«ԻՆՁ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԵՐԿՐՊԱԳՈՒԻՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԿԳՐԿԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ Վան Եղիազարյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, պարզել, թե այս կամ այն իրավիճակում իրեն ինչպես կդրսեւորեր երգիչը: Նա պատասխանել է այն հարցերին, թե ում կերպարն է իրեն երբեւէ ոգեշնչել, եւ ինչպես է կարողանում դուրս գալ անելանելի վիճակներից: Վանն անդրադարձել է նաեւ աղջիկ երկրպագուներից շատերին հուզող հարցերի:

-Միշտ հավատացել եք, որ կարող եք…
-Թռչել:
-Ռեինկարնացիա, թե՞ հավիտենական կյանք:
-Ռեինկարնացիա: Հավիտենական կյանքը երեւի ձանձրալի կլիներ:
-Երբ սկսեցիք հետաքրքրվել քաղաքականությամբ, հասկացաք, որ…
-Պետք չէ հետաքրքրվել քաղաքականությամբ: Ամեն մարդ պետք է զբաղվի այն բանով, ինչն իր մոտ լավ է ստացվում: Ամեն դեպքում, պետք է տեղեկացված լինել երկրի անցուդարձից, հարկավոր է քաղաքացիական դիրքորոշում ունենալ:
-Եթե չլինեիք բեմի մարդ, կնախընտրեիք լինել…
-Բեմի ստրուկ (ծիծաղում է): Ես կարող էի լինել ֆուտբոլիստ. փոքր տարիքից ունեցել եմ այդ պոտենցիալը: Կարող էի լինել մարքեթոլոգ. ավարտել եմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: Բայց ամենաշատը բեմի մարդ լինելն է իմ սրտով: Ի դեպ, ինձ առաջարկել են լինել բեմի մարդ, բայց ոչ երգիչ, այլ դերասան: Դեռ չգիտեմ՝ կընդունեմ այդ առաջարկը, թե ոչ: Բայց ամենաշատը ուզեցել եմ կիթառահար լինել, հետագայում ավելացավ նաեւ վոկալը:
-Ո՞ր նկարչին կվստահեիք Ձեր դիմանկարը:
-Լեոնարդո դա Վինչիին:
-Երբ Ձեզ թվում է, որ անելանելի վիճակում եք…
-Վերցնում եմ կիթառն ու սկսում եմ քթիս տակ մի մեղեդի երգել: Հենց այդ անելանելի իրավիճակներից շատերի ժամանակ են երգեր ծնվում: Գրեթե բոլոր այն երգերը, որոնք ցինիկ տեքստեր չունեն, այլ գրված են խորը բառերով, այդպես են կյանքի կոչվել:
-Հաղթում է նա, ով…
-Իրական է, կեղծ չէ, ով գիտի՝ ուր է գնում:
-Ո՞ւմ կերպարն է Ձեզ միշտ ոգեշնչել:
-Ամեն շրջանում ինձ տարբեր կերպարներ են ոգեշնչել, հիմնականում երաժիշտներ: Ամենամեծ ազդեցությունն իմ կյանքում Ջոն Լենոնն է ունեցել, ապա կարելի է նշել Լեոնարդ Քոհենի անունը: Հիմնականում հեղինակ կատարողներն են ինձ հետաքրքրել, քանի որ տեսել եմ, թե ինչպես են նրանք կյանքը վերածել երգի: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ արտիստը հանդես է գալիս սեփական մտքերով, ինքն ապրում է, ինքը գրում է, ինքն էլ ներակայացնում է ապրածը:
-Ի՞նչ կասեք Ձեզ սիրահարված երկրպագուին:
-Պարզապես կգրկեմ նրան:
-Ո՞ր ֆիլմում կցանկանայիք նկարահանվել:
-«Life is beautiful», իտալական ֆիլմ է:
-Ձեզ հիմնականում նախանձում են նրանք, ովքեր…
-Դեռ ինքնահաստատված չեն:
-Երկու հատկություն, որոնցով տղամարդն անպայման պետք է օժտված լինի:
-Հումորի զգացում եւ խիզախություն:
-Ձեր կողքի կինը պետք է լինի մեկը, ով…
-Կհասկանա իմ՝ հինգ րոպեն մեկ փոփոխվող տրամադրության պատճառը:
-Եթե Դուք լինեիք երկրի նախագահը…
-Հրաժարական կտայի:
-Պահ, որ մի ամբողջ կյանք արժեր:
-Հորս հետ անցկացրած ամեն մի վայրկյանը: Նրան վերջերս եմ կորցրել…
-Ձեր բնավորության ամենաուժեղ գիծը համարում եք…
-Կամք ունենալը:
-Երբեք չեք ներում այն մարդուն, որը…
-Դավաճանում է:
-Նկարագրեք՝ ըստ Ձեզ՝ որո՞նք են հանգստի համար իդեալական պայմանները:
-Մնալ տանը, լինել միայնակ, ձեռքի տակ ունենալ երաժշտական որեւէ գործիք: Հաճախ ստեղծագործելու ընթացքը հենց հանգստանալու ընթացքն է:
-Հակահերոսներից ամենաշատը Ձեզ հետաքրքրում է…
-«American History X» ֆիլմից ռասիստի կերպարը: Իսկապես հետաքրքիր տեսակ է:
-Այս հարցերից ո՞րն ամենաշատը Ձեզ դուր եկավ:
-Դիմանկարի մասին հարցը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՃՊԱՐԱՐ ՉԷ»

Ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյը պատրաստվում է ամռանը մեկնել ծովափնյա որեւէ երկիր հանգստանալու: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ չնայած իր հախուռն բնավորությանը՝ պասիվ հանգստի կողմնակից է. «Նախորդ տարի աշխատանքային պրոցեսի մեջ էի, նաեւ կրտսեր բալիկս դեռ փոքր էր, այդ պատճառով այդպես էլ չմեկնեցի հանգստի, բայց այս տարի արդեն բացը կլրացնեմ»,-ասաց նա:

Մենք հարցրինք՝ գործնական կյանքում ինչ նորություններ ունի Թինան: Նա նշեց, որ աշխատում է նոր երգի տեսահոլովակի վրա. այն ռուսերեն ստեղծագործություն է: Հարցին, թե ինչու է միշտ ռուսերեն երգում, Թինան պատասխանեց. «Իմ ձայնի տեմբրին հարմար է ռուսերենը, թեեւ ասեմ, որ հոյակապ երգում եմ նաեւ, օրինակ, հայկական ժողովրդական երգեր, բայց ժողովրդականը իմ ոճը չէ»:
Թինան` որպես պարուհի, եւս նորություն է պատրաստում. «Մտադիր եմ մի նախագիծ կյանքի կոչել, եթե ստացվի, պայթյուն կլինի»,-ասաց նա՝ դեռեւս չբացելով փակագծերը:
Մեր զրուցակիցը տեւական ժամանակ էր՝ արտերկրում էր, եւ երբ վերադարձել է հայրենիք, իր խոսքով, մարդկանց դեմքերին ժպիտ եւ հույս է հայտնաբերել:
«Ինձ համար միեւնույն է՝ ով է կառավարում երկիրը, կարեւորն այն է, որ մեր ժողովուրդը լավ ապրի, որ այն խրախճանքն ու հաղթանակը, որ վայելեց ամիսներ առաջ, իզուր չանցնի»,-շեշտեց Թինան:
Նրա խոսքով՝ վերջին երեսուն տարում մեր երկիրը «կերել» եւ «ավերել են», ուստի նոր կառավարության համար դժվար է լինելու արագ տեմպերով դրական տեղաշարժեր գրանցել. «Նիկոլ Փաշինյանն աճպարար չէ, որ կախարդական փայտիկով մեր երկրի ահռելի բացերը կարողանա լրացնել»,-կարծիք հայտնեց պարուհին՝ հույս հայտնելով, որ մեր ազգը, այնուամենայնիվ, հերթական անգամ կոտրվելու առիթ չի ունենա:
Թինան նախընտրելի կուսակցություն չունի եւ քաղաքական «խաղերի» մեջ իրեն՝ որպես արտիստուհի, չի տեսնում. «Ոչ մի կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթ չեմ ունեցել, ինձ այդ միջոցով աշխատած գումարը պետք չէ: Ես միայն իմ ժողովրդի համար եմ պատրաստ ելույթ ունենալ»,-եզրափակեց նա:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում փոխել ակումբը: «Ես պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ եւ երջանիկ եմ այդ թիմում: Հիմա բացարձակ հնարավոր չէ իմ տեղափոխությունը «Ռեալ»: Եզրափակչում խփածս գոլը եւ այս տարիքում աշխարհի չեմպիոն դառնալն անհավանական է: Երջանիկ եմ, որ աշխատանքս տվեց արդյունք: Բայց սա իմ կարիերայի միայն սկիզբն է, պետք է շարունակեմ նույն ոգով»,-ասել է Մբապեն:
Հիշեցնենք, որ 19-ամյա Մբապեն Ռուսաստանում ավարտված առաջնությունում խփել է չորս գոլ: Ֆրանսիան եզրափակիչում 4:2 հաշվով հաղթել է Խորվաթիային՝ 20 տարի անց նվաճելով երկրորդ գավաթը:

 

 

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Ֆրանսիան ֆուտբոլ չէր խաղում, սպասում էր իր շանսին եւ գոլ խփում, ասել է Խորվաթիայի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Դեյան Լովրենը` մեկնաբանելով աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականից 2:4 հաշվով կրած պարտությունը: «Մենք ավելի լավն էինք եզրափակիչում: Ես հիասթափված եմ, քանի որ պարտվեցինք մի խաղում, որում մրցակցից լավն էինք: Նրանք հետեւողական եղան իրենց մարտավարությունում այս աշխարհի առաջնությունում անցկացրած բոլոր հանդիպումներում: Հպարտ եմ, որ Խորվաթիայի հավաքականն այժմ երկրորդն է աշխարհում: Եղան որոշումներ, որոնց համար ափսոսում ենք, բայց հիմա այդ ամենը ոչ մի նշանակություն չունի»,- ասել է Լովրեն:
Հիշեցնենք, որ Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ էր հասել եզրափակիչ:

 

 

ԽԶԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին եւ այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիան փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, այս մասին տեղեկացնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Մարզիչը 8 միլիոն դոլարի փոխարեն կստանա 2 միլիոն դոլար փոխհատուցում համագործակցությունը նախատեսվածից շուտ դադարեցնելու համար: Սամպաոլին Արգենտինայի հավաքականը գլխավորել էր 2017 թվականին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Արգենտինայի թիմը խմբային փուլում 1:1 հաշվով խաղաց Իսլանդիայի հետ, 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին, 2:1 հաշվով հաղթեց Նիգերիային, իսկ 1/8 եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Ֆրանսիային:




Լրահոս