Աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը վերջնականորեն չարաշահել է երեւանցիների համբերությունը: Երեւանի բնակիչներին խիստ զայրացրել է ընկերության անգործությունը: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ ընկերությունը չի իրականացնում պայմանագրով սահմանված պարտավորությունները: Իսկ այս ընթացքում Երեւանը կանգնած է համաճարակի բռնկման վտանգի առաջ: Տեղեկացնենք, որ «Սանիտեք»-ի տնօրեն Նիկոլաս Տավինը, ի վերջո, բարեհաճել է խոսել, թե ինչն է պատճառը, որ ընկերությունը պատշաճ չի իրականացնում քաղաքում աղբահանությունը:
Նրա խոսքերով` հիմնական պատճառներից մեկը տրանսպորտի տեխնիկական անսարքություններն են: Այս խնդիրների լուծման նպատակով էլ ընկերությունը պատվիրել է նոր բեռնատարներ: Ինչի արդյունքում նախատեսվում է ներդնել առնվազն 500–600 հազար դոլար: Ապա արդարացել է` նշելով, որ ընկերությունը զգալի վնասներ է կրում աղբարկղերի հետ առաջացած խնդիրների պատճառով. ամեն օր աղբարկղեր են կոտրվում ու այրվում: Ըստ Նիկոլաս Տավինի` այս ամենի արդյունքում ընկերությունն արդեն կորցրել է մոտ 600 հազար դոլար: Մինչ ընկերության տնօրենն ուշացած արդարանում է հանրության առաջ, նկատենք՝ Երեւանում աղբահանության խնդիրն օրեցօր ավելի սուր բնույթ է կրում, եւ առանց չափազանցնելու, մայրաքաղաքի բնակիչները հայտնվել են համաճարակի առաջ: Իսկ ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամները պահանջում են, որ «Սանիտեք»-ը պատշաճ իրականացնի իր պարտականությունները, այլապես խոստանում են դիմել Երեւանի քաղաքապետարան «Սանիտեք»-ի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծարելու նպատակով։
Սյունէ Համբարձումյան