Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվելու: Գաղտնիք չէ, որ մեր երկրում վերջին 10-ը տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրություններին մասնակցած հիմնական ուժերի նպատակը եղել է գործող իշխանության տապալումը եւ իշխանության գալը: Հենց այդ նպատակով էլ ընտրություններին մասնակից բոլոր հիմնական ուժերը նախընտրական քարոզչության ժամանակ ոչ միայն իրենց ծրագրերն էին ներկայացնում, այլ նաեւ նշում ՀՀԿ-ի լծից ազատվելու անհրաժեշտության մասին: Ու քանի որ ՀՀԿ-ն այս տարիների իր կառավարմամբ հասցրել էր մարդկանց համբերության բաժակը լցնել, անգամ կեղծ ընդդիմությանը հաջողվում էր քվե ստանալ, էլ չենք ասում իրական ընդդիմության մասին, որի քննադատությունները մարդկանց սրտով էին:
Այժմ կարծես թե իրավիճակն այլ է: Ամեն դեպքում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայելում է ոչ միայն հասարակության, այլ նաեւ ընտրությանը մասնակցել ցանկացող ուժերից շատերի համակրանքը: Եվ այժմ իսկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ստացվում է` առաջիկա ընտրություններում ձեւավորվելիք խորհրդարանում միայն ՀՀԿ-ն կարող է ընդդիմադիր լինել, քանի որ ի վերջո, օրինակ, այժմյան խորհրդարանում գործող ուժերից թե՛ ՀՅԴ-ն, թե՛ «Ծառուկյան» դաշինքը, որ նույնն է, թե ԲՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում են, հետեւաբար կողմ են նրան, կիսում են պատասխանատվություն եւ ընդդիմադիր լինել չեն կարող. նրանք չեն կարող պահանջել իշխանության հրաժարականը եւ հայտարարել, որ իրենք են գալու իշխանության: Դե իսկ ՀՀԿ-ն էլ` որպես ընդդիմություն, զրոյական վիճակում է. համաժողովրդական շարժմամբ մերժվելուց հետո այս ուժը դեռ երկար տարիներ կմնա քաղաքական լուսանցքում: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ մինչեւ հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրներ հայտնվեն, ենթադրենք, նոր ստեղծվող կուսակցությունների տեսքով: Սակայն քիչ հավանական է, որ այդ ուժերը կկարողանան խորհրդարան անցնել, մանավանդ, երբ նրանց հետեւում կերեւան իրական կուսակցատերերի ականջները:
Հրապարակային հարցազրույցներից եւ դիրքորոշումներից արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմադիր չեն կարող լինել նաեւ ընտրություններին հնարավոր մասնակից արտախորհրդարանական ուժերը, ովքեր ամեն հարցում նաեւ Նիկոլ Փաշինյանին սատարելու խոստում եւ պատրաստակամություն են հայտնել: Իսկ եթե ոմանք իրենց հայտարարեն ընդդիմություն, դա կլինի ձեւական, ուղղակի՝ քաղաքական բազմազանություն ապահովելու համար եւ վերջ: ԵՒ մեծ է հավանականությունը, որ այս անգամ ի վերջո ընթանա գաղափարական պայքար, երբ քաղաքական ուժերը հայտարարեն ոչ թե իշխանությունը վերցնելու, այլ՝ խորհրդարանում ներգրավվածության պարագայում իրենց գաղափարները եւ ծրագրերն առաջ տանելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակից ուժերի ներկայացուցիչներից ճշտել` ինչ օրակարգով են մասնակցելու ընտրություններին եւ ինչ նպատակով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ցանկացած ուժ էլ ընտրություններին մասնակցում է իշխանության գալու նպատակով: «Մենք ինքնանպատակ չենք մասնակցում ընտրություններին: Մենք մեր ծրագրի հաղթանակի համար ենք մասնակցելու ընտրություններին, որպեսզի ժողովուրդը մեզ քվե տա, հավանություն տա, եւ մենք կարողանանք իշխանություն ձեւավորել: Ցանկացած քաղաքական ուժ այդ նպատակն է հետապնդում քաղաքական գործունեություն իրականացնելիս: Մենք որեւէ մեկին ոչ թե ընդդիմանում ենք, այլ ներկայացնում ենք մեր ծրագրերը հանրությանը, վերջինս էլ ում ավելի շատ ձայն կվստահի, նրանք էլ կառավարություն կձեւավորեն, եւ կիրականացնեն իրենց ծրագիրը», – նշեց նա:
Դիտարկմանը` ձգտելու են կառավարություն միայնակ ձեւավորել, թե Նիկոլ Փաշինյանի հետ, նա նշեց. «Դա կախված է տրված քվեներից: Գիտեք որ որեւէ կուսակցություն, եթե ցանկանում է միայնակ ձեւավորի կառավարություն, ապա պետք է ունենա բացարձակ մեծամասնություն, իսկ եթե չի ունենում, գնալու է կոռուպցիոն կառավարման ձեւավորման: Ժողովրդի քվեից պարզ կդառնա, թե որ ուղղությամբ կընթանա կառավարման համակարգը»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարելու են հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման: «Եվ ներկայացնելու ենք մեր ծրագիրը Հայաստանի Հանրապետության զարգացման, որը կնպաստի նաեւ հայկականությունը պահպանելու համար» – նշեց նա: Մարտիրոսյանի խոսքով` այժմ ֆորսմաժորային իրավիճակ է: «Գործող իշխանությանը, ղեկավարությանը մենք մեր աջակցությունը հայտնում ենք, մեր բերած իշխանությունն է, իսկ մնացածը պարզ կլինի ընտրություններին», – նշեց նա: Մարտիրոսյանը խորհուրդ տվեց չշտապել եւ չեզրակացնել, թե ընտրություններից հետո ընդդիմություն միայն ՀՀԿ-ն կլինի` խորհուրդ տալով սպասել ընտրություններին:
Ամեն դեպքում, առջեւում հետաքրքիր զարգացումներ են սպասվում, եւ շատ բաներ կախված են ընտրությունների ժամկետից եւ մինչ այդ տեղի ունեցող գործընթացներից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում սպասվող փոփոխություններն անխուսափելի են: Այդ տրամադրվածությունը չի թաքցնում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին ուղիղ եթերի ժամանակ նշել էր, թե ֆուտբոլում եւս փոփոխություններ պետք է տեղի ունենան: Եվ առաջին հերթին խոսքը ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոփոխության մասին է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու. հրաժարականի տեքստի հրապարակումն օրերի հարց է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննարկվում է նրան փոխարինողի երեք անուն: Առաջինն Ալեն Պողոսյանն է, ով Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, աշխարհի չեմպիոն: Ֆեդերացիաի նախագահի մյուս հավանական թեկնածուն Նիկիտա Սիմոնյանն է, ով այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը, իսկ 1973-74 եւ 1984-85 թթ. եղել է «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչը: Իսկ ահա երրորդ թեկնածուն հայտնի Յուրի Ջորկաեւֆն է, ում վերջերս նաեւ ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս դեպքում, սակայն, դեռեւս հարց է` վերջինս ամեն դեպքում կհամաձայնի, թե ոչ:
ՀՀԿ-ԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի դեմ դատական հայց է ներկայացրել երկու քաղաքացի. Նունե Սողոմոնյանը եւ Յուրի Պոպովը պահանջում են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀԿ-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչել եւ անվավերության հետեւանքներ կիրառել: Ի դեպ, դատարանում, բացի Հանրապետական կուսակցությունից նաեւ պատասխանող է հանդես գալու Երեւան քաղաքի կենտրոն տարածքի նոտարական գրասենյակը: Ըստ էության, վերոնշյալ անձինք կուսակցությանը տարածք են վաճառել, սակայն թավշյա հեղափոխությունից հետո փոշմանել ու պահանջում են պայմանագիրը չեղյալ համարել: Այս գործը քննելու է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը:
ՍՆԱՆԿԱՆԱԼՈՎ
Երեւանի քաղաքապետարանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով սնանկ ճանաչել Հայկ Արագածի Ախոյանին: Խոսքը ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի որդու մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայկ Ախոյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող, չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում կրտսեր Ախոյանի` քաղաքապետարանին ունեցած պարտքը կազմում է 1 մլն 206 հազար դրամ, որից ապառքը` 788 հազար դրամ, իսկ տույժը` 417 հազար դրամ: Բայց այս գումարը ամիսների ընթացքում աճել է` կազմելով ավելի քան 1.7 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանի հունիսի 28-ի որոշմամբ` Հայկ Արագածի Ախոյանը սնանկ է ճանաչվել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նրա հայրը եւս սնանկ ճանաչվեց:
ՓԱՇՈՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հրաժարական է տալու: Այդ մասին նա գրել էր ֆեյսբուքյան իր էջում: «Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ եւ վաղը (այսօր) առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին եւ նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը», – նշել է նա:
ԵՌԱՆԴ ԵՎ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, պատասխանեց հարցին, թե նախարարների մեծ մասը անփորձ լինելով կկարողանա՞ արդյոք այնպիսի գաղափարներ առաջ քաշել, որ ԵՄ-ն պատրաստ լինի օգնել, կա՞ թերահավատություն այդ ուղղությամբ: «Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք շատ անկեղծ են եւ հանձնառու են փոփոխություն բերել: Իհարկե, նրանցից ոմանք չունեն կառավարությունում աշխատելու փորձ, բայց նրանց գործունեության 2 ամսում ես տեսնում եմ եռանդ եւ հանձնառություն»,-նկատել է դեսպանը` խոսելով նոր նախարարների մասին: Սվիտալսկին հայտնել է, որ շաբաթվա վերջին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Նա հանդիպումներ կունենա նախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլ դոնորների հետ եւ կքննարկի աջակցությանը վերաբերող բոլոր հարցերը:
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրգործով պարզվել է Երեւանում գործող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառը: Մեղադրանք է առաջադրվել «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին: Պայթյունը տեղի է ունեցել 2018թ. ապրիլի 2-ի երեկոյան, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 9 քաղաքացի: Պայթյունի օջախը գտնվել է դեպքի վայր հանդիսացող արագ սննդի կետի առաջին հարկի սրահի վաճառականգնակի տակ` հատակի վրա: Պայթյունի պատճառ է հանդիսացել ճնշման տակ գտնվող, խախտումով տեղափոխված գլանանոթի` դժվարամատչելի վայրում խախտումով տեղադրումը, որի հետեւանքով տեղի է ունեցել գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, ինչը նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը` գլանանոթի մեջ ճնշման բարձրացմանը, որի հետեւանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ԽԱՆԴՈՅԱՆՆ ԱԶԱՏ Է
Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի եղբայրը` Արարատ Խանդոյանը, ազատ է արձակվել: Ա. Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասել է. «Արարատ Խանդոյանը, որը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման, ազատ է արձակվել: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի»: Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից, ձերբակալվել էր, այնուհետեւ կալանավորվել: