92 հազար եվրոյի փոխարեն 2410 եվրո. Միեդի վճիռն ընդդեմ Հայաստանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը հատկացնելու է 2410 եվրոյին համարժեք դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված գումարը ԱՆ պարտավոր է փոխհատուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով մարտի 29-ի վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Տեղեկացնենք, որ նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունիսի 29-ին: Իսկ վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է: ArmLur.am-պարզեց, որ Կարեն Պողոսյանը դիմումում նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի` արդար դատաքննության իրավունքի եւ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության իրավունքի խախտում։ Բանն այն է, որ դիմումատուն առանց թույլտվության Երեւանի արվարձաններից մեկում 1000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն, որը բաղկացած է եղել պահեստից ու անավարտ շինությունից: Եւ 2001 թվականին դիմումատուն հատուկ հայց էր ներկայացրել առաջին ատյանի դատարան` պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը: Քաղաքացու հայցը բավարարվել էր: Ավելին նրան տրվել էր սեփականության վկայական: Բայց 2009 թվականին գլխավոր դատախազի տեղակալն առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել` պահանջելով բեկանել այն եւ մերժել դիմումատուի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը: Վերաքննիչ բողոքները բավարարվել էին: Բայց 2016 թվականի մարտի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել էր, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ:

Արդյունքում ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է բարոյական վնասի համար դիմումատուին վճարել 1000 եվրո եւ 1410 եվրո` դատական ծախսերի համար։ Այն դեպքում, երբ դիմումատուն պահանջել էր 92 հազար եվրո:

Ս.Հ.




Լրահոս