ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել եւ ԵՄ ղեկավարության ունեցած հանդիպումները տպավորիչ ստացվեցին։ Արեւմուտքը Փաշինյանին ընդունեց որպես ինքնիշխան երկրի ղեկավարի, որն օժտված է լեգիտիմության հսկայական պաշարով։ Դրանով հանդերձ՝ այցի ավարտին Փաշինյանի, այսպես ասած, դիտողությունը ԵՄ-ին հակասական արձագանքներ գտավ թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս։ Տպավորություն է, որ Հայաստանի նոր իշխանությունը հեղափոխական էյֆորիայով է փորձում պարուրել նաեւ եվրոպական գործընկերներին առանց նկատելու, որ արեւմուտքի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որեւէ առնչություն չունի ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարացման գործընթացների հետ։
Բրյուսելում արժանանալով ԵՄ ղեկավարների ջերմ ընդունելությանը` թվում էր, Նիկոլ Փաշինյանը փորձելու է կապիտալիզացնել այն ներքին հարաբերություններում։ Սակայն Բրյուսելի օդանավակայանում նա իր դժգոհությունն արտահայտեց Հայաստանի հանդեպ ԵՄ-ի վերաբերմունքից։ Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը ճշգրտի ու վերանայի, քանի որ հեղափոխությունից հետո ողջունելով ժողովրդավարացման գործընթացները՝ ԵՄ-ն ռեալ քաղաքական փոփոխություններ չի կատարել։ Իսկ հետեւյալ ձեւակերպմամբ Փաշինյանն ավելի է կոշտացրել իր հռետորաբանությունը. «Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, եւ կարծում ենք, որ պետք է կա՛մ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնեն, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխեն»: Փաշինյանի ակնկալիքները արեւմուտքից ակնհայտորեն արդարացված չեն։ Խնդիրն այն է, որ Հայաստանը արտաքին քաղաքականության հարցում որեւէ փոփոխություն չի իրականացրել, իսկ ԵՄ-ի եւ առհասարակ արեւմուտքի հիմնական մտահոգությունը հենց այդ կողմնորոշումային վերանայումն է։ Ըստ էության, նոր իշխանության արտաքին քաղաքականության մշակողները սխալ հաշվարկ էին կատարել առանց խորանալու ԵՄ-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների շուրջ։ Հարցը հավանաբար առաջին հերթին կադրային դաշտում է, քանի որ իշխանության առավել եւս արտաքին քաղաքականությունը մշակելու հարցում նշանակումները ծանոթության աստիճանով պայմանավորելը ոչ միայն բավարար հանգամանք չէ, այլեւ անգամ խաթարող գործոն է։
Միաժամանակ նոր իշխանության բացթողումը արտաքին հարաբերությունների վերաբերյալ կիսատ ընկալումն է։ Տպավորություն է, որ իշխանություններին թվում է, թե Հայաստանում հակակոռուպցիոն ակցիաների շրջանակներում ԵՄ-ն պետք է էականորեն փոխեր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Սակայն Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքը ոչ թե պայմանավորված է ներքին ժողովրդավարական գործընթացներով, այլ արտաքին կողմնորոշումով։ Եթե ԵՄ-ն Հայաստանի հանդեպ քաղաքականություն մշակեր` ներքին ժողովրդավարությունը հաշվի առնելով, ապա 2008թ. մարտի 1-ից հետո ամբողջ ԵՄ տարածքը պիտի փակվեր ՀՀ բոլոր պաշտոնյաների առաջ։ Ավելին՝ մեկը մեկից խայտառակ ընտրություններից հետո ԵՄ-ն մեծացնում էր Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը, ինչը կրկին խոսում է նոր իշխանությունների մոտ ձեւավորված թյուրընկալման մասին։ ԵՄ-ի համար Հայաստանի հետ հարաբերություններն առաջնահերթորեն փոխկապակցված են ՀՀ-ՌԴ դաշնակցությանը, եւ այստեղ որքան էլ Հայաստանը փորձի հավասարակշիռ երեւալ, իրավիճակը չի մեղմվելու։ Ինչպես պիտի ԵՄ-ի ղեկավարությանը համոզես Հայաստանին տրվելիք ֆինանսական միջոցները ավելացնել, եթե հեղափոխությամբ ձեւավորված իշխանության արտերկրյա առաջին այցը կատարվեց Ռուսաստան, իսկ Բրյուսելի հերթը հասավ միայն իշխանափոխությունից 2 ամիս հետո։ Սրանք մանր, սակայն խորհրդանշական իրողություններ են, որոնց հատկապես պետք է ուշադրություն դարձնեն նոր իշխանության արտաքին քաղաքականության պատասխանատուները։ Եվ զարմանալի չէ, որ նախօրեին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին առանց դիվանագիտական զսպվածության հռետորական հարց բարձրացրեց, թե այդ ինչ նոր իրողությունների ու փոփոխությունների հիման վրա ԵՄ-ը պետք է վերանայի ՀՀ-ի հանդեպ տարվող իր քաղաքականությունը։ Դեսպանն անթաքույց ակնարկեց, որ այդ քաղաքականությունը կարող է փոխվել նոր փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ վերանայել ԵՄ-ի հետ նախորդ կառավարության կնքած համաձայնագիրը, որը, ըստ էության, իր հերթին առավելագույնն էր, ինչ կարող էր ԵԱՏՄ-ի անդամ պետությունը ստանալ ԵՄ-ից։
Ըստ էության, Հայաստանի նոր իշխանությունները թյուրըմբռնում են ունեցել ԵՄ-ի հայտարարությունների հարցում՝ ժողովրդավարական զարգացումների հանդեպ ողջույնը շփոթելով առարկայական աջակցության հետ։ Սա հայկական ընկալման՝ արեւմտյան քաղաքականության նկատմամբ ավանադական շփոթներից է։ Եվ այդ թյուրընկալումը դարերով կարծրացած պատմություն ունի՝ սկսած դեռեւս արեւմուտքի խաչակրաց ազատարար բանակների համազգային սպասումով։ Ի դեպ, 1998թ. Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նման թյուրըմբռնում ունեին` հայկական սփյուռքի հետ կապված, երբ պնդում էին, որ սփյուռքը տարեկան 300-400 միլիոն դոլարի ներդրում է անելու Հայաստանում։ Արդյունքում նախորդ 20 տարիներին Հայաստանը սփյուռքից ստացավ միջինում մոտ 10 միլիոն դոլար՝ սնանկ ճանաչելով 1998թ. պալատական հեղաշրջման կատարողների թեզը։ Իսկ ինչ վերաբերում է արեւմուտքի քաղաքականության վերանայման հանդեպ ունեցած սպասմանը, ապա այդ մոլորությունից պետք է շուտափույթ հրաժարվել։ Քանի դեռ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով կենսունակ պետություն չի դարձել, արեւմուտքի համար այն հետաքրքրություն է ներկայացնելու բացառապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ծիրում։ Անշուշտ, Հայաստանը չի կարող խաչ քաշել ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային ռիսկերը, որոնք նվազեցնելու ուղղությամբ էլ Եվրոպան որեւէ հուսալի առաջարկ, էլ ուր մնաց երաշխիք չի տալիս։ Ուստի առայժմ հարկ է կենտրոնանալ ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններ կառուցելու վրա առանց լարվածություն սերմանելու միտված հրապարակային դժգոհությունների։ Ընդդիմության կարգավիճակով նման հայտարարությունները գուցե թույլատրելի են, սակայն ոչ երբեք իշխանության առաջին դեմքի շուրթերից։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՈՒՄԸ
Հուլիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ուր ասվում է ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Ղազախի շրջանի ուղղությամբ սահմանին ոտնձգության փորձի կանխման, «հայ հետախույզ» 1984թ. ծնված Կարեն Ղազարյանի գերի վերցվելու մասին: ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների եւ անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կ. Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար: ԿԽՄԿ Երեւանյան գրասենյակը զգուշացված է Կ. Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ 34-ամյա Կ. Ղազարյանը ամուսնացած չէ, չի աշխատում, առողջական խնդիրներ ունի: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Նաիրա Քառյանը հայտնեց, որ 2013թ. Կ. Ղազարյանը Նոյեմբերյանի ԲԿ-ի հոգեբույժի դիսպանսեր-կաբինետում որպես հոգեկան հիվանդ հաշվառված է: Կ. Ղազարյանը բնակվում էր սահմանամերձ Բերդավանում իր ծնողների հետ. նրա մայրը Բերդավանի դպրոցում ուսուցչուհի է: Ծնողներն ասում են, որ հուլիսի լույս 15-ի գիշերը` ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, Կարենն իրենց տանն արթնացել է, ջուր խմել, հետո նրան չեն տեսել: Հուլիսի 15-ի առավոտյան` ժամը 11-ի սահմաններում, հանրապետության քաղաքներից մեկում բնակվող Ղազարյանների բարեկամներից մեկը, համացանցում տեսնելով Կ. Ղազարյանի մասին լուրը, զանգահարել է նրա ծնողին եւ հարցրել, թե որտեղ է Կարենը, ծնողն ասել է, թե Կարենը տանը կլինի, երեւի ուշ է արթնացել: Կ. Ղազարյանի հայրական տունը գտնվում է Բերդավանի ծայրին, սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Վերջին տարիներին Ադրբեջանի տարածքում են հայտնվել Տավուշի սահմանագոտու բազում բնակիչներ` Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ Մամիկոն եւ Արսեն Խոջոյանները, Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը, Կոթիի բնակիչ Լուսիկ Աբովյանը: Կարեն Պետրոսյանին ադրբեջանցի ելուզակները խոշտանգելով սպանեցին, Մամիկոն Խոջոյանն այդ խոշտանգումների հետեւանքով Հայաստան վերադառնալուց հետո մահացավ, Արսեն Խոջոյանը ադրբեջանական դժոխքից վերադարձից հետո Բերդի տարածաշրջանում անչափահաս աղջկա սպանություն կատարեց, հիմա բանտում է: Ադրբեջանի սահմանամերձ գյուղերն ավելի խոշոր են, դրանց բնակչությունը` ավելի մեծ: Ադրբեջանում հոգեկան հիվանդների թիվն ավելի մեծ է: Ինչո՞ւ վերջին տարիներին հոգեկան հիվանդ մի ադրբեջանցի չհայտնվեց Հայաստանի պաշտպանական դիրքերում կամ մեր սահմանամերձ գյուղերում: Եթե հայաստանցի անառողջ մարդը կարողանում է անարգել անցնել սահմանը, հայտնվել Ադրբեջանում, ուրեմն ադրբեջանցի դիվերսանտներն էլ կարող են Հայաստանում հայտնվել: Հարկ է ուժեղացնել սահմանի պահպանությունը, այդ գործում ներդնել նորագույն սարքավորումներ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՄԵՍՏ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԻՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԵՅԱՆԸ
Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, ով արդեն 15 տարի զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, զարմանալիորեն համեստ ունեցվածք ունի:
Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան: Սեփական ավտոմեքենա չունի: Համենայնդեպս, հայտարարագրում չկա նշված: Որպես եկամուտ հայտարարագրել է միայն քաղաքապետարանից ստացված աշխատավարձը՝ ամսական 384 հազար դրամ: Նույնն է նաեւ դրամական միջոցների դեպքում: Հայտարարագրում ցույց է տվել փոքր գումարներ՝ 550 հազար դրամ:
Իսկ ահա նրա տիկինը` Արմենուհի Հարությունյանը, այնքան էլ աշխատավարձի հույսով չի ապրում: Նրա դրամական միջոցը կազմել է անցած տարեվերջին 350 հազար դրամ: Փոխարենը Արեյանի տիկինը անցած տարեվերջին ունեցել է 51 հազար 700 դոլարի չափով փոխառություն: Բացի այս, նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը` ամսական 152 հազար դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված 122 դոլարը եւ մեկ ընկերությունից 7 մլն 920 հազար դրամի չափով ստացած շահաբաժինը: Բանն այն է, որ Արմենուհի Հարությունյանը մի քանի առեւտրային կազմակերպություններում բաժնետեր է եւ ղեկավար: Ի դեպ, նրան է պատկանում զբոսաշրջության ոլորտում հայտնի «Արմանե Երկիր» ընկերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությունը սոցփաթեթի շրջանակներում պետական հատվածում աշխատողներին ծառայություններ է մատուցել: Մեկ այլ ընկերություն էլ է կապվում Արմենուհի Հարությունյանի հետ: Խոսքը «Մոդդ Իվենս»-ի մասին է, որի բաժնեմասի մեծ մասը պատկանում է նրա քրոջը` Շուշանիկ Հարությունյանին: Նշենք, որ այս ընկերությունը կորպորատիվ միջոցառումներ է կազմակերպում, իր մասնաճյուղն ունի ԱՄՆ-ում: Արեյանի ընտանիքի բիզնեսը այս ամենով չի սահմանափակվում. «Մոդ Արտ» ընկերությունը պատկանում է նրա որդուն` Մհեր Արեյանին: Իսկ ահա մյուս որդին` Վահագն Արեյանը, անհատ ձեռնարկատեր է: Ի դեպ, հետաքրքրիր է, թե ինչու նրա երկու որդիներն էլ հայտարարագիր չեն ներկայացրել: Չէ որ երկուսն էլ Արեյանի հետ փոխկապակցված անձինք են:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ