են եւ եւս 11-ն առաջիկայում կհաստատվեն: Խոսքը բավական խոշոր գումարների մասին է, որոնք ուղղվելու են մեր համայնքներ: Մարզում ունենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած խմելու ջրից, ոռոգման ջրից, կրթական հաստատությունների շենքային պայմաններից, ճանապարհներից: Բայց այդ խնդիրներից մենք չենք փախչում: Խնդիրները վեր ենք հանում, հասկանում ենք դրանց լուծման ճանապարհները եւ գնում ենք առաջ: Պարզ է, որ երկու ամսվա ընթացքում այս բոլոր խնդիրները հնարավոր չէր լուծել եւ առաջիկա երկու, երեք ամսում չենք կարողանալու: Բայց այն, որ ճիշտ ընթացքի մեջ ենք, դրանում ես վստահ եմ:
-Այնուամենայնիվ, երկու լուծված հարց կմտաբերե՞ք:
-Այդպես առաջնային հարց, որ համարել եմ եւ մի ամսում կարողանայի լուծել, դա արդեն անլուրջ կլինի, որ ասեմ: Ինձ համար մեր մարզի գյուղատնտեսության զարգացումը հիմնական ուղղություն եմ ես պատկերացնում եւ զբոսաշրջությունը: Բայց դրանք այն ոլորտներն են, որոնցում մեկ ամսում հնարավոր չէ լուծումներ գտնել: Կարեւորն այստեղ ճիշտ հիմքեր դնենք: Բայց ընթացքում բազմաթիվ, տարիների հարցեր են եղել, որ մեկ այցով կարողացել ենք լուծել: Օրինակ՝ ընդամենը երեք օր առաջ համայնքների բնակիչները ճանապարհ էին փակել, Շատվան եւ Շատջրեք համայնքներում ոռոգման եւ խմելու ջրի լուրջ խնդիր կար: Իմ աշխատակազմով հինգ-վեց ժամ եղել եմ տեղում, հասկացել ենք՝ խնդիրը որտեղ է, եւ մինչեւ երեկո լուծել ենք հարցը, բայց մի քանի օր երկու գյուղ ջուր չունեին:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ խնդիր է Ձեր եւ մյուս մարզպետների առջեւ դրել:
-Շատ հստակ պահանջները փոխանցվել է մեզ: Պետք է աշխատենք գիշեր-ցերեկ, խնդիրները, որ մեր առջեւ դրված են, պատշաճորեն իրականացնենք, ու գնում ենք այդ ճանապարհով. ուրիշ տարբերակ չկա:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՇԱՆՏԱԺՈՎ
Նոր Հայաստանում կարծես թե սկսել են շանտաժով եւ զոռբայությամբ պաշտոններ ստանալ: Մասնավորապես, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը, որ վերջերս փորձեց դառնալ հոգեւոր դաշտում հեղափոխության առաջնորդ` ակտիվորեն պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, նախորդ շաբաթ նշանակվել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Մինչ այդ Կարեն Պետրոսյանը թավշյա հեղափոխությունից հետո ակնկալում էր ստանալ Շիրակի մարզպետի պաշտոնը. հեղափոխությունից հետո նա իր կողմնակիցների հետ փորձեց ցույց անել իբր մարզը ՀՅԴ-ականներին տալու դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը Պետրոսյանից հետաքրքրվեց` ստացվում է` պաշտոնը եղավ պայքարի արդյունք, նա նշեց. «Դա միանշանակ կապ չունի, քանի որ նշանակումը կատարվել է բուհի կողմից: Եվ ես մասնաճյուղում պատահական մարդ չեմ, դա իմ մասնագիտական գործունեությունն է: Իսկ պայքարը, քաղաքական, քաղաքացիական գործունեության տիրույթում է, մեկը մյուսին չի խանգարում, մասնագիտական աշխատանքն իր ժամանակն ունի, մնացածը` իր»: Նշենք, որ Պետրոսյանը 2007-2011 թվականներին եղել է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ատենապետ եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այնտեղից հեռացվել է գումարներ յուրացնելու մեղադրանքով: Անդրադառնալով այս տեղեկություններին` Պետրոսյանը նշեց. «2011 թվականի առաջին նիստի ժամանակ հոգեւոր պատասխանատուն եկել է եւ ձախողել է նիստը` ասելով ` ես եմ այստեղ որոշում: Մայր Աթոռը ամբողջությամբ զրպարտություններ է անում, ես հաշվետվություններ ներկայացրել եմ: Ես ծախսերի մեծամասնությունն իմ միջոցներով եմ արել, հետո փոխհատուցել են: Միայն սիմվոլիկ 50 հազար դրամ է եղել փոխհատուցում որպես ատենապետի` Երեւանում վարձով ապրելու համար», – նշեց նա:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Երեկ Երեւանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, եւ այսպիսի սցենարում ամենահավանականն իհարկե արտահերթ ընտրություններն են: Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը. ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը: «Ելք» դաշինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին՝ դաշինքը նույն կազմով, թե կուսակցություններն առանձին, առավել եւս, երբ հիմա առավելությունը Փաշինյանի ՔՊ-ինն է: Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պահին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան (նրա պաշտոնը հակասահմանադրական է եւ չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնածուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն եւ իհարկե Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԵՏՈ
ԵՄ-ն հստակ առաջարկների է սպասում ՀՀ կառավարությունից: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման ակնարկ էր հնչեցրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա մասնավորապես նշել է, որ ԵՄ-ՀՀ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով: «Մենք շատ բաց ենք: Մեզ պետք են հստակ գաղափարներ, թե կոնկրետ ինչ է Հայաստանի կառավարությունը ցանկանում փոփոխել մեր քաղաքականության մեջ», – հայտարարեց Սվիտալսկին: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին հասկանալու համար, թե ինչ առաջարկներով են հանդես գալու: Սակայն ի պատասխան` Եղոյանը նշեց. «Հայտարարությունը եղել է նոր, եւ վարչապետի արձագանքի համար մի փոքր ժամանակ է պետք: Կարծում եմ` կառավարությունը պետք է հանդես գա որոշ առաջարկներով, եթե ակնկալում են կոնկրետ աջակցություն»:

 

 

ԸՆՏՐՎԵՑԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թնջուկը հանգուցալուծվում է: Հուլիսի 13-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը: Այս գործընթացից հետո ԲԴԽ-ն Խուդկարյանին պետք է ներկայացնի Ազգային ժողով՝ խորհրդարանի քվեարկությանը: Ի դեպ, հայտնի հայրիկի դուստրն էլ ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ: Խոսքը Լիլիթ Թադեւոսյանի մասին է, որը հուլիսի 13-ին 8 ձայնով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ դարձավ: Նա հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է:




Լրահոս